«Պատգամավորը կապող օղակ է պետական չինովնիկի


- Ի պատիվ Հանրապետականի, պետք է ասել, որ վերջին ժամանակներս այն փոխել է իր գործելաոճը. մարդկանց հետ սկսել է աշխատել ոչ թե տները մտնելով, ծրագրեր բաժանելով, այլ մամուլի, զանգվածային լրատվության միջոցով է փորձում ասել, թե իրենք ի՞նչ են ուզում, ի՞նչ են ցանկանում: Սա նման է ընտրապայքարի: Ես մինչև այսպիսի պայքար չտեսնեմ, չեմ կարող ասել, թե ո՞րն է մեր քաղաքական դաշտի ծանրակշիռ ուժը,- ներքաղաքական զարգացումների մասին դատողություններ անելիս հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վահրամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: - «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը չի մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին, քանի որ այն որպես այդպիսին դեռ չի կայացել և բացի այդ, չարժե այսրոպեական ինչ-ինչ հարցեր լուծելու համար, դեռ նախաձեռնող խմբի մակարդակում գտնվող կառույցի ուսերին այնքան մեծ բեռ դնել, որից կարող է նա ջլատվել ,- գտնում է նա: Պատգամավորի կարծիքով` «Ժողպատգամավոր» խմբին ընտրական հանձնաժողովներում հատկացվելիք տեղը չի կարելի մատի փաթաթան սարքել, քանի որ այդ մի տեղը ընդհանուր գործընթացում չի կարող գործոն լինել. այն էլ այնքան, որի համար կարելի է վիճել: Ժողպատգամավորը նույնիսկ պատրաստակամություն հայտնեց` այն ընտրատարածքում, ուր քվեարկվելու է իր իսկ թեկնածությունը, բոլոր հանձնաժողովներում «Ժողպատգամավորին» վերապահված տեղերը նվիրել այլոց: - Օրերս խորհրդարանին ներկայացվեց Ազգային անվտանգության ռազմավարությունը: «Ժողպատգամավոր» խմբի կողմից լրացուցիչ առաջարկություններ եղե՞լ են: - Ընդհանուր առմամբ լրացուցիչ առաջարկությունները շատ քիչ էին: Կային խմբագրական բնույթի առաջարկություններ, որին մասնակցել ենք նաև մենք: Սկզբունքային առաջարկներ առանձնապես չեն արվել: - Առաջիկա ընտրություններում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: - Դիտորդությունը ընտրությունների անհրաժեշտ բաղադրիչներից է: Այն նպաստում է ժողովրդավարության կայացմանը: Ի վերջո, մենք թաքցնելու բան չունենք: - Դուք դիմելո՞ւ եք Կառավարությանը` դիտորդներ հրավիրելու պահանջով կամ առաջարկով: - Անկեղծ ասած` այդ հարցը դեռ չենք քննարկել: - Ձեր ունեցած տեղեկություններով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին համարժե՞ք են իշխանությունների գործողությունները: Չմոռանանք, որ նա ազատամարտիկ է եղել: - Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել: Կարծում եմ` առանց լուրջ հիմնավորումների իշխանությունները այդ քայլին չէին դիմի:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ