Նախընտրական ճամարտակումներ


- Այնքան ժամանակ, քանի դեռ մեր հողերը զավթած կմնան, կշարունակվի Հայաստանի դեմ համընդհանուր հարձակման քաղաքականությունը` ինչպես դիվանագիտական, այնպես էլ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, ռազմական, քարոզչական և այլ ոլորտներում: Դա միանշանակ է,- երկուշաբթի հայտարարել է Իլհամ Ալիևը: Երկուշաբթի` այսինքն Ադրբեջանում նախագահի ընտրություններից 2 օր առաջ: Որ շրջափակման նենգ քաղաքականությունը շարունակվելու է` կասկածի որևէ տեղիք չի տալիս, սակայն իր քարոզարշավի վերջին ակորդներով վերստին ղարաբաղյան թեման հնչեցնելով, Հեյդարովիչը մատը նորից իր ընտրողների ցավոտ վերքին է հպել` կրկին ի ցույց դնելով իր «ամենազորությունը»: - Մինչև հարցի լուծումը Հայաստանի հետ որևէ համագործակցություն անհնար է. անհնարին է նրանց մասնակցությունը տարածաշրջանային որևէ ծրագրի: Եվ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այսօրվա իրավիճակը շարունակվի, նրանց (հայերի-խմբ.) մեկուսացումը խորանա, որպեսզի ավելի լավ հասկանան, թե ինչով է պայմանավորված իրենց ապագան,- ընդգծել է Ալիևը և հավելել. - Ապրելով պատերազմի պայմաններում, մենք առաջին հերթին պետք է հզորացնենք մեր ռազմական ներուժը: Այսուհետև բյուջետային ծախսերի ավելի մեծ մասը կուղղվի բանակաշինությանն ու ռազմական հզորացմանը: