Փոքրիկ «տարոնցիները» գրոհում են Գրացը


1. Միակ կայացած իրադարձությունը Ավստրիայի Գրաց քաղաքում կայացած համաշխարհային երգչախմբային 5-րդ խաղերում (օլիմպիադայում) փոքրիկ «տարոնցիների» հաղթական մասնակցության լուրը օդում կախված մնաց: ՀՀ մշակույթի նախարարության հերթական ասուլիսի ինֆորմացիոն գերծանրաբեռնվածության արդյունքում հստակորեն չառանձնացան նաև նախաձեռն վող նոր փառատոները: Ասենք, 2009-ին նախատեսված ժամանակակից երգի «Առնո Բաբաջանյան» միջազգային փառատոնի հիմնադիր համերգի, Մնջախաղի թատրոնների I միջազգային փառատոնի և փոքր-ինչ փոփոխված «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի մասին կարելի է ամբողջական պատկերացում կազմել` հետևելով նախապես ներկայացված բովանդակության կենդանացմանը: Եթե, իհարկե, օգոստոսի 9-25-ը կազմակերպվի մայրաքաղաքի ԶԼՄ-ների «պատվիրակների» անմիջական մասնակցությունը Ծաղկաձորում, Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, Ջերմուկում, Ստեփանակերտում, Աբովյանում, Սևանում և Դիլիջանում անցկացվելիք փառատոնային ընթացիկ միջոցառումներին: «Ամենագետ» լրագրողներից մեկի համառ հարցապնդումներով միագիծ ավարտի հասցված մամլո ասուլիսից շփոթահար էին միակ կայացած իրադարձության հաջողութ յամբ հանրությանը ներկայանալու ակնկալիքով Էջմիածնից ժամանածները: «Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանը: Եվ «Գավ» մշակութային, մարզական, բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, «Տարոն» երգչախմբի տնօրեն Վահրամ Քոչարյանը: Մինչդեռ… 2. Տասնամյա տքնանքի քաղցրահամը Համաշխարհային երգչախմբային 5-րդ խաղերին մասնակցում էին 5 մայրցամաքների 87 երկրներից ընդգրկված 400-ից ավելի երգչախմբեր: 28 անվանակարգերում իրենց կատարողական արվեստը ներկայացնող ջազային, կամերային, հոգևոր, եկեղեցական, ֆոլկ և այլ ժանրերի երգչախմբերի փուլային դժվարին մրցույթում 8 փոքրիկ երգիչների կազմով հանդես եկող «Տարոնը» 28-րդ` ֆոլկ անվանակարգում արժանանում է ոսկե դիպլոմի (կիսաեզրափակիչում) և բրոնզե մեդալի (եզրափակիչում): Գրացի և Վիեննայի հայկական փոքրաթիվ համայնքի, Ավստրիայում ՀՀ դեսպանության աշխատակազմի խրախուսմամբ` քաղաքի կենտրոնական հրապարակում մենաելույթ է ունենում` հնչեցնելով ազգային երգացանկի լավագույն նմուշները. Սայաթ-Նովա, Ջիվանի, Հավասի, Շահեն… …1997-ին ազգագրական և ժողովրդական երգերի ինքնատիպ մեկնաբան Գևորգ Չաքմանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Տարոն» երգչախմբի 6-20 տարեկան 50 տղաներին ու աղջիկներին ՀՀ մարզերի և մայրաքաղաքի երաժշտասերները համակրում են վաղուց: Հայաստանի ժողովրդական արտիստներ Օֆելյա Համբարձումյանի և Ռուբեն Մաթևոսյանի մասնագիտական բարյացակամ աջակցությամբ առավել խորը ըմբռնելով ժողովրդի հոգուց բխող երգերի մատուցման յուրահատկությունները` «տարոնցիները» շուտով սկսեցին դրանց սրտաբուխ ելևէջներով վարակել երկրպագուների ավելի ու ավելի ստվարացող բազմությունների: Չաքմանյանի փորձառու ուղղորդմամբ, հետևողական տքնանքով ձեռք բերեցին կատարողական ընդհանուր վարպետության այն ոսկե միջինը, որով գծագրվում է մյուսներից տարբերակող մատուցման ոճը: Զուգահեռաբար ընդլայնվող համերգային գործունեությունը Ռուբեն Մաթևոսյանի գեղարվեստական ղեկավարությամբ հանդես եկող Արամ Մերանգուլյանի անվան ժող. գործիքների վաստակավոր անսամբլի նվագակցությամբ` մեծապես նպաստում է այդ ոճի կատարելագործմանը: Հնչեցվող ժողովրդական, գուսանական և հայրենասիրական երգերը նորովի ուշագրավ դարձնում ոչ միայն հայրենակիցների, այլև օտարազգի ունկնդիրների համար: Եվ 2004-ից սկսվում է «Տարոնի» հաղթարշավը: Առաջին լուրջ հաղթանակը բրոնզե մեդալն էր` նվաճված Գերմանիայի Բրեմեն քաղաքում կայացած համաշխարհային 3-րդ օլիմպիադայում, 83 երկրների երգչախմբերի մասնակցությամբ: Հաղթական միջազգային մեկնարկը շարունակություն է գտնում Ռիմինիում, Ռավեննայում, Վենետիկում, Դամասկոսում, Հալեպում և Բարսելոնայում: Առանձնակի ջերմութ յամբ են ընդունվում ամենափոքրերի կատարումները` չապրված սիրո զգացմունքի մանկական յուրահմա ջինջ ու զրնգուն թոթովանքները: Սբ. Ղազար կղզում աշխարհիկ աղոթքի վերածվեցին Սայաթ-Նովայի երգերը: Առկա էին անհրաժեշտ նախադրյալները` նոր բարձունքներ վստահաբար գրոհելու: Ուստի միանգամայն օրինաչափ էր փոքրիկ «տարոնցիների» հաղթական վերադարձը Ավստրիայից:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ