Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ


 

Օրերս ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարություն տարածեց, որ իրեն հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն` ցուցմունքներ տալու մի կարևոր գործի շրջանակներում: Ընդորում` փողերի լվացման գործով: Վարդան Օսկանյանին այս հանգամանքը չափազանց զայրացրել է, նա այս ամենի մեջ տեսնում է քաղաքական հետապնդում, իր քաղաքական գործունեությանն ուղղված միտում: Իհարկե, դժվար է ասել, թե ինչու պիտի Օսկանյանին սկսեին հետապնդել, երբ նրա քաղաքական գործունեությունը որևէ ցայտուն դրսևորում չունի, իսկ ԲՀԿ-ն էլ, ինչպես հայտարարում են կուսակցության առաջնորդները, ոչ թե ընդդիմություն է, այլ` այլընտրանք իշխանություններին: Այսինքն, նույն իշխանությունն է` «երկրորդ պլանում»: Հետևաբար, քաղաքական հետապնդումների վարկածն այլևս արդիական չէ և պետք է ամեն ինչ տեսնել ու գնահատել օբյեկտիվ դրսևորումների մեջ:

Իսկ այդ դրսևորումների մեջ չի կարելի մոռանալ այն հանգամանքը, որ «Սիվիլիթասը», որը ստեղծել ու ղեկավարում է Վարդան Օսկանյանը, չէր կարող այնքան ֆինանսական միջոցներ ստանալ Օսկանյանի նշած կազմակերպություններից, որոնք հնարավորություն ընձեռեին ծավալելու գործունեություն, մոտ 100 հոգու վճարելու բարձր աշխատավարձեր, գրեթե անվճար բաժանելու «Օրակարգ» թերթը: Նշանակում է, ԱԱԾ հրավիրելը բնավ էլ «հետապնդում» չէ, այլ` «փողեր լվանալու» գործընթացը բացահայտելու միտում: Ոչ միայն Վարդան Օսկանյանը, այլև մի շարք այլ գործիչներ շատ վաղուց ծախսում են աստղաբաշխական գումարներ, որոնք, բնականաբար, ունեն «անհայտ ծագում»: Ուստի, չի բացառվում, որ դրանք իսկապես ներդրվում են հենց «լվանալու» նպատակներով` միաժամանակ Հայաստանում առկա դարձնելով տարբեր «պատվիրատուների» ներկայությունը: