Թուրքիան հաջողո՞ւմ է


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եվրոպական շրջագայությունը շրջադարձային հետևանքներ կարող է ունենալ աշխարհում: Հատկապես ՆԱՏՕ-ի 60-ամյակին նվիրված գագաթաժողովում Ռուսաստանի հետ Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի համագործակցության կարևորումն Օբամայի կողմից, թերևս, աշխարհաքաղաքական նոր գործընթացների մեկնարկ էր: Ըստ էության, աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի և Արևմուտքի միջև մինչ այժմ առկա հակադրութ յանը, կարծես, փոխարինելու է գալիս միմյանց շահերի հետ հաշվի նստելն ու համագործակցությունը: Թվում է` առաջացող այս նոր իրավիճակը պետք է շահեկան լինի բոլորի համար: Սա` տեսականորեն: Սակայն նոր իրավիճակի ստեղծումն աշխարհում մեր տարածաշրջանում առաջացնում է գործընթացներ, որոնք կարող են նաև թաքցրած լրջագույն մարտահրավերներ պարունակել, մասնավորապես Հայաստանի համար: Խոսքը դարձյալ հայ-թուրքական հարաբերությունների և երկու երկրների սահմանի մասին է: Դարձյալ, որովհետև Ապրիլի 24-ի մոտենալու հետ հիշյալ թեման բնականաբար ավելի հաճախ պետք է արծարծվի մամուլում: Բացի դրանից, Միացյալ Նահանգների նոր նախագահի քաղաքականության օրակարգում հայ-թուրքական հարաբերությունները, կարծես, վերջին հորիզոնականում չեն, ինչը, բնականաբար, իր արձագանքը պետք է ունենա մեզանում: Այսօր, երբ ԱՄՆ-ն Իրաքից հանում է զորքերը, իսկ Աֆղանստանում ավելացնում դրանց թվակազմը, ինչպես նաև այլ գործընթացներով պայմանավորված, տարածաշրջանում ավելի է կարևորվում Թուրքիայի` որպես ԱՄՆ-ի դաշնակցի դերը: Թերևս, հենց դա ընդգծելու համար էր, որ Օբաման, խախտելով Միացյալ Նահանգների նախագահների ավանդույթը, երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո ոչ թե Թուրքիայի նախագահին ընդունեց Վաշինգտոնում, այլ ինքն այցելեց Անկարա: Բացի այդ, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Օբամայի բազմիցս արտահայտած դիրքորոշումը խստորեն անհանգստացրել էր պաշտոնական Անկարային, և իր այցով ամերիկյան նախագահը, թերևս, ցանկանում էր շոյել դաշնակցի ինքնասիրությունը: Մյուս կողմից էլ, Վաշինգտոնի համար անցանկալի է, որ իր դաշնակիցը չլուծված խնդիրներ ու փակ սահմաններ ունենա հարևանների հետ: Սահմանի բացման հարցում Թուրքիան իր քաղաքական շահերն ունի: Նախ, միջազգային ասպարեզում փակ սահմանի առկայությունը հարվածում է երկրի վարկանիշին և խոչընդոտ է Եվրամիությանն անդամակցության ճանապարհին: Միևնույն ժամանակ, Թուրքիան փորձում է հավաստիացում ստանալ Հայաստանից, որ վերջինս գոնե կմեղմացնի դիրքորոշումը ցեղասպանության հարցում: Բոլորովին պատահական չէր, որ Օբամայի այցի նախօրեին վարչապետ Էրդողանը մեղադրեց հայկական Սփյուռքին` Ցեղասպանության ընդունման հարցում Թուրքիայի հանդեպ ճնշումները չդադարեցնելու մեջ: - Մենք չենք կարող ընդունել այն, ինչը չի եղել,- հայտարարեց նա: Հայաստանի հետ սահմանի բացման շուրջ բանակցություններին զուգընթաց նման մեղադրանք ուղղելով Սփյուռքին, ըստ էության, Էրդողանը փորձում է միմյանցից հեռացնել, պառակտել Հայաստանն ու Սփյուռքը: Առանց այդ էլ, Սփյուռքը կարող է միանշանակ չընդունել հայ-թուրքական սահմանի բացումն ու ընդհանապես, երկխոսությունը: Սփյուռքը բազմաշերտ և ինքնին Ցեղասպանության հետևանք լինելով, գերզգայուն է հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Ուստի, միշտ չէ, որ Հայաստանի պետական շահը կարող է ընկալելի լինել Սփյուռքի համար: Սա էլ կարևորության աստիճանահարթակում ոչ վերջին տեղը զբաղեցնող մարտահրավերը կարող է դառնալ Հայաստանի համար: Օբամայի այցի օրերին և դրանից հետո, երբ Թուրքիայում և Հայաստանում շատ էր արծարծվում սահմանի բացման թեման, լուռ չէր նաև Ադրբեջանը: Այդ օրերին ադրբեջանական լրատվամիջոցներով սադրիչ հայտարարությունների տարափ տեղաց: Դրանցում մասնավորապես ասվում էր, թե սահմանի բացումը Թուրքիայի կողմից տնտեսական, քաղաքական օժանդակություն է ագրեսոր երկրին: Իսկ Ադրբեջանի խորհրդարանն ու գրողները դիմեցին Թուրքիայի գործընկերներին` կոչ անելով խոչընդոտել սահմանի բացմանը, քանի որ այն հարվածում է թուրք միասնականությանը: Իհարկե, պաշտոնական Անկարայի հանդեպ Բաքվի նման ընդդիմադիր կեցվածքը, այսպես ասած, պայմանավորված անհամաձայնություն է, որպեսզի Էրդողանը «ստպված» լիներ հայտարարելու ի լուր աշխարհի, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման սահմանի բացման մասին խոսք չի կարող լինել: Հետաքրքիր էր նաև ադրբեջանական մեկ այլ լրատվություն` որ Էրդողանը, Հայաստանի խնդրանքով պատրաստվում է գնալ Մոսկվա, վերջինիս հետ քննարկելու հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Առաջարկվում է, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձնի գրավյալ հինգ շրջանները: Այդ տարածքներից հայկական զորքերը հետ քաշելուն զուգընթաց կբացվի հայ-թուրքական սահմանը: Համաձայն հիշյալ լրատվության, այս ծրագիրը համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ: Իսկ անցած շաբաթվա վերջին արդեն Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Մոսկվայում հանդիպելու մասին պայմանավորվել են Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետերը, հեռախոսազրույց են ունեցել Սերժ Սարգսյանն ու Մեդվեդևը, վերջինս Մոսկվա է հրավիրել նաև Իլհամ Ալիևին: Այսպիսով, չնայած հայ-թուրքական բանակցությունների գաղտնիությանը, հիշյալ լուրերը վկայում են, որ պաշտոնական Երևանի ու Անկարայի երկխոսության հիմքում առկա է նաև ղարաբաղյան խնդիրը: Ըստ էության, Թուրքիային հաջողվում է գործուն միջամտություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Սակայն, դեռևս այս հարցում իր վերջնական խոսքը չի ասել մեր մյուս հարևանը` Իրանը, որը նույնպես կարող է հավակնել տարածաշրջանում և մասնավորապես Ղարաբաղի հարցում լրջագույն դերակատարություն ունենալուն. Ղարաբաղը, առավել ևս, վերոհիշյալ հինգ շրջանները նրա հյուսիսային սահմանակիցներն են: Եվ անվտանգության առումով, Իրանի համար շահեկան է, որ այդ տարածքները գտնվեն հայկական վերահսկողության ներքո: Եվ այսպես, կարող ենք փաստել, որ Միացյալ Նահանգների նախագահն Անկարա կատարած այցով նոր լիցք հաղորդեց Հարավային Կովկասում առկա գործընթացներին` բազմաթիվ անհայտներով հավասարումներ առաջադրելով տարածաշրջանի երկրներին և հատկապես Հայաստանին:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ