Կարոտին սպասելիս


 

Պռոշյանը հպարտ է իր հերոսներով, հպարտ է` իր հերոսների նման: Կանաչների մեջ կորած գյուղի մուտքը զոհված հերոսների խրոխտ կիսանդրիներն են հսկում, իսկ քիչ ավելի ներքև հրամանատարի` Կարոտ Մկրտչյանի արձանն է: Գյուղից վերև` մի փոքրիկ բլրակի վրա` Մասիսի վեհ հայացքի ներքո, ննջում են պռոշյանցի արծիվները: Կարոտն այնտեղ չէ...

Կարոտին սպասում են:

Գյուղում մանուկ թե տարեց` բոլորը ճանաչում են հերոսին, շտապում առաջինը հպարտությամբ պատմել նրա մասին: Ու ծայր է առնում տալվորիկցի խենթի հերոսապատումը:

ՈԳԵԿՈՉՈՒՄ

Կարոտին սպասելիս

Արդեն 2 տասնամյակ` ժամանակն անվերջ սպասում ու չանթեղված հույս է դարձել: Սիրելի հերոս, հարազատներդ, ընկերներդ, ողջ գյուղը չի հավատում, որ դու չկաս..

Աննկարագրելի համեստ ու առաքինի Հովհաննես պապը կարծրացած ցավ ունի հոգում` Կարոտ որդու կորստի կսկիծը, կորուսյալ հայրենիքի կարոտը... Սասունցի է Հովհաննես պապը: Ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքն օթևան էր գտել Սիրիայում, որտեղ էլ ծնվել է Կարոտը: Խոսում է Հովհաննես պապը, և երկնագույն, բարի աչքերում հպարտության ու ցավի հետ միահյուսված սպասում եմ տեսնում.

- Ապրել ենք Սիրիայում, բայց երբեք թույլ չեմ տվել, որ երեխաներս օտար լեզվով խոսեն: Ջանք չեմ խնայել, որ հավատարիմ մնան մեր արմատներին, ավանդույթներին: Եթե չես սիրում հայրենի հող ու ջուրդ, ո՞ւմ ես պետք: Այսօր շատերը դոլարներ են փախցնում, հեռանում են երկրից, ապա բարձր արժեքներից են խոսում: Դա զառանցանք է, նրանց մեջ հայեցի ոչինչ չկա: Հայը ամենադժվարին պահին է ճանաչվում, արյան կաթիլներով երդում տալիս` ապրել, պայքարել հայրենիքի համար, ինչպես Կարոտն ու իր ընկերներն արեցին: Մի՞թե նրանցը հոգի չէր, նրանք մարդ չէին: Իսկ այսօր գնում են, օտար երկիր են շենացնում:

Հովհաննես պապն անթաքույց հպարտությամբ է պատմում որդու մանկության մասին.

- Սովորական երեխա չէր` տարիքի համեմատ խիստ հասուն ու խելացի: Հիշում եմ, կինս ծովափ էր գնում, ասացի` «Երեխայի նկատմամբ ուշադիր կլինես, նա կամ որևէ թերություն ունի, կամ տեղով դիվանագետ է»: Վերադարձին, երբ հանդիպեցինք, կինս ասաց, որ երեխան խնդիրներ չունի, «տեղով դիվանագետ է»:

Երբ մոլեգնեց Արցախամարտը, Կարոտն առաջիններից մեկն ընկերների հետ զինվորագրվեց պայքարին: 1989-ից Պռոշյանի դաշնակցական ջոկատի, ապա նաև Աշոտ Ղուլյանի առաջին վաշտի գրոհային դասակի հրամանատարն էր: 1990-ին վերադառնալով ՀՀ սահմանամերձ շրջաններից` ջոկատն ուղևորվեց Հյուսիսային Արցախ` Շահումյան, որ այնտեղ հերոսանա:

- Երբ ասում էի` դուք քիչ եք, պատասխանում էր` «Ինչ էլ լինի, քարով լինի, թե փետով ու մանգաղով` հաղթելու ենք, հաղթանակած ենք վերադառնալու»,- հիշում է Հովհաննես պապը:

Մարտական ընկերներն անասելի ցավով են պատմում հերոսի մասին.

- Շարժումը նոր էր սկսվել, մի քանի հոգով գնացինք Հադրութ: Դեռ ջոկատը չկար: Ապա որոշ ժամանակ անց վերադարձանք, սկսեցինք ջոկատը կազմավորել: Եղել ենք Մովսեսում, Ոսկեպարում..., ապա հաստատվել Շահումյանում: Հունիսի 12-ի գիշերը տեղեկություն ստացանք, որ տեխնիկայի շարժ կա մեր դեմ: Լուսաբացին շարժվեցինք դիրքերն ամրացնելու: Կարոտը գնաց շտաբ իմանալու, թե հնարավո՞ր է արդյոք օգնություն կանչել: Մինչև նրա վերադարձը հարձակումն սկսվեց: Մենք հետ քաշվեցինք: Ես ու Պետոն չկարողացանք առաջ գնալ, պատսպարվեցինք քարայրում, որտեղից երևում էր ամբողջ շարժը: Նկատեցի, որ տղաներից մեկը փամփուշտի արկղերով վերև է բարձրանում: Զարմացել էինք` ինչպե՞ս է բաց դաշտում առաջ գնում: Հաջորդ օրը գնացինք Վերիշեն, հանդիպեցինք տղաներին, պարզվեց` Կարոտը, Գառնիկը, Ալիկը մնացել են դիրքերում: Պատմեցին, թե ինչպես է Կարոտը ցանկացել դիրքերը գրավել: Փամփուշտներով մարդը նա է եղել,- պատմում է հերոսի մարտական ընկեր Վարդգես ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, ու բառերն անզոր են դառնում` արտահայտելու մանկության ու մարտական ընկերոջ կորստի ցավը:

Հերոսին այլևս ոչ ոք չտեսավ...

Իսկ նրա կերպարն ամբողջացնող բառեր գտնելն այնքան ծանր է.

Ռաֆիկ ՂԱԶԻՆՅԱՆ.- Կարոտն իմ երբևէ ճանաչած ամենաբյուրեղյա հայն է: Եթե ինձ հարցնեն, թե այսօր ում հետևից ժողովուրդը կրկին կգնա մարտադաշտ ու կհասնի Բաքու, կպատասխանեմ` Կարոտի: Ի դեպ` ամենավերջինը ես եմ տեսել ու զրուցել նրա հետ: Կարոտի մասին դժվար է անցյալ ժամանակով խոսել: Ես վստահ եմ` նա կենդանի է, նա գալու է, որ կրկին առաջնորդի մեզ: Զարմանալի մի բան. բոլորը Կարոտի ջոկատ էին գալիս: Ապարանցի նշանավոր Պավլիկը որպես զինվոր կռվում էր նրա ջոկատում: Եղվարդցի Սարոն իր ամբողջ ջոկատով միացավ Կարոտին` ասելով` մենք քո զինվորն ենք: Աստված էր կամեցել, որ կար այդ զույգը` Կարոտն ու Պետոն: Երբեք ոչ ոք չէր կարող կռահել, թե ով է նրանցից հրամանատարը: Կարոտը զինվոր էր, նա երբեք չէր հրամայում, նրա խոսքերն արդեն իսկ ազդեցիկ էին:

Պավլիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ.- Այնքան դժվար բան եք խնդրում, այնքան դժվար է խոսել Կարոտի մասին: Սովորաբար հեշտ չէ պատմել այն մարդկանց մասին, ովքեր ոչինչ չեն արել, կամ արածը չափազանց շատ է: Միայն մի նախադասություն կասեմ: Այսօր շատերն են ասում, որ Կարոտն անհայտ կորած է: Մե´նք ենք անհայտ կորած, նա դեռ գալու է:

Նորայր ՇԱՀԲԱԶՅԱՆ.- Կարոտին շատ կարճ ժամանակ եմ ճանաչել: Ես Մանաշիդի թևում էի, նա` Բուզլուխի: Մի քանի բառ ենք փոխանակել: Հոյակապ մարդ էր, առաջնորդ, ում բոլորը հետևում էին: Երբեմն մտածում ես` միգուցե ավելի լավ է` չճանաչեի, որովհետև կորուստը անսահման մեծ է:

Յուրաքանչյուր տարի հունիսի 13-ին անսփոփ ցավը, հուշերը, կարոտն ու սպասումը բոլորին տանում են Պռոշյան: Այստեղ հաղթանակի երգեր են հնչեցնում և սպասում հերոսին:

Իսկ Հովհաննես պապն անցնող տարիների հետ երբեք ու երբեք հավատը չի կորցնում. որդին գալու է.

- Ես ամեն օր եմ սպասում նրան: Եթե մի բան քո աչքով չես տեսել ու հավատում ես, ուրեմն միամիտ ես: Մի հավատա, Կարոտի հորից քեզ խորհուրդ` մի´ հավատա...

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ