ԱՇՈՒՆ է
Եվ այնպես գունեղ`
Կարծես Սարյանն իր ներկապնակը
Շրջել է դաշտ ու սարերի վրա:
(Ասես թե նա է ներկել աշխարհը):
Քամին էլ դարձել աշնան մունետիկ,
Ձայնում, սուլում է` լսե˜ք,Աշուն է...
Զեփյուռը բարդին դարձրել է գրիչ,
Երկտող է գրում ամպի բացիկին:
Արագիլների երամով պիտի,
Ո՞վ գիտի, գուցե սիրածի՞ն ճամփի,
Չէ՞ որԱշուն է...
Դեղձենու այգում տանձենին շիկնել`
Աքլորացել է.
Իրեն թափ տալիս, թևերն է շարժում…
Ասես թառել է մի բարձր կոճղի,
Ուր որ է պիտի ծուղրուղու կանչի:
ԱյնինչԱշուն է...
…Եվ ծառերն արդեն թույլ փետուրները
Մեկ-մեկ թափում են:
Վայ նրան, ով որ քամու ճանկն ընկնի,
Գրկի մեջ առնում, փետրահան անում
Ու լկտիաբար արդարանում է`
ԱխրԱշուն է...
Տեսած հրաշքին` չքնաղ աշխարհին,
Սիրահարվել է նաև երկինքը:
Իր սերը հիմա նա բարակ մաղում
Ու ներծծվում է հողի ընդերքը…
Այդ սիրուց գոհար գարունն է ծնվում,
Ծաղկունքն է հողի արգանդից ծլում…
Բայց հիմա գունեղ, դեռ մայր
Աշուն է...