Զգույշ, ինքնակամ է


«Երևան քաղաքում շինարարությունը կարծես թե ավելի վերահսկելի է դարձել»: «Կարծես թե»-ն պատահակա՞ն էր Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանի խոսքում, թե՞ իմաստավորված: Հակված ենք կարծել, որ մայրաքաղաքում շինարարության վերահսկելիությու նը վերապահությամբ ներկայացնելն ավելի ճիշտ է: Վերջին շրջանում ինքնակամ խոշորածավալ բնույթի կառուցապատումներ (մեծ շենքեր, գազալցակայաններ, օբյեկտներ) քաղաքում չեն իրականացվում: Սակայն դա դեռ չի նշանակում, որ երևանցիների` ինքնակամ շինարարություն անելու ախորժակն իսպառ վերացել է, և քաղաքը դրանից բոլորովին զերծ է: Հ. Մուրադյանի ներկայացմամբ նման նախաձեռնումներ դեռևս կան: Քաղաքապետարանն իր աշխատանքի առյուծի բաժինն ուղղում է ինքնակամ շինարարությունը նախաձեռնումների փուլում կանխելուն: Սա` ինքնակամին: Պարզվում է, աշխատանքի մի բաժին էլ օրինական ձևակերպումներով ընթացող շինարարությանն է պետք ուղղել: Բանն այն է, որ հայերս շինարար ժողովուրդ ենք, ճարտարապետի դեր ստանձնելու մոլուցք ունենք և սիրում ենք մեր կառուցածին սեփական լուծումներ տալ: Սակայն, այսպիսի ինքնագործունեությունը մարսելը այնքան էլ հեշտ չէ: Հապա փորձեք: Ձեզ կստիպեն Ձեր իսկ ձեռքով վերացնել շեղումները: Հետո՞ ինչ, որ մամուլն օրական հազարումի շեղման մասին է ազդարարում: Շեղումները վերացնելու մեջ էլ կարող են շեղումներ լինել: Մեր ժամանակներում մարդիկ ինչի՞ց են շեղվում: Մի խոսքով, կառուցապատողներին մնում է այս ամենը լավ իմանալ և միշտ հիշել` առանց քաղաքապետարանի թրի տակով անցնելու` ոչ մի կառուցապատում: Մարդկանց` ինքնակամ շինարարություն անելու ախորժակը նաև օրենսդրությամբ է չափավորվել. տուգանք է սահմանված, ահագին էլ` շատ: Արձանագրություն կկազմեն անօրինական կառուցապատման մասին, կամ` ոչ, միևնույն է, երկու դեպքում էլ կառուցապատողի գրպանը կթեթևանա: Տարբերությունը տուգանքի և մաղարիչի չափերի մեջ է ընդամենը: Կփորձի՞ քաղաքացին ինքնակամ կառուցել, եթե քաջ գիտենա, որ ինքնակամ կառույցը պետության սեփականությունն է: Կառուցել ես պետության հողի վրա, կառուցել ես քեզուգլուխ ու երբեք ու երբեք դրա տերը չես լինի: Մի փոքր էլ այս կարգն է նվազեցրել քաղաքում ինքնակամ շինարարությունը, այն իրականացնողների թիվը: Իսկ եթե, այնուամենայնիվ, քաղաքացին ուզում է (և, իհարկե, ուզում է), որ այն իրենը դառնա, կարող է պետությունից գնել... ի՞նչը, իր կառուցա՞ծը: Այո, այո, ճիշտ այդպես` իր կառուցածը: Ինքնակամները հայտատուներին կվաճառվեն կառավարության կողմից սահմանված սակագներով, որոնց չափերը պայմանավորված են ինքնակամ կառույցի գործառնական նշանակությամբ: