ԿԱՍԵՑՎԱԾ ՃԱԽՐԱՆՔ


Ափսոսանքի մի գաղտնաթախիծ զգացողություն թույլ չի տալիս սոսկ հրճվանք ճառագող բառերով գծագրել արտիստական այս վառվռուն անհատականության հոբելյանական դիմանկարը: Խորին ափսոսանք արարչական լիաշունչ ճախրանքի հեռագնա վստահ սլացքի դեղնամաղձ, բռնի կասեցման համար, որն արժեցավ հայ ազգային օպերային արվեստի ամենաշողշողուն աստղերից մեկի` ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆԻ երկրային կյանքը` միջազգային խստապահանջ հանդիսատեսի ու համբավանուն արվեստագետների հիացմունքը վաստակած նոր սքանչելի թատերախմբի սինթետիկ գեղագիտությամբ ձևավորված ուրույն արվեստի դարակազմիկ հաղթարշավի պահին£ Բնությունը բեյրութահայ պատանուն շռայլորեն օժտել էր երաժշտական բեմարվեստում երբևէ փայլելու առանց բացառության բոլոր տվյալներով` գեղեցիկ արտաքին, արտիստական գունեղ խառնվածք ու նրբամիտ բանաստեղծական երևակայություն, հնչեղ ու ներազդու խոսք, դրամատիկ խորքերով հարուստ ձայն£ Եվ, որ չափազանց կարևոր է արարչական բարձրարվեստ գործունեության համար, ինքն իրեն հղկելու անզիջում կամք ու համառ աշխատասիրություն, մարդ արարածի ներաշխարհի ամենահեռավոր խորքերը ներթափանցելու ու նրան աստվածային մեծահոգությամբ սիրելու բացառիկ ունակություն£ 1962 թվականից հանդես գալով Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում որպես մեներգիչ` Լևոնյանը մայրաքաղաքային հանդիսատեսի ու խաղընկերների առանձնահատուկ ուշադրությանն արժանացավ առաջին իսկ դերերգով (Կավարադոսի` Պուչինիի «Տոսկա» օպերայում)£ Այնուհետև, վոկալ և դրամատիկական արվեստների բյուրեղացող ներդաշնակութ յամբ, երաժշտական բարձր կուլտուրայի եթերային անմիջականությամբ ու խորը հուզականությամբ անձնավորեց մի քանի տասնյակ լավագույն դերերգեր` Սարո, Տիրիթ, Ժորժ, Տեր¬պապա, Հերման, Էդգար, Դոն Կարլոս, Մանրիկո, Դոն Խոզե, Կանիո, Օթելլո և այլն£ «Կարինե» կինոնկարում (1968) իրենց արտահայտչականությամբ տպավորվեցին Արմենի (տենոր) ու Մարգարի (բարիտոն) նրա դերերգերը£ 1970¬ից Լևոնյանը զուգահեռ զբաղվում է բեմադրական գործունեությամբ` 77¬ից դառնալով թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1991-2000¬ը` տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը£ Լևոնյանը «Ալմաստ» (1986) և «Արշակ Երկրորդ» ֆիլմ-օպերաների բեմադրող-ռեժիսորն ու սցենարների հեղինակն է£ Գործնականում (ամենաերկարակյաց` Վ. Աճեմյանի «Անուշ»¬ում Սարոյի դերակատարն ու երկրորդ ռեժիսորն էր) և տեսականորեն (1977¬ին ավարտում է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը) յուրացնելով երաժշտական դրամատուրգիայի գեղարվեստական թատերայնացման գաղտնիքները` հաստատում ու ամբողջացնում է լավագույն ավանդույթներ նորոգող ու սխեմատիկ կարծրացած բեմադրական մտածողություն ճեղքող սեփական գեղագիտությունը£ Լևոնյան արվեստագետի տաղանդավոր բովանդակությունը ներկայացումից ներկայացում բազմապատկվեց` լրացվելով հարակից արվեստների խորացվող իմացությամբ£ Ծնունդ առնելով պարտիտուրից` նրա «Պայացներ» (1977), «Սևիլյան սափրիչ» (1978), «Դավիթ Բեկ» (1981), «Արշակ Երկրորդ» (1984, 1992), «Լեբլեբիջի Հոր¬Հոր աղա» (1988) երաժշտաբեմական ստեղծագործությունները ձեռք բերեցին նորահնար գոյության իրավունք` միաժամանակ նախանշելով մեր ազգային օպերային թատրոնի շրջափուլային վերելքը դեպի «Պողիկտոս» (1993), «Անուշ» (1994), «Օթելլո» (1995)£ Հայրենասիրական սխրանքի ակնածալից օրինակ են քաղաքական հեղաշրջումների թոհուբոհում, մութ ու ցուրտ տարիների հակաստեղծագործական կենսապայմաններում ծնված այս շքեղ անսամբլային ներկայացումները, որ միջազգային հանրությանը պատկառանք ներշնչեցին մեր օպերային արվեստի, մեր ազգի տոկունության ու ստեղծագործական հանճարի նկատմամբ£ Երեկվա միամիտ ու պարզունակ օպերային ռեժիսուրային հիմնավորապես փոխարինելու եկավ երաժշտությամբ ոգեկոչված ռեժիսորական պոետիկ երևակայության անսահման հնարավորությունները հավաստող ֆանտաստիկ ռեալիզմի թատրոնը` բալետի, կինոյի, մնջախաղի, ասմունքի, նկարչության ու սիմֆոնիկ արվեստի անկաշկանդ համագործակցությամբ£ Որպեսզի անխոտոր լինի վերելքի ճամփան, Լևոնյանը 1992¬ից լծվում է եռանդուն մանկավարժական գործունեության` ղեկավարելով կոնսերվատորիայի օպերային բեմարվեստի ամբիոնը` օժանդակելով տաղանդաշատ սկսնակ երգիչներին թրծվել մեծ բեմում, նաև` աճել ու ամրապնդվել£ 1994¬ին Լևոնյանն ընտրվում է Երաժշտական թատրոնների եվրոպական ակադեմիայի անդամ£ Նախապաշարումներից զուրկ թատերասեր բազմահազար հանդիսատեսի հիշողության ծալքերում դեռ երկար դաջված կմնան հանճարեղ արվեստագետի նորահայտ սինթետիկ հնարքներով արարված հրաշալի ներկայացումների խորհրդանշական, իմաստուն ու չքնաղ պատկերները, դրամայի ու երաժշտության նրբահյուս ներթափանցմամբ կերպավորած դերերգերը£ Ո՞վ կլինի ամբողջ կյանքը բեմին նվիրաբերած նոր Դանկոն, որ տաղանդաշատ սիրով մեր օպերային թատրոնի ադամանդակուռ փայլը կրկին կշողշողացնի ի զարմանս ամբողջ աշխարհի£ Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ «Բուկինիստ» գրաշխարհում Ինքնատիպ էր Երևանի «Բուկինիստ» գրախանութում, որը բոլորին հայտնի է որպես հնագրավաճառ գրախանութ, տեղի ունեցավ ժամանակակից արտասահմանյան գրողներ, ավստրալացի Ռիչարդ Ֆլանգմանի «Գոլդի Ձկնագիրքը» և լեհ Օլգա Տոկարչուկի «Գրքի մարդկանց ուղևորությունը» վեպերի շնորհանդեսը: Գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի խոսքով, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա պայմաններում պահել մի գրախանութ, որի գործունեությունը կծավալվի միայն հնագրավաճառության շուրջ, պարզապես հնարավոր չէ, քանզի սոցիալիստական համակարգի փլուզումից հետո արտասահմանյան գրականության մեծ պահանջարկ եղավ, ինչը հնարավոր չէր ասել բուկինիստական գրքերի վերաբերյալ, որոնց գինը գրքի շուկայում բավական արագ ընկավ և չի բարձրանում առայսօր: Եվ գնահատելով այդպիսի իրադրությունը` գրախանութի ղեկավարությունը սկսել է ներմուծել նաև ժամանակակից արտասահմանյան գրողների ստեղծագործություններ:

Վահե ԽԱՉԱՏՐՅԱՆ