ՍԱՆ. ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ


«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին: Վերցրեք երեխաներին. մենք էլի կծնենք: Բայց հողերին մեր ձեռք չտաք»: Հոն իշխանները` Չինաստանին 1878 թ. հուլիսի 1-ին Ավստրո-Հունգարիայի և Անգլիայի համառ պահանջների արդյունքում Բեռլինում գումարվեց միջազգային վեհաժողով` միտված բացառապես Սան-Ստեֆանոյի պայմանագրի հոդվածների վերանայմանը: Կարծում եմ` ընթերցողներից և ոչ մեկն այդ նախաձեռնության պարփակած իմաստի արժեվորման ժամանակ չի ընկնի մոլորության մեջ` այն հետամուտ էր հնարավորինս նվազեցնել Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի տարած փայլուն հաղթանակի պտուղները: Վեհաժողովին, լիակատար իրավահավասարության հիմունքներով, քննարկվող բոլոր հարցերի մտքերի փոխանակությանը և վերջնական որոշումների ընդունմանը մասնակցում էին 7 երկրների` Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Թուրքիայի լիազոր ներկայացուցիչները: Նիստերի անփոփոխ նախագահն էր Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկը: Միայն իրենց հետ առնչվող հարցերի քննարկման ժամանակ, որպես ընծայված բացառիկ մեծ շնորհ, թույլատրվեց նիստերին մասնակցել լոկ երկու երկրների` Հունաստանի և Ռումինիայի պատվիրակությունների անդամներին: Չհրավիրված, ասել է թե` նիստերի դահլիճ մուտքի հնարավո րությունից զրկված մնացած երկրների պատվիրակությունների անդամները, պատկերավոր ասած, խռնվել էին փակ դռների ետևում և աշխատում էին բոլոր արդար ու անարդար միջոցներով թափանցել ներս: Զուր անցած ջանքեր` երկաթյա վարագույրը բարձրացնե լու իմաստով ոչ մեկի համար բացառություն չարվեց: Այդ առիթով ուզում եմ հետևյալ բանն ասել. կտրականապես մերժվեցին անգամ իրենց կենսական շահերին վերաբերվող հարցերի քննարկման ժամանակ նիստերին մասնակցելու Սերբիայի ներկայացուցիչների բազմաթիվ խնդրանքները: Նույն այն երկրի, որի 80 հազարանոց անվեհեր ու արիասիրտ բանակն, ասենք այսպես, պատրաստ կանգնած էր ազգային շահերի պաշտպանության դիրքերում: Չեռնոգորցիների, նույնն է` թե` լեռնաբնակ սերբերի, էլ ավելի ռազմաշունչ ու քաջասիրտ 50 հազարանոց` անհաշիվ մարտերում թրծված զորագնդերը ցանկացած պահի պատրաստ էին կրկին քայլել պատերազմի արահետներով: Նրանց առջև նույնպես անանցանելի ուղեփակոց էր իջեցված, ու ներկայացված և ոչ մի փաստարկ ուշադրության չարժանացավ: Եվ նման իրականության պայմաններում մտածել, թե սպառազեն ու աննվաճ մի խումբ սասունցիների գոյությունը Արևմտահայաստանի լեռներում ի զորու կլիներ ինչ-որ բան փոխել վեհաժողովում ընդունված 61-րդ հոդվածի ձևակերպումներում, կարող էր միայն մարդկային հոգու բարության հանդեպ անսահման հավատով լցված ու նույնքան էլ քաղաքականա պես միամիտ անձնավորությունը: Ոչ ոք (բացառությամբ Ռուսաստանի, որն էլ, եթե անկեղծ լինենք, առանձնապես չպնդեց իր տեսակետի վրա-Ռ. Ա.) ոչ միայն չէր պատրաստվում հյուրասիրել մեզ «հարիսայով», այլև վայրկյան անգամ մտքով չէր անցկացնում հրավիրել կերուխումի սեղանի շուրջ: Դա տոն էր ամենևին էլ ոչ մեր փողոցում: Առանձնապես զայրացնում է Իտալիայի ներկայությունը վեհաժողովում: Եկել-բազմել էին այնպիսի մի տեսքով, կարծես իսկապես էլ իրենցից ինչ-որ բան էր կախված Եվրոպայում: Ու եթե իրենք ձևացնում էին, թե մտահան են արել, ապա մենք կհիշեցնենք, որ դրանից ընդամենը մի 8-10 տարի առաջ տարբեր ծվենների կարկատումից միացյալ հառնած այդ երկիրն իր նոր պատմության մեծ մասն անց էր կացրել հենց ավստրիական զինվորի կրնկի տակ: Ինչ վերաբերում է հին պատմությանը, ապա այդ` աշխարհակալ Հռոմի կարծես թե աշխարհագրական «իրավահաջորդը» հռոմեական կայսրության փլուզումից հետո անցած 1,5 հազարամյակների ընթացքում չէր հաղթել և ոչ մի պատերազմում, չէր շահել և ոչ մի ճակատամարտ: Եվ եթե անգամ Ապենինյան թերակղզու մարմնի վրա եղած տարբեր չափի, ձևի ու գույնի գոյակցություններն ինչ-որ ժամանակ իրենցից ինչ-որ բան են ներկայացրել, ապա դա էլ բացառապես ի շնորհիվ օտար վարձկանների բազկի ուժի: Ով ասես որ չի մարտնչել նրանց փոխարեն` խորվաթները, թուրքերը, սևամորթները (հիշեք թեկուզ Օթելլոյին` Վենետիկյան Հանրապետության այդ «ազգային հերոսին»-Ռ. Ա.) և ուրիշները: Ու թեև թե° Իտալիան, թե° Ֆրանսիան հիմնականում սուսուփուս նստել ու առանձնապես չէին մասնակցում վարվող քննարկումներին, բայց էլի, ընդհանուր առմամբ, ամբողջապես հարում էին Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի կողմը: Ահա այդպես Ֆրանսիան «շնորհակալ» եղավ Ռուսաստանից, որ նա, ի դեմս Ալեքսանդր II-ի, կտրականապես «ոչ» ասաց այն բանին, որ Գերմանիան կրկին անգամ հարձակվի ու անխուսափելիորեն ևս մեկ անգամ ծնկի բերի Ֆրանսիային: Դա այսպես եղավ. 1875 թ. ապրիլի 28-ին Ալեքսանդր II-ը իշխան Գորչակովի ուղեկցությամբ հատուկ այդ նպատակով ժամանեց Բեռլին: Նրա հորեղբայրը` Գերմանիայի կայզեր Վիլհելմ I-ը (եվրոպական թագավորական տների մեծ մասը մեկը-մյուսի բարեկամներն էին-Ռ. Ա.), հաջորդ իսկ օրը, անգամ կարելի է ասել` առավոտ կանուխ, անհապաղ ընդունեց նրան: Կայսերական պալատի շեմը դեռ լրիվ չհատած Ալեքսանդր II-ը բացահայտորեն, առանց նվազագույն իսկ դիվանագիտական հնարքների, հայտարարեց` հարձակում Ֆրանսիայի վրա մենք չենք հանդուրժի: Զառամյալ Վիլհելմ I-ը դեմքի հեզաբարո արտահայտությամբ պատասխանեց, որ նման բան իր մտքովն իսկ չի անցնում, բայցև անմիջապես ամենախիստ արտահայտություններով սկսեց մեղադրել ֆրանսիական կառավարությանը և ժողովրդին: Հետո էլ թե` իմ կանցլերն այդ մասին ձեզ ավելի հանգամանորեն կտեղեկացնի: (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ