Լիտվացիների թշնամիները 


 

Լիտվայի բնակչության կեսը իրենց երկրի հանդեպ թշնամական է համարում Ռուսաստանի և Բելառուսի վարած քաղաքականությունը: Այս կարծիքն ամրագրել է օրերս անցկացված հարցումը` BNS տեղեկատվական գործակալության պատվերով:

Հարցվածների 10 %-ը հայտարարել է, որ Ռուսաստանը թշնամանքով է վերաբերվում Լիտվային, իսկ 40 %-ն այդ վերաբերմունքը որակում է «առավել թշնամական»: 14 %-ն էլ` «բարեկամական», իսկ 32 %-ը` «ավելի բարեկամական» է համարում ՌԴ-ին (հաղորդել է «Ինտերֆաքս»-ը):

Բելառուսը թշնամական են համարել 8, «ավելի թշնամական, քան բարեկամական»` 43 տոկոսը: Յուրաքանչյուր 10-րդ հարցվածը Բելառուսը դիտել է որպես բարեկամ, յուրաքանչյուր 3-րդը` «ավելի բարեկամական»:

Լիտվացիներն ամենաջերմ զգացմունքները տածում են Լատվիայի, Էստոնիայի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների հանդեպ (80-90 %). 37 տոկոսն էլ վստահելի բարեկամ է համարում Լեհաստանը:

Ռուսաստանի նկատմամբ գրեթե նույնպիսի ցուցանիշ է գրանցվել և Վրաստանում: Երկրի քաղաքացիների 48 %-ը Ռուսաստանը լուրջ սպառնալիք է համարում իրենց պետության համար (ամերիկյան «Ազգային-ժողովրդավարական ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպության անցկացրած հարցումների արդյունքով): Թբիլիսիում զգուշանում են, որ Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի կողմից անցկացվելիք մարտավարական վարժանքները ՌԴ-ն կարող է օգտագործել` ներխուժելու Վրաստան: