Միայն թե Ռուսաստանը չհատի կարմիր գիծը


Որևէ լուրջ քաղաքագետ չի կարող համամիտ չլինել այն կարծիքի հետ, որ աշխարհը վաղուց բազմաբևեռ է: Արևմտյան վերլուծաբանները մի քանի տարի առաջ շրջանառության մեջ դրեցին «անբևեռ աշխարհ» եզրույթը, որից շատ շուտով հրաժարվեցին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ներխուժելով Իրաք և Աֆղանստան ու ահռելի ֆինանսական միջոցներ ծախսելով, հազարավոր զոհեր տալով` ԱՄՆ-ը չկարողացավ իր ցանկացած ռեժիմները հաստատել, կարգ ու կանոն ստեղծել այդ երկրներում: Հակառակը. Իրաքում ու Աֆղանստանում թափ առան քաոսն ու ավերածությունները, մշտական ահաբեկչական գործողությունները և շարունակվում են մինչ այսօր: Այնուհետև արաբական երկրներ հեղափոխությունների ներմուծումը ոչ միայն ցանկալի արդյունքի չհասցրեց, այլև հակառակ էֆեկտը ունեցավ: Իսլամիստական վարչակարգերը հեղաշրջված երկրներում` լուրջ վտանգ դարձան հենց ԱՄՆ-ի համար: Հետո Նահանգները «խճճվեց» Սիրիայում: Արյունալի քաղաքացիական պատերազմի միջոցով «չարիքի առանցք» Սիրիան վերջնականապես ծնկի բերելու ծրագիրն արդեն կարելի է ձախողված համարել: ԱՄՆ քաղաքականության ֆիասկոն Սիրիայում պայմանավորված էր հերթական սխալ հաշվարկով: Թերագնահատվել էր այն կարևոր հանգամանքը, որ Ռուսաստանը ի վիճակի է վիժեցնել Սիրիայի ռեժիմը փոխելու յուրաքանչյուր ծրագիր: Պարզագույն պատճառով. այդ երկրում է գտնվում Ռուսաստանի միակ ռազմածովային բազան Մերձավոր Արևելքում:

Մի խոսքով Ռուսաստանը օգտվեց ԱՄՆ-ի բազմաթիվ ձախողումներից և դարձավ այնքան վճռական ու ինքնավստահ, որ ձեռնոց նետեց նաև Եվրամիությանը, որի առանցքային երկրների հետ ուներ շահերի համընկնման որոշակի հենք: Հենց դա հաշվի առնելով էլ 2008-ին ՌԴ-ն իրականացրեց արևմտամետ Վրաստանին ծնկի բերելու «օպերացիան»:

Կրեմլի կողմից նախօրոք հաշվարկված էր, որ զավթելով Օսիան և Աբխազիան, անպատիժ է մնալու: Իսկ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԱՄՆ-ի իրական սպառնալիքները` Գերմանիայի և Ֆրանսիայի ձևական և դեկտարատիվ հայտարարությունների ֆոնին, ոչ մի գործնական վտանգ չեն ներկայացնելու:

Այս համատեքստում լիովին հասկանալի է Ռուսաստանի, կարելի է ասել, ագրեսիվ աշխարհաքաղաքականության հիմքերն ու դրդապատճառները` հետխորհրդային տարածքում` թե´ Մաքսային Միության ստեղծման տեմպերը արագացնելու, թե´ Ուկրաինայի իրադարձություններում աննախադեպ վճռականություն դրսևորելու հարցերում:

Նախկին կայսրության հզորության վերականգնման` ՌԴ ձեռնարկած լայնամասշտաբ գործողությունների «դռբի» տակ Հայաստանի հայտնվելը առավել քան օրինաչափ էր: Եթե կա հստակ հայեցակարգ և ծրագիր` լիակատար իրեն ենթարկեցնելու հետխորհրդային բոլոր պետությունները, բացառությամբ Մերձբալթիկայի, ապա ՀՀ առջև նույնքան հստակ խնդիր պետք է դրվեր: Ե´վ - և´-ը բացառվում է, մնում է կա´մ-կա´մ-ը: Հիմա չարժե կրկին քննարկել, թե այդ «կամը» եթե դառնար Եվրամիությունը, ինչ փորձանքների առջև մեզ կարող էր կանգնեցնել Ռուսաստանը:

Որոշումը կայացված է: Եվ ՀՀ արտաքին գերատեսչության առջև այսօր ծառացած հիմնական խնդիրն այն է, թե ինչ պետք է անել, որպեսզի ՌԴ-ն հերթական նվաստացուցիչ պայմաններ չպարտադրի Հայաստանին: Որովհետև հայ հանրությունը արդեն չի համակերպվում բոլոր հարցերում ՌԴ-ի երաժշտության տակ պարելու պարտադրանքին: Դժգոհության ալիքը աստիճանաբար մեծանում է: Մարդիկ արդարացիորեն ասում են` «Բա, ուր մնաց մեր անկախությունը, որն առանց այդ էլ խախուտ է»: Կարծում ենք` կա մի սահման, որն անցնելու դեպքում ՌԴ-ն հակառակ էֆեկտը կստանա. հայ ժողովրդի ավանդական համակրանքը ռուսների հանդեպ կփոխարկվի հակակրանքի: Այդ սահմանը անցավ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Ի. Վոլոնկինը, ով մի քանի օր առաջ իր տված հարցազրույցում մասնավորապես ասաց.

- Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ հայտարարի այստեղ` Հայաստանում, տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն զբաղվել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրող` Հայաստանի տարածքում գործող հ/կ-ներով, պետք է հավանաբար օգտագործել այլ մեթոդներ: ՌԴ-ում, օրինակ, ընդունված է օրենք, որը հստակ ձևով կարգավորում է հ/կ-ների գործունեությունը:

Նկատելի է հրամայական ոճը... ահա թե ինչն է անթույլատրելի...

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ