Դրանք առայժմ գետնի տակ են


Ժամանակ առ ժամանակ մեր չինովնիկները հուսադրող-ոգևորող, հավատալի-անհավատալիի սահմանագծում տարուբերվող մի միտք են հրամցնում հասարակությանը` հայտնագործության պես: Դա առանձնապես հետաքրքիր է, երբ խոսքի նետը հասնում է ժողովրդի ցավոտ տեղին` սոցիալականին: Ասենք` եթե այսպես, ապա շուտով մենք հարուստ ու բարգավաճ երկիր կունենանք: Ով հիշողությունից չի դժգոհում, թող փորձի վերհիշել. ժամանակին մեզ ասացին, թե մեր հանքային ջուրն իսկ բավական է, որ մենք մեզ կարողանանք պահել, որպիսի հավատո ժամանակներ էին, և ժողովուրդը հավատաց, որ աշխարհը, պապակ ու տոչոր, սպասում է մեր ջրին` համ ծարավը հագեցնելու, համ էլ բուժվելու: Իսկ փոխարենը միջազգային շուկաներից արտարժույթը հոսելու էր Հայաստան: ...Պատրանք էր` անցավ: Ոչ տվեցինք, ոչ առանք: Ոչ էլ որևէ մեկը մեզ բացատրեց` ինչո՞ւ: Վաղեմի հիշողություններին տրվելու առիթը բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի ճեպազրույցն է: Կառավարությունը երկրի ընդերքի օգտագործման կարգ է սահմանել: Մինչ այժմ ընդերքի օգտագործման իրավունք ստանում էր նա, ով առաջինը դիմում էր: Ըստ նոր կարգի, այդ իրավունքն այսուհետ պետք է նվաճել` մրցույթով և աճուրդով: Իսկ հանքավայրերի, ընդերքի հարստությունների շահագործումը բյուջեալցման երանելի և իրական հնարավորություն է: Ֆինանսական միջոցներ են, որ պիտի հոսեն բյուջե: Իսկ որ պիտի հոսեն, նախարարը կասկած չունի: Նա ունի փաստ ու փաստարկ. հետաքրքրությունը հանքավայրերի և երևակումների նկատմամբ կտրուկ աճել է: Պատկան մարմինն էլ ուսումնասիրել է հանքավայրերը շահագործելու միջազգային փորձը: Մեզ մնում է Աստծո տված բնական բարիքները ռացիոնալ` մեզանպաստ օգտագործել, և գումարները ոտ առած ճամփա կընկնեն բյուջե: «Ամենաթերահավատ հաշվարկներով հանքավայրերի շահագործումը կարող է տարեկան 200-500 մլն դոլարի ներդրում ապահովել: Հիմա մտորե՞նք, թե՞ չմտորենք. մեր երկրի ընդերքը հարուստ է (էլ ոսկի, էլ նավթ, ցեմենտ ու մոլիբդեն), շահագործել ցանկացողները կան, ներուժն էլ ունենք ու ունենք: Եվ ո՜նց ենք այս հնարավորությունը մինչև հիմա ձեռքներիցս բաց թողել: Տարիներ շարունակ գլուխ ենք կոտրել, թե ինչ միջոցներով բյուջե լցնենք, ապավինել ենք վարկերին ու պարտքերին` մեր սերունդներին թողնելով «հարուստ» ժառանգություն: Իսկ մեր հարստությունը, մեր թանկ «պահուստը» թողել ենք գետնի տակ: Ահա և եկել է սեփական ունեցվածքը գետնի տակից հանելու և մեզ ծառայեցնելու ժամանակը: Մանավանդ, ընտրություններից առաջ դա լավ է ստացվում: Թեկուզ այդպես: Միայն թե մի անգամ հավատանք ու չհավատազրկվենք:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ