ԳԱՐՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԺՊԻՏՈՎ


Դու էդքան տաք ու պաղ օրեր տեսար ու եկար Սարիղամիշի անտառի՞ մեջ ընկար: Էդ չեղավ, Ախո: Անդոկից ու Կեպինից հետո Սարիղամիշը սպանվելու՞ տեղ էր, որ դու սպանվեցիր: Դու որ բոլորի բախտի գուշակն էիր, ինչպես եղավ, որ անգուշակ ընկար էս չամի անտառի մեջ: Դու ինձ մեծավոր, ես քեզ փոքրավոր, ինչու՞ սխալվեցիր: Ախ, Ախո, դու իմ թանկ պահած ու էժան ծախված հայրապետ: Ե´լ, ե´լ, Փեթարա առյուծ, ե´լ:

Մեր գլխի վրա գելհավք երևաց, Ախո: Աշխարհի մակարդակը փչացավ, Ախո: Մարդիկ հավասարվել են մկնլեզներին: Վա´յ ինձ, վա´յ ինձ. դու, որ գիտեիր աստղերը կորեկի պես հաշվել, մի էժան հուլունքի պես կորար էս անտառի ղամիշների մեջ:

Խաչիկ Դաշտենց

«Ռանչպարների կանչը»

Ես ասում եմ` դավաճանություն է ժողովրդին ներշնչել, թե ինքը փոքր է ու անզոր: Երեք միլիոն, թե երեք հարյուր միլիոն` օրհասի պահին պայքարողը շատ-շատ մեկ միլիոնն է: Իսկ մեկ միլիոն անձնուրաց պայքարող էս ազգն իր միջից կարող է հանել: Ապացուցված բան է:

Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է:

Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար... Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես... Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա` ո՞վ է ինքը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Ցուրտ ձմեռից հետո կրկին գարուն եկավ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ժպիտով եկավ: Եկավ` ջերմացնելու մեր սրտերը: Այս գարուն` մարտի հինգին կլրանար նրա 55 տարին: Լրացավ Սպարապետի 55 տարին: Զինակիցները կարոտով բարձրացան Եռաբլուր, նրանց հուզախռով լռությանը միախառնվեց Արայի լեռան խորխորատ ներից ու Հայոց պատմության վաղնջական ժամանակներից ծայր առած մեղմ հովը...

Սպարապետի մտերիմ զինակից, ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի վարչության պետի տեղակալ, Սևանի կամավորական ջոկատների հրամանատար, գնդապետ Սուրիկ ՍԱՐԳՍՅԱՆԻ , ինչպես զինակիցներն են կոչում` Սևանցի Սուրոյի հուշերից մի հատված:

ԱՌԱՋԻՆ անգամ Վազգեն Սարգսյանին հանդիպեցի 1989 թ. Սևանում կազմակերպված հանրահավաքներից մեկի ժամանակ: Ելույթ էի ունենում, որ ասացին. «Վազգեն Սարգսյանն է եկել»: Ծանոթացանք հենց հարթակի վրա: Հարցրեց. «Ի՞նչ եք քննարկում»: Հանգամանալից զրուցեցինք: Դրանից հետո գնում էինք ՀՀՇ-ի շտաբ, ըստ իրավիճակի լարվածության, հանձնարարություն ստանում` մեկնել Կրասնոսելսկ, Իջևան, Նոյեմբերյան... Այդպես` մինչև 1990 թ.: 1990-91 թթ. կամավորական ջոկատների կազմավորման շրջանն էր: Ինքնաշեն զենքեր էինք հայթայթում, փորձում զենքերի արտադրություն կազմակերպել: Օդի պես զենք էր անհրաժեշտ` գնալով վայրագացող թուրք ելուզակների ու նրանց աջակցող, օգնող խորհրդային զորքի դեմն առնելու համար: Հիմա` 25 տարիների հեռվից այդ օրերն անիրական, զարմանալի են թվում` ներծծված կորուստների ցավով, թշնամու դեմն առնելու անկասելի կամքով, հույս ու հավատով: Անձնական, ընտանեկան հոգս ու խնդիր անտեսված էին, մոռացված: Յուրաքանչյուրի ու բոլորի կամքը, ներուժը կենտրոնացած, սևեռված էին հաղթելու գաղափարին: Ի՞նչանկասելի եռանդով էինք ձեռնամուխ եղել ինքնապաշտպանության կազմակերպման գործին` պատրաստ հաղթահարելու ամեն դժվարություն ու արգելք. անգամ` անկարելին: Եվ այդ կամքն ու հավատը ուղղորդողը, ովը, որտեղն ու երբը որոշողը, համակագողն ինքն էր:

Խորհրդային բանակի «Ալֆա» ջոկատն ու ադրբեջանական օմոնականներն անձնագրային ռեժիմի պատրվակով բռնություններ էին գործադրում արցախահայության նկատմամբ: Առաջին պատասխանատու, բարդ հանձնարարությունը. Վազգեն Սարգսյանի հրամանով Արկադի Տեր-Թադևոսյանը, հրազդանցի Սասուն Միքայելյանը, հոկտեմբերյանցի Գառնիկը և ես, հետո մեզ միացավ էջմիածինցի Մանվել Գրիգորյանը, ձեռնամուխ եղանք ադրբեջանցի ելուզակներին ու նրանց հովանավորող զորքին Գետավանից Մարտակերտ ու Հաթերքի գյուղերի տարածքից դուրս հանելու գործողություններին: Արդեն մի շարք պաշտպանական հենակետեր էինք ստեղծել: 1991թ. օգոստոսին` Մոսկվայի պուտչի օրերին (ամսի 18 թե 19-ին, ստույգ չեմ հիշում) առաջադրանք տրվեց` «Ալֆա» ջոկատի անդամներից և ադրբեջանցի օմոնականներից պատանդ վերցնել և խորհրդային բանակի հրամանատարությանը` զորքն ու ադրբեջանական օմոնն Արցախից հանելու պահանջ ներկայացնել: Մեծ դժվարություններ հաղթահարելու գնով մեզ հաջողվեց իրագործել այդ ծրագիրը:

Պուտչի այդ խառը ժամանակ լուրեր էին շրջանառվում «Փառանձեմ» կանանց ջոկատի անօրինակ խիզախ գործողությունների` խորհրդային բանակի սպաներին ու ադրբեջանական օմոնականներին պատանդ վերցնելու մասին: Իրականում կանանց ջոկատ չկար, մեր ջոկատն էր, որը կոչել էինք ջոկատի ուղեկցորդ` արցախցի տղաներից մեկի տատի անունով: Կանանց ջոկատ էինք ներկայանում` Մոսկվայի իշխանություններին հայ կամավորականների դեմ չտրամադրելու, արդեն իսկ լարված իրավիճակն ավելի չսրելու համար: Պատանդ վերցնելու մեր գործողությունը մեծ աղմուկ բարձրացրեց:

Բազավորվել էինք Հաթերքի անտառներում` մեզ հետ վերցնելով 43 պատանդներին և կրելով այդ վիճակին բնորոշ նեղություններն ու հոգեկան լարվածությունը: Բանակցություններ էինք վարում, պահանջում դադարեցնել անօրինականությունները, հեռանալ Արցախից, այլապես պատանդները կոչնչացվեին: Սովահար, լարված վիճակը սրել էին մեր զգացողությունները:

Մի բան հաստատ էր. ինչ էլ որ լիներ` պետք է հասնեինք մեր նպատակին: Այդ բարդ, պայթյունալի պահին մեզ այցելեցին Վազգեն Սարգսյանը, Բաբկեն Արարքցյանը, Սերժ Սարգսյանը և Մոսկվայից ժամանած «Զինծառայողների մայրերի կոմիտեի» ներկայացուցիչները: Մենք կրկնեցինք ադրբեջանական օմոնն ու խորհրդային զորքն Արցախից հանելու մեր պահանջը: Եվ որ մինչև մեր իշխանությունները չհաստատեն, որ բանակը հանված է, պատանդներին ազատ չենք արձակի: Նրանց գնալուց հետո էլ տասն օր անտառում մնալուց հետո պատանդների հետ սոված-ծարավ մնացինք անտառում: Ի վերջո, 45 օր անց անտառում մնալուց հետո, մեր պահանջը կատարվեց` զորքը հանեցին: Պատանդներին հանձնեցինք մեր իշխանություններին, նրանք էլ` ում որ հարկն էր:

Աշխարհից կտրված, մեկուսացված այդ ծանր օրերին, արդեն մեկ շաբաթ հոլիկներից դուրս չէինք ելնում: Գիշեր էր: Հանկարծ ձայներ լսվեցին: Գոռացինք. «Պատրա´ստ, մարտի ենք գնում»: Սակայն դեռ հեռվից զգացվեց, որ զինվորականների քայլք չէ: «Չկրակե´ք, չկրակե´ք»,- գոռում էր Ռաշիդը: Մոտեցան: Տեսանք Վազգեն Սարգսյանն է` շալակին երկու պարկ, մի տոպրակ: Պարկերում հաց էր, տոպրակում` գլուխ պանիր: Սրտացավորեն մեզ ուտելիք էր հասցրել: Նայեցի տոպրակին, հարցրի. «Ինչու՞ է կիսատ»: Վազգենը բացականչեց. «Վա´յ, մի գլուխը կորցրել եմ»: Ռաշիդի հետ գնացին, փնտրեցին, գտան «դասալիք» պանիրը:

Այդպիսին էր Վազգենը: Անգամ ամենանեղ վիճակում մտածում էր մեր մասին: Բոլորի մասին էր մտածում: Արցախ մեկնելիս մեզ ասում էր. «Վերադարձին ոչինչ հետ չբերեք»: Մեր զենքերը թողնում էինք, վերադառնում, թեև դրանք հեշտությամբ չէինք ձեռք բերում: Անասելի ցավ ու տառապանք էր ապրում ջոկատների հրամանատարների զոհվելու լուրն առնելիս: Բոլորի հանդեպ էր սրտացավ: Այդ տարիքին, քաղաքական բովին անփորձ, նա ինքնաբուխ որդեգրել էր բանակ ստեղծելու գաղափարը` քաջ գիտակցելով, որ փրկության ելքը դա է և, ի հեճուկս ամեն դժվարության, գնում էր առաջ, և դա իրեն հաջողվում էր:

Ովքեր էին, որ այդքան չէին ուզում Հայաստանը բարգավաճի... Այսօր մեր տարածաշրջանում և աշխարհում ծայրաստիճան լարված վիճակ է:

Յուրաքանչյուր հայի գերագույն նպատակն ու հոգու պարտքը պետք է լինի անել հնարավորինը` Սպարապետի երազած «բարեբեր աշուններն» իրականացնելու համար:

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ