Թող նշվի նաև օրը Կոմիտասի


Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին. Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,¬ Դժվար է ասել£ Պ. ՍԵՎԱԿ …Բայց ամենազոր Աստծո բարեհաճությամբ, հենց այդ թվականին լույս աշխարհ եկան հայ մշակույթի լուսապայծառ դեմքերից երկուսը` ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանը և ամենայն հայոց երգահան Կոմիտասը… 1881 թվականն էր£ Էջմիածնի վանքի վեհարանում, կաթողիկոսի առջև նիհարակազմ, խոհուն, սև աչքերով մի պատանի է կանգնած` Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, մի որբ պատանի, որին բերել են Անատոլիայի հեռավոր Քեոթահիա (կամ Կուտինա) հայաշատ քաղաքից` Էջմիածնի ճեմարան ընդունելու£ Մտահոգ է Վեհափառն ու խոժոռադեմ, քանզի պատանին թուրքերեն է խոսում և երգում է թուրքերեն£ Բայց ինչպե¯ս է երգում` նրա զուլալ ձայնը զրնգում է, ելևէջում, արձագանքում վեհարանի հինավուրց կամարների տակ£ Ու փոխվում է դեմքը վեհափառի, բարյացակամ ժպիտ է խաղում շուրթերին` որբ է, հայ է, թող մնա, սովորի ճեմարանում, թող ի°ր մայրենի լեզուն սովորի ու երգի հայերեն£ 1893¬ին Սողոմոնն ավարտում է ճեմարանը, կուսակրոն դառնալով` ի հիշատակ 7-րդ դարի կաթողիկոսներից մեկի, ընդունում Կոմիտաս հոգևոր անունը£ Նախ` աբեղա, ապա 1895¬ից վարդապետ Կոմիտասն ուսուցչություն էր անում ճեմարանում, երաժշտության ուսուցիչն էր, քանզի սիրում էր հայ երգն անբացատրելի, անհագ սիրով£ Եվ այդ սերն էլ հենց նրան Թիֆլիս տարավ` աշակերտելու անվանի կոմպոզիտոր Մակար Եկմալյանին, ապա 1896¬ին մեկնեց Եվրոպա` ուսանելու Բեռլինի Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և պալատական համալսարանում£ Կոմպոզիցիայի տեսություն էր ուսումնասիրում, մշակում ձայնը, սովորում դաշնամուր և երգեհոն նվագել£ Ճանաչեց ու սիրեց եվրոպական դասական երաժշտությունը, բայց հոգում հայ գեղջուկի խաղիկներն էին, մեր հոգևոր տաղերն ու շարականները, որ լուսեղեն կանթեղի պես լուսավորում էին նրա ոգեղեն ճանապարհը£ Ավարտելով ուսումը, 1899 թվականին հայրենիք վերադարձավ հայոց երգի լուսեղեն հմայքն աշխարհով մեկ տարածելու վճռականությամբ£ Նա կամենում էր ապացուցել աշխարհին, որ հայն ունի իր ինքնատիպ, ազգային խոր ակունքներից բխող երաժշտությունն ու երգը, և այդ երգն իր թովիչ հնչյունների մեջ ամփոփում է մեր հնամենի երկրի դարավոր պատմությունը, մեր հոգու լույսն ու վեհությունը£ Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ. Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս£ Շուրջ 4000 երգ հավաքեց Կոմիտասը, ուսումնասիրեց բազում տարբերակներ, մշակեց, մաքրեց, և ադամանդի պես պայծառ շողացին այդ երգերը, որոնցից 1200-ն են հրատարակված միայն£ Նա խանդավառվեց, համառորեն փորձելով բացահայտել նաև խազերի (հայոց հնագույն երաժշտական նշաններ) գաղտնիքը£ Իսկ «Պատարագը». Կոմիտասյան «Պատարագն» ուղղակի հայ երաժշտական արվեստի հրաշալիքներից է, հայ հոգևոր երաժշտության գլուխգործոցը£ Կոմիտասի երազանքը Հայաստանում երաժշտական բարձրագույն կրթարան հիմնելն էր նաև, ավաղ, այն տարիների համար անիրականանալի մի երազանք£ Սակայն 1910 թվականից հաստատվելով Կ. Պոլսում, նա կարողացավ գոնե մի հիանալի երգչախումբ ստեղծել, որ «Գուսան» էր կոչվում և իր գոյությամբ վերահաստատեց հայ երգի ոգեղեն զորությունը£ Պայքարը հանուն հայ երգի, հայ մշակույթի տարածման, ինքնամոռաց նվիրումն իր գործին, իբրև երաժիշտ-բանահավաք ու երաժշտագետ, երգիչ, խմբավար ու մանկավարժ, մեծ ճանաչում բերին նրան ոչ միայն հայրենիքում£ Նա բազմիցս հաղթեց եվրոպական երաժշտական մրցույթներում ու նվաճեց ողջ հայության հարգանքն ու համակրանքը, դարձավ «Ամենայն հայոց երգի վեհափառ», «…Մեր երգի Մեսրոպ Մաշտոց… գիրն ու տառը հայոց երգի» (Պ. Սևակ)£ Բայց եկավ 1915 թվականը… Գարուն էր£ Չեկած ամառ` Փուլ եկավ երկնակամար, Ձյուն մաղեց մեր բաց գլխին, Ձյուն մաղեց կրակի պես… Գարուն ա, ձուն ա արել… Պ. ՍԵՎԱԿ Մղձավանջային օրեր, արյուն ու ավեր, համազգային մի ողբերգություն, որ հետո Հայոց մեծ եղեռն պիտի կոչեինք£ 200 հայ մտավորականների խմբի հետ Կոմիտասն էլ այդ օրերին Անատոլիայի խորքերը պիտի աքսորվեր£ Ու թեպետ նա ողջ մնաց, բայց կյանքի վերջին 16 տարիներն անցկացրեց Փարիզի հոգեբուժարաններում… …1936¬ին նրա աճյունը, որպես սրբազան մասունք, ամփոփվեց Երևանի պանթեոնում, ու նրա ոգեղեն ներկայությամբ ավելի սրբացավ երկիրը հայոց£ Այսօր «Հայոց երգի վեհափառը» 138 տարեկան է և հոկտեմբերի 8¬ին, հենց իր ծննդյան օրը, իր անունը կրող Երևանի կոնսերվատորիայի սաները համերգ էին կազմակերպել կոնսերվատորիային կից պուրակում, նրա հուշարձանի առջև£ Հանդես գալով բացման խոսքով` այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչ Մարգարիտ Բրուտյանի անվան հայ երաժշտագիտության և ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս Կարինե Բրուտյանն իր խոսքում նշեց. «Ես երջանիկ կլինեմ, եթե այսուհետև սեպտեմբերի 26¬ը կամ նոր տոմարով հոկտեմբերի 8¬ը նշվի որպես Կոմիտասի օր»£ Ու թևածեցին Կոմիտասի երգերը` «Ակնա Անտունիից» մինչ «Կռունկ», «Լոռվա գութաներգ»¬ից մինչ «Կաքավիկ»£ Մաքրվեցին, վեհացան ներկաների հոգիները նրա «Պատարագ»¬ի հնչյուններից, որ հնչեց ուսանողներից կազմված «Գուսան» երգչախմբի կատարմամբ (խմբավար` Րաֆֆի Միքայելյան)£ Ընթերցվեցին նաև Կոմիտասի բանաստեղծությունները£ Ուրախալին թերևս երիտասարդների խանդավառությունն էր, ուշագրավ էին հատկապես Պողոս Եղիազարի, Ասատուր Բալջյանի և Հասմիկ Թորոսյանի կատարումները, իսկ մեր ականջներն ու նյարդերը փոքր¬ինչ հանգստացան այլահնչուն, օտարածին ելևէջներով անճաշակություններից£ Եվ ինչո՞ւ ոչ, թող այսուհետ հոկտեմբերի 8¬ը նշվի որպես Կոմիտասի օր, մենք էլ մի անգամ ևս առիթ կունենանք ունկնդրելու ճշմարիտ ու անաղարտ հայ երգը£ Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ Ալ. Սպենդիարյանի տուն¬թանգարանի գլխավոր ֆոնդապահ