Ո՞վ է սև PR անում ՕԵԿ-ի դեմ


Այս հարցի պատասխանը, թվում էր` բոլորին է հայտնի: Համենայն դեպս` բոլոր նրանց, ովքեր քիչ թե շատ քաղաքական տեսողություն ունեն: Վերջապես, սակայն, դա բարձրաձայնելու վճռականությամբ հանդես եկավ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, ում խոսքը ոմանց համար քողազերծող է դառնում, ոմանց` հավատ ներշնչում: - Արձագանքելով ՕԵԿ-ի կողմից հնչած բազմաթիվ հորդորներին` բանավեճը տանել քաղաքական դաշտ, քաղաքական հարթություն` քաղաքական խնդիրների շուրջ ես ուզում եմ օրինակ ծառայել, թե ինչպես է քաղաքական մրցակիցը կամ հակառակորդը ընդունում իր ընդդիմախոսի առաջարկը, տակտը: Նախևառաջ փորձենք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում սև PR: Կարծում եմ` այն նշանակում է ակնհայտ ստի, կեղծիքի, հերյուրանքի տարածում` որևէ մեկին վարկաբեկելու նպատակով: Այս տեսանկյունով ուզում եմ իմ անձնական կարծիքը հայտնել, թե ովքեր են զբաղվում Արթուր Բաղդասարյանի սև PR-ով: Ակնհայտ է, որ դա նախագահական ապարատը չէ, որովհետև նախագահի մամլո խոսնակը արտահայտվել է այս մասին` ցրելով բոլոր կասկածները: Ակնհայտ է, որ դա ՀՀԿ-ն չէ, որովհետև ՕԵԿ-ը չի համարվում մեր հիմնական հակառակորդը խորհրդարանական ընտրություններում: Ա. Բաղդասարյանի սև PR-ը իրականացնում են հենց իր կուսակիցները: Օրինակ` իր գործընկեր Մհեր Շահգելդյանը հայտարարել է, թե իբր Ա. Բաղդասարյանը հարցազրույց է տվել արտասահմանյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերություններին: Մենք նրա նշած պարբերականների ինտերնետային կայք-էջերում այդպես էլ չգտանք այդ հարցազրույցները: Սուտ լուրերի, այսինքն սև PR-ի տարածմամբ զբաղվում է կուսակցության պաշտոնաթերթը: Անցած շաբաթվա համարի առաջին էջում տպագրված է մեջբերում իբր Բի-Բի-Սի-ին տրված Ա. Բաղդասարյանի հարցազրույցից: Բի-Բի-Սի-իի ոչ մի կայք-էջում նույնպես մենք այդ հարցազրույցը չգտանք: ՕԵԿ երիտասարդական թևը ՀՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ խոստացավ տալ այդ հարցազրույցների տեքստերը. իմ բազմաթիվ ծանոթ լրագրողներին նույնպես խոստացել են տրամադրել այդ նյութերի բնօրինակները կամ պատճենները: Բայց մինչև հիմա դեռ չեն տվել: Ելնելով այս ամենից` կարելի է եզրակացնել, որ Բաղդասարյանի սև PR-ով զբաղվում է հենց իր մերձավոր շրջապատը: Բանախոսը պատասխանեց նաև «Ավանգարդի» հարցերին: - Ձեր խոսքում Դուք ասացիք, որ Ա. Բաղդասարյանի նկատմամբ սև PR են իրագործում իր կուսակիցները: Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ ամենն ուղղակի վատ կազմակերպված գովազդ է: - Եթե կազմակերպված գովազդը հակառակ արդյունք է տալիս, ապա թող իրենք մտածեն, թե ինչո՞ւ է այդպես ստացվում: Եվ ոչ թե դատախազին նամակներ գրեն ու ինձ մեղադրեն, թե ես եմ կազմակերպիչը: - Մի քանի օր առաջ այս սրահում Վ. Դալլաքյանը հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմական ծախսերին հատկացվող գումարը գրեթե հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին: Սա մեզ պե՞տք է մտահոգի: - Այս մասին իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀԿ խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Իրենց ռազմական բյուջեները մեծացրել են մեր երկու հարևանները: Վրաստանն այդ առումով միջազգային մակարդակով նույնիսկ առաջատար է: Մենք էլ ստիպված պետք է գնանք այդ քայլին: Բայց նկատի ունեցեք, որ Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը նպատակ ունի ոչ միայն և ոչ այնքան երկրի անվտանգությունը ապահովելու, բանակի մարտունակությունը բարձրացնելու, որքան մի շարք գեներալների մուտք դեպի նավթային կերակրատաշտակից առաջացած փողերը: