Էբոլի տենդը Եվրոպա հասավ


Աֆրիկյան մայրցամաքում հիմնավորվելուց ու մարդկային կյանքերի առատ հունձ կատարելուց հետո էբոլի տենդ կոչվող անբուժելի ախտն իր հերթական զոհին գտավ Իսպանիայում: Մադրիդի հիվանդանոցում դրանից վախճանված իսպանացի հոգևորական Միգել Պահարեսը առաջին եվրոպացին է, ում չխնայեց մահացու տենդը:

75-ամյա կղերականը վարակվել էր Լիբերիայում, ուր նա աշխատում էր ոչ կառավարական ինչ-որ կազմակերպությունում և հայրենիք էր վերադարձել օգոստոսի 7-ին: Նրա հետ Մադրիդ էր եկել նաև միանձնուհի Հուլիանա Բոնը, և բժշիկները ենթադրում էին, որ նա նույնպես կարող է վարակակիր լինել: Բարեբախտաբար հետազոտություն ների արդյունքում պարզվեց, որ միանձնուհին առողջ է (տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը):

Հիվանդության բռնկումներ են գրանցվել Սյեռա-Լեոնեում, Լիբերիայում: Գվինեայում և Նիգերիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալներով` էբոլի տենդից արդեն մահացել է 1013 մարդ, իսկ բացահայտված վարակակիրների թիվը շուրջ 1450 է: Այս հիվանդությամբ վարակվածների շրջանում մահացությունը 55-60 % է: