Ինչքան ծաղիկ պիտի բուսեր, Որ չբուսավ այս հողին...


Մարդը տիրում է բնությանը` տակավին իրեն տիրապետել չսովորած: ՇՎԵՅՑԵՐ Այսպես մենք մեզ չտիրապետելով` տիրեցինք բնությանը ու սկսեցինք անխնա հատել ծառ ու թուփ, ոչնչացնել կանաչը: Պատմական անցյալում, ինչպես վկայում են մեր պատմիչները, ծառ տնկող, անտառ ստեղծող ժողովուրդ ենք եղել: Պատմահոր վկայությամբ` Արա Գեղեցիկի որդուն նվիրել են Արմավիրում տնկած սոսյաց անտառը: Փավստոս Բուզանդը հիշատակություն է թողել Արարատյան գավառում նորատունկ այգու մասին, որը Խոսրով Կոտակն անվանել է Տաճար մայրի: Ի՞նչ պատահեց մեզ. վաղնջական ժամանակներից ծառ տնկող ժողովուրդն ինչո՞ւ դարձավ ծառ կտրող: Ասենք, մենք չենք կտրում, մենք անխնա հատում ենք, զանգվածաբար ոչնչացնում ենք, կացնահարում պատահած ծառը` առանց որտեղն ու որքանը հաշվի առնելու: Կանաչն ինչո՞ւ դարձավ մեր աչքի «փուշը» ու ասֆալտը` մեր աչքի լույսը: «Երևանի կենտրոնը էկոաղետի գոտի է». մասնագետների հազարումի օրինակով հիմնավորված այս մտքից ինչպե՞ս չսարսափես: Որովհետև ասվածի մեջ հեռվից եկող տագնապի ու անհանգստության ձայն է լսվում, հիշեցնում էկոլոգիական աղետից կործանվող քաղաքակրթությունների մասին: Եվ նախազգուշացնում. բնության պահպանության կանոններն ու նախաստեղծ չափանիշները խախտելու վնասներն անդառնալի են: Քաղաքային իշխանություններին մնա` մեզ լավ էլ կհանգստացնեն. այսուայն ծրագիրն ունենք, այսքան տարածությամբ կանաչապատում է նախատեսվում, բայց նախ թող հարգելի պաշտոնյաները ասեն` վերականգնվողը ոչնչացրածի ո՞րն մասն է: Չեն ասում: Փոխարենն ասում են, թե մեկ շնչին ընկնող կանաչ տարածքը չի գերազանցում 5 քմը, որ կենտրոնում կանաչապատ տարածքը քիչ է (էլ բան մնացե՞լ է, որ) բայց ոչինչ, ասում են նրանք, մտահոգվել պետք չէ, մենք ելք ենք առաջարկում. ուղղաձիգ կանաչապատում` աշխարհում շատ ընդունված ձև: Քաղաքապետարանի բնապահպանության նորանշանակ պետ Ավետ Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ այս տարվանից կանցնեն ուղղաձիգ-կանաչապատմանը: Երևի նոր են սովորել աշխարհից, թե չէ մի տասը տարի ուշացումով չէին գլխի ընկնի, որ կարելի է դրսի փորձը բերել Երևան: Գետնի վրայի կանաչը չենք հանդուրժում, տեսնենք օդում աճողի հե՞տ ոնց ենք յոլա գնալու: Իսկ ծաղկապատ տարածքն ու սիզամարգը մեր նախկին հայրենիքի անկումից ի վեր մոռացված բաներ են: Ասում են` սկսել են ծաղկապատել քաղաքը` քիչումիչ, իհարկե, և ավելանալու հույս կա: Հույսն էլ քիչ բան չէ: Ռիսկի նման հույսն էլ կարող է լինել գործի կեսը: Մանավանդ վարչության պետի անսովոր լավատեսության դեպքում. «Հավատացեք, մեր երկիրը ամենալավն ու գեղեցիկն է»: Եվ էս գեղեցիկ երկիրը մարդն ուզում է ավելի գեղեցկացնել: Ծրագրեր է, որ պիտի իրագործվեն. քաղաքում կանաչ տարածքները պիտի հասցվեն 1824 հա-ի, մեկ շնչին ընկնող կանաչ մակերեսը` 19,5 քմ-ի... և այլն, և այլն: Ավարտենք հին ու գեղեցիկ, նաև իմաստուն մի պատումի վերջաբանը մեջբերելով: «Բիոսֆերայի համար միայն հաշվումներ պետք չեն, ֆինանսական ներդրում, որ գետերն ու ջրանցքները մաքրվեն աղտոտությունից, օրենսդրական ակտեր, որ պատիժ սահմանվի: Ամենից առաջ նվիրում է պետք, և° հոգի, և° ավանդույթ, որ ժառանգվի ու փոխանցվի և° ըմբռնում, և° գաղափարաբանություն: