ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ


Կենսաբանական միևնույն տեսակի առանձնյակների` միմյանց խժռելու, ոչնչացնելու երևույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Հաննիբալիզմը դիտվում է թե° ցածրակարգ և թե° բարձրակարգ կենդանիների մոտ, օրինակ` սարդերի, շնաձկների, գայլերի, ինչպես նաև` մարդկանց: Հաննիբալիզմի յուրաքանչյուր դրսևորում ունի իրեն հատուկ դրդապատճառային համակարգը, որի հենքը հանդիսանում են բնազդային գործոնները: Հաննիբալիզմի դրսևորումները կարելի է դասակարգել ըստ սեռային, տեսակային, մարդկանց մոտ նաև անձնային, կրոնական, կենցաղային, ռազմաքաղաքական և այլ հատկանիշների: Սոցիալական կազմակերպվածության հոմեոստատիկ տեսությունը բացատրում է տեսակի (պոպուլյացիայի) պահպանման մեխանիզմը, ըստ որի` կենդանիների սոցիալական կյանքի բոլոր ձևերն առաջ են եկել որպես միջոցներ իրենց տեսակի տեղաբաշխման խնդիրը լուծելու համար: Ցածրակարգ կենդանիների մոտ դրանք վարքի բնազդային, ինքնաբերաբար և անգիտակցաբար գործող մեխանիզմներ են: Բնական է ենթադրել, որ մարդու, որպես կենսաբանական տեսակի` վարքում որոշակի իրավիճակներում դրսևորվում են բնազդային հիմքով պայմանավորված ֆիզիկական և հոգեկան ագրեսիայի դեպքեր: Որպես խնդրո առարկա կամ նախապատմություն, պահպանված ստեղծագործություններից կերպարների գունեղությամբ առանձնանում է հատկապես Ասորեստանի թագուհի Շամիրամի անվան հետ կապված առասպելը: Պետք է նշել, որ տվյալ կերպարը հավաքական է և սերտորեն առնչվում է սենաարցիների (շումերներ) և արարատցիների առասպելների ու պատմական դեպքերի հետ: Ըստ «Գիլգամեշ» էպոսի, Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Դումուզ (Թումուզ) գեղեցկատես երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Դումուզին և նրան ուղարկում է հանդերձյալ աշխարհ` իր քույր-աստվածուհու մոտ: Հետագայում նա սկսում է սիրահետել Ուրուկ (Արեկ) քաղաքի թագավոր, մարդաստված Գիլգամեշին: Իր սերը մերժած Գիլգամեշին Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Մահափորձը չի ստացվում: Էնկիդուն ու Գիլգամեշը սկզբում կռվում են, բայց հետո տուրք տալով բանականությանը` եղբայրանում են: Իշտարն այս անգամ որոշում է սպանել երկուսին էլ: Այդ նպատակով հոր օգնությամբ Երկիր է ուղարկում Երկնային ցուլին: Եղբայրները սպանում են ցուլին, սակայն ծանր վիրավորված էնկիդուն զոհվում է: Գիլգամեշը որոշում է ոչ թե վրեժխնդիր լինել Իշտարից, այլ հաղորդակցվել նախնիների իմաստնությանն ու Նոյ-Ուտնափիշտիմից իմանալ անմահության գաղտնիքը: Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվեց գեղեցկուհի Շամիրամի հետ: Շամիրամն ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի հետ, և որդի են ունենում: Նրան կոչում են Նինուաս: Շամիրամը սպանում է ամուսնուն և տիրանում գահին: Որդին հեռանում է տանից, Շամիրամը սիրո և ամուսնության առաջարկ է անում Հայոց Արա Գեղեցիկ արքային: Արան, պաշտպանելով իր երկիրը բաբելոնյան բարքերից` Շամիրամին հայտնում է, որ ինքը չի դավաճանի կնոջն ու մերժում է առաջարկը: Մերժված Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային և արշավում է Հայաստան: Նախնիների բարքերն ու իր ընտանիքը պաշտպանող Արա Գեղեցիկը ճակատամարտում զոհվում է: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր մարմնական ցանկությունը: Հետո սկսում է հուռութքներով դյութել հայ տղաներին: Նինվեում ապստամբում է ու գահին տիրանում Նինուասը: Հարազատ որդուց հալածվող Շամիրամը վերածվում է աղավնու, համբարձվում երկինք: Այս առասպելում առկա է կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված ցանկության և իրականացման փորձ: Հիշատակված օրինակներում իգական ագրեսիան ուղղված է ամուսնու, իր սերը մերժած տղամարդու և ամուսնու իրավահաջորդ որդու դեմ: Իգական ագրեսիան արտացոլված է նաև հելլենական առասպելներում: Հերակլեսի կինը` Դեյանիրան, անհանգստանալով, որ ամուսինը կամուսնանա ուրիշ կնոջ` Իոլեի հետ, ամուսնուն է ուղարկում իր ձեռքով հյուսած մի թիկնոց: Թիկնոցին քսում է Նեսոս կենտավրոսի արյունը` հուսալով, որ այդպես կվերադարձնի ամուսնու սերը: Դեյանիրան չգիտեր, որ այդ արյունը վարակված է Լերնեյան հիդրայի թույնով: Հերակլեսն իր վրա գցելով թիկնոցը` թունավորվում է: Աստվածները մահամերձ հերոսին տանում են երկինք, անմահություն են պարգևում և ամուսնացնում: Անսահման է լինում Հերակլեսի որդու` Հելիոսի զայրույթն ու վիրավորանքը` ուղղված մոր հանդեպ: Մեր էպոսում Արմաղանի և նրա հակառակորդ Իսմիլ Խաթունի միջև պայքարը ծպտված է ընթանում: Վերջինս որդի ունենալու համար Մեծ Մհերին հարբեցնելով` պահում է իր տանը: Մհերը սթափվում է այն ժամանակ, երբ պատահաբար լսում է, թե ինչպես է Իսմիլն իրենց որդուն` կրտսեր Մսրա Մելիքին խրատում` քանդել հայի տունը: Մեծ Մհերը, թողնելով որդուն և օտար ցեղի կնոջը, վերադառնում է պապենական տուն: Որդի ունենալուց հետո մահանում են ինքն ու կինը: Նրա որդին` Մանուկ Դավիթը, անցնում է հորեղբոր` Ձենով Օհանի (նախկինում Որոտի աստված) խնամքի տակ: Պատանի Դավթին սիրահետում է հորեղբոր կինը` Սառյեն: Դավթին առաջարկում է իր գլխին ջուր լցնել` հուսալով, որ Դավիթը կտեսնի իր մարմինն ու իրեն կցանկանա: Բայց տեսնելով, որ Դավիթն աչքերը փակած է ջուր լցնում ու իրեն չի նայում` արյունոտում է դեմքն ու զրպարտում Դավթին սեռական նկրտումների համար: Դավթի առաջ փակվում է հայրական տան դուռը: Դավիթը, հորեղբորն ասելով, որ նա իր լիրբ կնոջից խաբված է, հեռանում է քաղաքից: Ավելորդ չէ նշել, որ ցեղի կացարանից հեռացվելն անհատի համար հավասար էր ոչնչացման: Սասունցի Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, սակայն արձագանքում է Խանդութ Խաթունի սիրո հրավերին: Սկզբում նա մենամարտում է զինվորի շոր հագած Խանդութի հետ: Երբ Դավիթը գետնում է նրան ու պատրաստվում սպանել, Խանդութը բացում է կուրծքը և խնդրում խնայել իր կյանքը: Դավիթը թուրն իջեցնում է ու ամուսնանում նրա հետ: Տարիներ անց, Դավիթը սպանվում է իր այն աղջկա ձեռքով, որ ծնել էր իր կողմից լքված Չմշկիկ Սուլթանը: Այն բանից հետո, երբ Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում, Համբարձման գիշերը նրա քարայրն է մտնում մի մոլորված հարս, որ տանից դուրս էր եկել ջուր կամ լույս գտնելու… Համլետը կտրուկ փոխում է իր վերաբերմունքը հարազատ մոր նկատմամբ, երբ յուրօրինակ փորձաքննության միջոցով իր համար պարզում է հոր մահվան մանրամասները: Նա արհամարհանքով ու հեգնանքով է քննարկում մոր բարոյահոգեբանական հանդերձանքը, նրա ամուսնությունն ու երջանկությունը: Մշակութային վաղնջական շերտերից մեզ են հասել օտար կամ ազգական կանանց ներսեռային ագրեսիվ պայքարի նկարագրություններ: Ի տարբերություն տղամարդկանց, կանանց միջև բազմացման բնազդով պայմանավորված ագրեսիվությունը` ուղղված մեկը մյուսի ոչնչացմանը, հիմնականում անմիջակա նորեն չի դրսևորվում: Այն հանդես է գալիս միջնորդավորված: Ամփոփելով իգական սիրախաղային ակտիվությունը սեռական ագրեսիվության վերածվելու վերաբերյալ վերը բերված գեղարվեստական և կենցաղային օրինակները, կարելի է նկատել, որ բնականոն դրսևորման մեջ այն ուղղված է տղամարդուն գրավելու և երեխաներ ունենալու նպատակին: Երբ կնոջ կամ տղամարդու մոտ երեխաների մեծանալուն զուգընթաց թուլանում են մայրական կամ հայրական զգացմունքները, երբ նրանց բազմացման բնազդը սկսում է գերիշխել բարոյական հատկանիշների նկատմամբ, ապա նրանք սկսում են նոր զուգընկերոջ որոնումներ, իսկ նախկինին փորձում են ինչ-որ կերպ երկրորդական պլան մղել կամ չեզոքացնել: Աշոտ ՄԱՆՈՒԿՅԱՆ Email:ashotmanuk@ mail.ru