Խաղամոլ տատիկները


 

Կարելի է կարծել, թե Կիպրոսում իրավապահներն անգործությունից պատեպատ են զարնվում: Եվ այդ պատերից մեկի ներսում հայտնաբերել են այսպես ասած տնային պոկեր խաղացող` 62- 98 տարեկան 44 թոշակառուհիների: Երկու տարի հետևել են, ճշտել նրանց հավաքվելու տեղն ու ժամը և ներխուժել են Լիմասոլ առողջարանային քաղաքի այն տունը, որտեղ տարեց կանայք իրենց ձանձրույթն են ցրել: Անակնկալ այդ ներխուժումից սարսափած` կանանցից մի քանիսը փորձել են «ճողոպրել», մյուսները փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում: Իսկ նրանցից մեկն «օպերատիվ գործողություն» իրականացնող ոստիկաններին խնդրել է սպասել` մինչև ինքն իր քայլը կատարի:

- Նրանք խաղում էին շատ փոքր գումարով. դա բոլորովին անմեղ ժամանց էր: Հիմարություն է, որ ոստիկանությունը ժամանակ է ծախսում նման այցերի վրա` երբ կարող էր զբաղվել իսկական հանցագործներ բռնելով,- Life News-ին պատմել է 98-ամյա կասկածյալ Եֆտիչիա Յասեմիդուի դուստրը:- Իմ մայրն անօրինական ոչինչ չի արել և շարունակում է պոկեր խաղալ, որովհետև նրա միտքը նախկինի պես բավական սուր է: Նա մտադիր է գնալ դատարան` եթե բժիշկը թույլ տա:

Մոլեխաղերն արգելվում են Կիպրոսում, իսկ խաղացողները պատժվում են 6 ամիս ազատազրկմամբ և 750 եվրո տուգանքով:

Տատիկների հետ կատարվածը զանգվածային բողոքի ալիք է առաջացրել: Դատախազից խնդրել են վերանայել գործը, և որոշվել է չեղյալ համարել տարեց կանանց դատական հետապնդումը: