«ՀԱՅՖԵՍՏ - 2008» ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ՄԱՐԱԹՈՆԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ


Մարտավարության գերնպատակը Մշակութային տարատեսակ միջոցառումները վերջին տարիներին, որպես կանոն, հանդիսաշարային բնույթ են կրում: Մկրտվելով «փառատոն» անվամբ, չարչրկելով երբեմն բառիմաստը, հախուռն հորդում են հատկապես տարեմուտին: Միաժամանակյա անցկացմամբ` անհնար են դարձնում արվեստասեր հանրության անմիջական հաղորդակցությունը յուրաքանչյուրին: Մշակութային աշխարհից տասնամյակներով անջրպետված մարդիկ միջազգային համարում ունեցող փառատոների ծրագրերում են որոնում արդի միտվածություններին իրազեկության ռեալ հնարավորություն: Առայժմ նրանց ակնկալիքները մասնակի են բավարարվում: Ամենամոլի արվեստասերն անգամ, ներգրավվելով փառատոնային կարճաժամկետ, գերթանձր իրարանցման մեջ, ֆիզիկապես ի զորու չի լինում հագեցնել իր հետաքրքրասիրությունը: Նրա արդարացի տրտունջները հանդիսաշարային միջոցառումների խաչաձևվող կենսագործման, մեղմ ասած, անհարմարություններից «վերևներում» այդպես էլ լուրջ արձագանք չեն գտնում: Պետությունը, սիրահոժար աջակցելով ավանդական դարձող ու նորահնար գրեթե բոլոր փառատոնային նախագծերին, կարծես թե չի մտահոգվում դրանց առավել արդյունավետությամբ: Գերնպատակ հետապնդելով Հայաստանը տարածաշրջանի մշակութային խաչմերուկ դարձնելը` չի անհանգստանում հայաստանցիներին առավելագույնս համաշխարհային արվեստի արդի դրսևորում ներին լիարժեք պատկերացում տալու մասին: Ստացվում է, որ առաջնայինը ոչ թե հանրությանը հոգևոր բարձրարժեք լիցքեր ներարկելն է, այլ զանգվածային հանդիսաշարերի առատությամբ շլացնելն ու զբաղեցնելը` բացառելով դրանց խորքային իմացությունը: Համատարած տոնախմբությունների մշտարթուն միջավայրում կհանդարտեցվեն քաղաքական թոհուբոհի ավելորդ գլխացավանք դարձող կրքերն էլ գուցե… Հրավիրվում են կատարողական արվեստի հանրաճանաչ ներկայացուցիչներ, որոնց վարպետության վայելած հռչակի մասին այդպես էլ որևէ գաղափար չեն հաջողեցնում կազմել արվեստասերներից շատերը` սեփական փորձով: Աշնանային հանդիսաշարային մարաթոնի կիզակետը, ինչպես միշտ, կատարողական արվեստի «Հայֆեստ» միջազգային փառատոնն է: Քաջատեղյակ նրա նախագահ Արթուր Ղուկասյանի կազմակերպչական չմարող նախանձախնդրությանը` «Հայֆեստ»-ի մշտական հանդիսատեսը, դժգոհ նախորդի ծրագրային ողջ բազմազանության անմիջական ընկալման անհնարինությունից, վեցերորդ մեկնարկին այդուհանդերձ անհամբերությամբ էր սպասում: Գերհագեցած բովանդակության մեջ նորահայտ մշակութային դրսևորումներ անպայման գտնելու ակնկալությամբ: Մեծ է հետխորհրդային տարածաշրջանում 2006-ից ամենահեղինակավորը (բացառությամբ` Մոսկվայի) ճանաչված «Հայֆեստ» -ի տեսականին: Եվ, հիմնականում, հուսախաբ չի անում համաշխարհային մշակույթի առկա տիրույթում գերիշխող գեղագիտական միտումների նորույթներին ծանոթանալու համոզվածությամբ փառատոնային իրարանցման մեջ անմնացորդ ներգրավվածներին: IETM, ASSITEJ, IFEA համաշխարհային թատերացանցերին անդամակցող «Հայֆեստ» -ը, ընդգրկման ոլորտի ընդլայնմամբ ու հաստատվող կապերի ամրապնդմամբ, տարեցտարի ժամանցային ընտրության ավելի մեծ հնարավորություն է տալիս: Առանց տարիքային սահմանափակման: Զուգահեռ անցկացվող տիկնիկային փառատոնով բավարարելով նաև մանուկ թատերասերի հոգևոր պահանջները: Վեցերորդ «Հայֆեստ»-ին նույնպես անկարելի եղավ ամբողջովին հաղորդակցվել: Միաժամանակ 17 բեմահարթակներում միայն վառ երևակայության թռիչքով է հնարավոր հայտնվել ու կենդանի տպավորություն ների ամբողջականությունը ապահովել: Անդավաճան երկրպագուների տրտունջներին մշտազվարթ ու բազմազբաղ Արթուր Ղուկասյանը հակադրվում է իր դիրքորոշմամբ. «Գաղափարը հենց սա է: Փառատոնը տոնախմբություն է, զվարճալի տոն, խենթ տոնակատարություն, և մեր փառատոնն էլ հենց այսպիսին է: Լավ է, որ հանդիսատեսն ամեն ինչ անում է մեկ օրվա ընթացքում 8 ներկայացում դիտելու համար, և երազում է Հայ Ֆեստի հաջորդ կայացման մասին»: Մրցունակ հանրահռչակ փառատոներին Ներկայացնելով Հայաստանում արտերկրի մշակույթը` «Հայֆեստ»-ի կազմակերպիչները նպատակ ունեն խթանելու մեր կատարողական արվեստի զարգացումը: Մրցակցելով Էդինբուրգի, Ավինիոնի, «Ոսկե դիմակ» հեղինակավոր փառատոների հետ` համապատասխանեցնել անցկացման կազմակերպչական ու բովանդակային պատկառելի մակարդակը միջազգային ընդունված չափորոշիչներին: Միաժամանակ մոտավոր պատկերացում տալով արդի գեղագիտական մտածողության հիմնական միտումների ու մասսայական հոգևոր համատարած պահանջարկի մասին: Աշնանային ամենամյա ցուցադրությունների գերհագեցած ծրագրից դուրս կազմակերպված քննարկումները, համաշխար հային թատերացանցի անդամ երկրների ճանաչված գործիչների հետ, նպաստեցին փառատոնային իրարանցման ընթացքում ստացված թռուցիկ տպավորությունների ճշգրտմանը: Արթուր Ղուկասյանի շուրջ համախմբված նվիրյալների (նաև` կամավորների, ովքեր փառատոնի անցկացման օրերին ժրաջան համակարգում են անսայթաք ու բարեկիրթ ընթացքը) շնորհիվ «Հայֆեստ»-ը կազմակերպչական ենթադրվող պատկառելի մակարդակի, իհարկե, հասավ: Եթե անտեսենք արտառոց տառասխալներով լույս ընծայված բուկլետը: Անգրագիտության հանրագիտարան, անհարիր կազմակերպիչների վարկանիշային նկրտումներին: (Ի դեպ, երախտապարտ լինելով կազմակերպիչներին բարյացակամ, լրջմիտ ակտիվությանս գնահատության համար, լիովին բավարարված կզգայի, եթե ինձ շնորհված վկայագրում կարևորված լիներ նաև փառատոնի հայրենիքի լեզուն): Հնարավոր լիներ մեր փառատոնում ներառել համաշխարհային բեմահարթակի իսկապես ամենահաջողված նմուշները (չեմ ասում` լավագույնները, դրանք մեզ համար չափազանց թանկ հաճույք են), մեն-մի «Հայֆեստ»-ով միանգամայն կարելի կլիներ լցնել փոխշփումների կտրուկ նվազմամբ առաջացած տասնամյակների մեկուսացնող անջրպետը: Այդուհանդերձ, ամենամյա մեծաթիվ խաղացանկում գտնվում են մի քանի ներկայացումներ, որոնց թողած տպավորություններն անխամրելի են մնում: Եվ, իրոք, բուռն ցանկություն են հարուցում ընդգրկվելու հաջորդի ոլորապտույտում` նոր արվեստափայլ արտահայտություններ որսալու հավատով: Վեցերորդ մեկնարկի արվեստաշնորհ շողարձակումը Հոկտեմբերի 4-12-ը մայրաքաղաքային արվեստասեր հանրության համար իմաստավորված էր գերազանցապես վեցերորդ «Հայֆեստ» 32 երկրներից ժամանած 62 թատերական ու պարային խմբերի 82 տարաժանր, բազմաոճ ներկայացումների հնարավոր մեծամասնությանը անմիջականորեն հաղորդակցվելով` դրամատիկ, երաժշտական, պարային, տիկնիկային, կրկեսային… Ամենօրյա բացօթյա զվարճալի շոուները` Շոն Ռունիի (Միացյալ թագավորություն, Կանադա) «Փուչիկստանը», «Զակլամայի» (Լյուքսեմբուրգ) «Լուֆոկ դիմակահանդեսը», «Զառամա»-ի (Աֆրիկա) «Սարսափե°ք դիմակից» ավանդապարը Ազնավուրի հրապարակում որոշակի հետաքրքրություն էին առաջացնում նաև պատահական անցորդների մոտ: Սրանց արթնացրած զվարթ տրամադրությունը փորձում էին բարձրակետին հասցնել "ԾպրՑՏ Պ…"-ն (Բիշքեք)` ավտոբուսային «Մարշրուտկստան» իմպրովիզացիայով, Քարեն Բյոսերը (Գերմանիա)` Գիլգամեշի հնագույն պոեմի մեկնաբանությամբ և «Անտագոնը (Գերմանիա)` բազմաոճ «Թայմ Աութ»-ով` Կիրովի անվան զբոսայգում: Ամեն երեկո Ժան-Ժակ ակումբում հավաքվող մասնակիցները շուտով մտերմացան միմյանց ու ամենահետաքրքրված հայ հանդիսատեսի հետ, ով անձնական ծանոթություն էր փնտրում իրեն ամենից շատ դուր եկած դերասանախմբի հետ: Մինչ ուշ գիշեր ձգվող զրույցներում մասնակի պատկերացում էր ձևավորվում նաև չդիտված աշխատանքների մասին` ինքնաբուխ քննարկումների հանրագումարում: Օտարալեզու ներկայացումների թերըմբռնումը որոշ չափով հաղթահարվում էր` հետահայաց նոր հմայք, սակայն չավելացնելով նախնական անմիջական, թող որ առավելապես տեսազգայական, ընկալմամբ ստացվածին: Չգերազանցված էր մնում համընդհանուր խանդավառությունը Նելլի Դուգար-Ժաբոնի անվան բուրյաթական "ճպսՏՉպՍ" պլաստիկ դրամայի թատրոնի «Խեղկատակի անամորֆոզներ» (բեմադրիչ` Իգոր Գրիգուրկո) ֆանտազիայով` նվիրված Սալվադոր Դալիին: Փառատոնամուտի այս արվեստաշնորհ շողարձակումն ամենքին էր հուզել պարի, մնջախաղի, բալետի, ակրոբատիկայի ներդաշնակությամբ դրամատիկ զգացողություններ արթնացնող գեղանկար կերպարանափոխություններով, երաժշտությամբ: Դալիի «Մի վախեցեք կատարելությունից, քանզի այն ձեզ չի սպառնում» մտքին համարժեք դրվագներում մշտառկա էր անվանի նկարչի աներևույթ ներկայությունը: Պլաստիկ լուծումների անսպասելի անցումներով, գույների, լուսավորության տպավորիչ համադրություններով միմյանց էին հաջորդում խորհրդանշական կերպարներով ձևավորվող ֆանտաստիկ, արթմնի երազները: Միզանսցենների ցայտուն արտահայտչականութ յամբ բեմահարթակում աննկատ կենդանանում էին նկարչի աշխարհայացքով ասես հորինված նորանոր կտավներ, կազմում յուրատիպ պատկերասրահ: Ներթափանցված լինելով աղճատված գոյի ինքնահատուկ կենսափիլիսոփայությամբ` դրանք տագնապահույզ խոհական տրամադրությամբ էին վարակում հանդիսատեսին: Գերծանրաբեռնելով մտքի լարվածությունը` փոքր-ինչ էլ հոգնեցնում: Դերասանախմբի կատարողական բարձր վարպետության վառվռուն դրսևորումներով, սակայն, ամենևին չէր թուլանում առեղծվածային թատերախաղի նկատմամբ հետաքրքրությունը: Ի սկզբանե: Պայմանավորված 2004-ին նույն «Հայֆեստ»-ի շրջանակներում ներկայացված «Անձրևի երգեր»-ի արտասովոր թատերայնության հիշողությամբ. Տղամարդու և Կնոջ հավերժական փոխհարաբերությունների ենթաշերտերը խորաթափանց համոզչականությամբ էին բացահայտվել Դալայ-Լամա VI-ի պոեզիայի մոտիվներով, եվրասիական արվեստի հնագույն ու մոդեռն նրբահնար ինքնաստեղծ համաձուլվածքով: Կատարողական արվեստի տարատեսակների հնարամիտ զուգակցմամբ գտնված արտահայտչամիջոցների բյուրեղացմամբ բեմավորված պլաստիկ դրամաների ուրույն գեղագիտությամբ, դերասանախմբի բազմաշերտ վարպետությամբ "ճպսՏՉպՍ"-ը, ըստ իս, միջազգային թատերաբեմում մրցակից չունի: Դարասկզբի մշակութային կածաններում «Հայֆեստ»-ի հախուռն ընթացքի հորձանուտում հևասպառ հայ արվեստասերը, հնարավորինս հաղորդակցվելով ներկայացումների մեծամասնությանը, այնուամենայնիվ կարողացավ տարբերակել դարասկզբին բնորոշ ամենաակնառու մշակութային միտումները: Հիմնականում կենտրոնանալով արտերկրի բազմատեսակ թատերախմբերի մատուցած գեղարվեստական արտադրանքի խորիմաց ճանաչողության վրա` մտովի համադրեց այն քաջածանոթ հայկականի հետ: Առանց ազգային սնապարծությանը անհարկի տուրք տալու` գոհունակությամբ նկատեց, որ «Հայֆեստ»-ի ընտրանիում վերջինիս տեսակարար կշիռը սպասվածից անհամեմատ ծանր էր: Ստեղծագործական որոնումների հիմնական ուղղվածությունն էլ, ըստ էության, ամենուր, դարի հրամայականով է պայմանավորվում: Նոր ժամանակների առանձնահատկությունների շեշտադրությամբ ներկա իրականության գեղարվեստական արտացոլումը` ավանդական կարծրատիպերից չկառչած, արդիաշունչ ու նրբասույզ մտավոր-տեխնիկական վարպետ հնարագիտությամբ: Հրատապ է մնում դարասկզբի ծնած մարդկային տիպերի, գլխավոր հերոսի արժանահավատ, ընդհանրացված, գունագեղ մարմնավորումը: Արդի արվեստագետների միջին ու նոր սերունդը չի բավարարվում համաշխարհային մշակույթի հնամենի գանձարանում մերօրյա աղերսների պեղումներով, որոնց հենքի վրա իրենում կուտակված ասելիքը եզոպոսյան լեզվով է միայն կարողանում ձևակերպել: Ոմանք պարզապես մերժում են հինը` փորձելով այսօրվա սրընթաց ռիթմին ու կատակլիզմներին հարիր սեփական գեղարվեստական արտադրություն զարգացնել: Հենց այս ձգտումը խթանեց նորահայտ «Նոր դրամա» գրական հոսանքի ծնունդն ու լայն տարածումը: Առերևույթ չհամապատասխանելով դրամատուրգիական ստեղծագործության հանրահայտ կառուցվածքային չափանիշներին` «Նոր դրաման», այդուհանդերձ, երիտասարդ ու միջին սերնդի թատրոնի մարդկանց գրական պահանջներին հագուրդ է տալիս: Չկաշկանդելով (ես կասեի` գերպրկելով) բեմադրական տեսիլքը` ձերբազատում է թատերարվեստի մասին ընդունված պատկերացումների` ինչ-որ առումով երևակայության սլացքը կասեցնող կապանքներից: Եվ ծնվում են երբեմն, առաջին հայացքից, թերարժեք ու արտառոց թատերախաղեր, որոնք հանդիպում են ավանդապաշտ հանդիսատեսի քամահրական ընդվզմանը: Հատկապես չափի զգացման ու բնատուր օժտվածության բացակայությամբ բեմավորվածները: Նորերը, միևնույն է, չեն ընկրկում: Նույնիսկ հաջողեցնում են սնամեջ, պարզունակ տեքստերին թատերական լիարյուն կյանք պարգևել` բեմադրական տաղանդավոր մտածողութ յամբ, հոգեբանական ներգործուն դերակատարումներով: Լուսային, հնչյունային ու նկարչական արտասովոր, ընդհանուր տպավորությունը խորացնող ձևավորումներով, տեխնիկական հնարքների հագեցվածությամբ: Բարձր արվեստի հավակնորդները քիչ են, անշուշտ: Գնահատման չափանիշներն էլ միանգամայն տարբեր են, առավելապես` մերժելի: Բայցևայնպես, ստեղծագործական ազատության ձգտումը տարեցտարի ստվարացնում է «Նոր դրամայի» ջատագովների բանակը` գայթակղելով ավելի շատ սկսնակներին, որոնցից մի քանի ամենաշնորհալիները լուրջ հայտով են մուտք գործում խայտաբղետ թատերաշխարհ: Նրանց համար հավատընծա կողմնորոշիչներ էին, կարծում եմ, փառատոնի նորաոճ աշխատանքներից շատերը: Հատկապես «Նոր դրամայի» հանրահռչակ անուններից մեկի` Լոնդոնի «ROYAL COURT» թատրոնի ռեժիսոր, դրամատուրգ Մարկ Ռավենհիլի հետ անձնական ծանոթությունը: «Հայֆեստ»-ի հրավերով Ռավենհիլը մեր երիտասարդ դերասանների մասնակցությամբ ընդամենը 4 օրում բեմադրեց իր «Կրակի°ր: Վերցրո°ւ գանձը: Կրկնի°ր» ժողովածուի 17 պիեսներից մեկը` «Դրախտը կորսված է»: Այս ներկայացման շուրջ ծավալված տարակարծիք զրույցներով հստակ ուրվագծվեց մամուլի կողմից «մեր ժամանակների Շեքսպիր» որակված անգլիացի արվեստագետի որդեգրած թատերական հավատամքի, արդի բեմահարթակներում դրա հաղթարշավի համապատկերն ու իրական բովանդակությունը: Ինքը` Ռավենհիլը, համոզմունք հայտնեց, որ դասական թատրոնի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մարում է: Արևմուտքում դա ակնհայտ է: «Հայֆեստ»-ի այս ամենաթանկարժեք «ընծան», վստահ եմ, որ գործնականում կճշգրտի ազատատենչ նորերի հետագա ստեղծագործական որոնումների ուղին: Դատելով այս փառատոնում ծնված հայ-իտալական համատեղ նախագծի` «Յոթ զգացողություններ» ներկայացման (ներշնչված Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմից) առաջնախաղից` նրանցից մեկը` ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահան Բադալյանը արդեն հստակեցված ու աստիճանաբար ավելի հղկվող սեփական ձեռագրով է հանդես գալիս, ինչի մասին վկայեցին նրա մի քանի աշխատանքների կուռ խմբագրված տարբերակների ներկայացումները: «Վերևների» կամքով «Հայֆեստ» ներմուծված «Վիլյամ Սարոյան-100» միջանկյալ փառատոնը, ցավոք, լուրջ ուշադրության չարժանացավ: Ամերիկացի մեծանուն հայ գրողին, ըստ իս, հարկ էր առանձին մեծարել: Նույն «Հայֆեստ»-ի անցկացման ժամկետը փոքր-ինչ երկարաձգելով` զուտ սարոյանական 17 ներկայացումները ցուցադրել` յուրովի անջատելով ընդհանուր ծրագրից, հոբելյանավայել կարևորել: Այդ դեպքում միայն ըստ արժանվույն, ի լուր աշխարհի, հարգանքի տուրք մատուցած կլինեինք նրա գրական վաստակին, թողած հարուստ ժառանգությանը: Եվ կարելի կլիներ նաև գնահատել նոր բեմադրությունները, որոնք պատվիրվել էին այդ կապակցությամբ: Երբ դրանց ներկայացումներից վերանա հապճեպության կնիքը, ինքս կփորձեմ պատշաճ ուշադրությամբ անդրադառնալ: Չէ՞ որ ամենքն են լուրջ վերաբերմունքի կարոտ: Առանձին -առանձին: Ինչպես, ասենք, Արմեն Էլբակյանի սարոյանապատումը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ