Փարավոն ՄԻՐԶՈՅԱՆ


 

Փարավոն ՄԻՐԶՈՅԱՆ. Ազգային պատկերասրահի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ՍԱՐՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Վարպետ Սարյանը շատ էր սիրում մտնել «փակ շուկա» և քայլել շարքերի միջով: Նայում էր մրգերին, զմայլվում դրանց գույներով, տեսքով, հետո ընտրում էր իր հավանածներն ու գալիս տուն: Դրանք շուտով տեղ էին գտնում Մարտիրոս Սարյանի կտավներում: Այսպես նա ստեղծում էր իր պատկերացրած Հայաստանի կերպարը, այսպես նա ձևավորում էր Հայաստանը… Հենց այդ Հայաստանն է դրոշմված իմ գիտակցության մեջ, այդ Հայաստանի գույներն ու համը զգալու համար եմ ես մոտենում նկարակալին ու տրվում երևակայությանս… Այդպես եմ վարվում, որովհետև մենք մեծացել ենք սարյանական Հայաստանի գույներով:

Հիմա մի քիչ այդ գույները խամրել են, որովհետև մենք քիչ ենք Հայաստան նկարում, քիչ ենք ձգտում նրա կերպարի ճանաչմանն ու զգացողությանը: Երևի այդ է պատճառը, որ մեր մեջ մի քիչ պակասել է հայրենասիրությունը: Ուզում եմ, որ Նոր տարում վերադառնանք դեպի Սարյանի Հայաստանը, վերադառնանք դեպի տոնական ու գունազարդ Հայաստանը և դուրս մղենք մռայլը:

Արվեստագետներին է տրված մարդկանց մեջ հավատը վառ պահելու առաքելությունը, դրա համար էլ ուզում եմ, որ մենք Հայաստան նկարելով` մարդկանց մեջ հավատ ու լույս ներարկենք, ապրենք մեր գեղեցիկ Հայրենիքի ուրախություններով:

Նոր տարում բոլորիս մաղթում եմ մի նոր` սարյանական գույներով լցված Հայաստան…