«Ձեռնպահը» և «Ոչ»-ը «Այո»-ի ճամբար չեն 


ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կարծիքով քաղաքական դաշտում գործողություններն ավելին արժեն, քան խոսքերը, և իրենց խմբակցության 5 պատգամավորից երկուսը դեմ, իսկ երեքը` ձեռնպահ քվեարկելով ցույց տվեցին, որ իրենց խմբակցությունը գործելու է «Դեմ»-ի դաշտում: Նրա խոսքով` իրենք իշխանութ յունների վերարտադրության վտանգներ են տեսնում. իրենց տպավորությամբ` նոր Սահմանադրությամբ փորձ է արվում մեկ մարդու երեք կոստյում հագցնել, ինչն իրենց նախկին` ԽՍՀՄ տարիներն է հիշեցնում:

Քաղաքական դաշտում ՕԵԿ-ի ստեղծած նոր ինտրիգի և կուսակցության ապագա քայլերի մասին է «Ավանգարդ»-ի զրույցը ԱԺ ՕԵԿ խմբակցության փոխնախագահ Հեղինե ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ:

- ԱԺ-ում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների քվեարկության ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամների մի մասի «դեմ», մյուս մասի «ձեռնպահ» քվեարկելը տպավորություն առաջացրեց, որ խմբակցությունում միասնական որոշում չի կայացվել: Այդպե՞ս է, թե այն նոր և ավելի ժողովրդավար երևալու միտումով էր պայմանավորված:

- Մենք ի սկզբանե ասել ենք, որ մեր առաջարկությունների մի մասն ընդունվել են, իսկ մի մասը` ոչ, ուստի որոշեցինք, որ խմբակցության անդամներն ազատ ընտրություն կատարեն, և յուրաքանչուրը քվեարկի իր խղճի մտոք: Ինքս դեմ եմ եղել, որովհետև որոշակի կարևոր հարցեր չէին ընդունվել: Ես ի սկզբանե դեմ եմ եղել այս փոփոխություններին և իմ կարծիքն արտահայտել եմ իմ քվեարկությամբ:

- Ձեր կողմից Սահմանադրական փոփոխությունները մերժելը «Ոչ»-ի ճակատին միանալու ազդա՞կ էր:

- Ընդհանրապես «Օրինաց երկիր» խմբակցության քվեարկության ազատ ընտրությունը դեռ չի նշանակում, որ ես առանձին պետք է գործեմ իմ կուսակցությունից: Այդպիսի բան չի ասվում, բայց «ձեռնպահ»-ը և «ոչ»-ը «այո»-ի ճամբարը չեն: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ կողմ չենք և եթե կողմ չենք` «դեմ» ենք, դա դեռ չի նշանակում, որ միասնական չենք լինելու:

- Միասնական չեք լինելու ո՞ւմ հետ: «Ոչ»-ի՞, թե՞ «Այո»-ի կողմնակիցների հետ:

- Ես ասել եմ, որ մենք «Այո»-ին կողմ չենք, բնականաբար մեր քաղաքական թիմը, «Հայկական վերածնունդ»-ն իր բոլոր հասարակական-քաղաքական 130 միավորումներով ի´ր մարտավարությունը կորդեգրի, և այդ մասին դուք բոլորդ տեղյակ կլինեք: Մենք, իհարկե, մասնակցելու ենք քարոզչական աշխատանքներին, և ինչ որոշվի, կհրապարակվի, ու բոլորը կիմանան դրա մասին:

- Դուք Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատներ չեք տեսնում և «Հայկական վերածնունդ»-ն եք ճակատ համարում: Մյուս կողմից մամուլում հրապարակում եղավ, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը և «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը միասին հայկական քաղաքական դաշտում նորովի ներկայանալու պլաններ ունեն: Նույնիսկ հրապարակվել էր միավորման, այսպես ասած, ապագայի պլանները, համաձայն որի` Ա. Բաղդասար յանը պետք է դառնա Հայաստանի հաջորդ նախագահը, իսկ Ա. Աբրահամյանը` վարչապետը: Կա՞ արդյոք նման բան, թե՞ դա ևս հերթական ասեկոսե է կամ լրագրողական ենթադրության արդյունք:

- Ես մամուլում կարդում եմ իբրև քաղաքագետ ներկայացողներից տարբեր կարծիքներ, որտեղ տարբեր որակումներ են տալիս և´ քաղաքական թիմին, և´ քաղաքական գործիչներին: Ուղղակի մի քիչ էլ հումորով եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր իրենց համարում են քաղաքագետներ, բայց շատ անգրագետ քաղաքական վերլուծութ յուն են անում: Կանխագուշակումներով, ենթադրություններով, պատկերացումներով կատարված վերլուծություններն, իհարկե իրենց ազդեցությունը թողնում են հրապարակային դաշտի վրա և սկսվում են առաջանալ կարծիքներ, թե` կարո՞ղ է այսպես լինի, կամ` կարո՞ղ է այնպես լինի: Եկեք «կարողա»-ներով չառաջնորդվենք, քանի որ «կարողա»-ները և ոչ մի հիմք չունեցող վերլուծությունները դատարկ կրակոցներ են, որոնք չարժե հերքել կամ հաստատել: Դրանք ենթադրություններ են, որոնց գնահատական տալու կարիք չեմ տեսնում, քանի որ իմ փորձն ավելի մեծ է, քան որոշ արտահայտվողների: Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ»-ին, ապա դա խումբ չէ, այլ` միավորում է: Ճակատի հետ կապված ասեմ, որ մեր միավորումն ավելի մեծ է, քան այլ խմբերը, որոնք իրենց համարում են ճակատներ: Այս պահի դրությամբ ես համարում եմ, որ մենք միավորում ենք, որը ինչ-որ այլ միավորման կարիք չունի: Եվ մեր փորձառությամբ ինքներս մեր մարտավարությունը կմշակենք, կորոշենք և հրապարակային կաշխատենք:

- Այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող կուսակցութունները հայտարարում են, թե իրենք չեն կարողանում համախմբվել և միասնական գործել: Այլ կերպ ասած խոստովանում են, որ դեռևս չեն կարողանում մեկ բռունցք դառնալ և միասնական գործել:

- Նախ միավորում չի էլ եղել, որ հիմա էլ մասնատվեին: Ընդդիմադիր քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր փորձառությունն ունի և իրենք իրենց համար կկազմակերպեն սեփական քարոզարշավը և բոլորովին պարտադիր չէ, որ լինի միավորում: Իրենք առանձին կաշխատեն, թե միասին, դա որևէ կապ չունի մեր տեսակետների հետ:

Հանրաքվեի օրը` դեկտեմբերի 6-ը, ինչպես ասում են` սարերի ետևում չէ, և ամենայն հավանականությամբ առաջիկայում հանրությունը հնարավորություն կունենա իր սեփական կարծիքը կազմել «Հայկական վերածնունդ» միավորման հզորության և հնարավորությունների, ինչպես նաև հասարակական-քաղաքական դաշտում սպասվող հնարավոր վերադասավորումների մասին: