Շատն ու քիչը` մի կաթսայում


Թեև արդեն մեկ ամիս է անցել խորհրդարանական ընտրություններից, սակայն այսօր էլ շարունակվում են գնահատականների, արդյունքների, ՍԴ որոշման վերլուծությունները: «Ժառանգության» ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ` դահլիճի մթնոլորտն անհարիր էր առաջին նիստի հանդիսավոր արարողությանը. ռեպլիկներ, ծիծաղ, մի՞թե այդպես է սկսվում երկրի օրենսդիր մարմնի աշխատանքը: Իսկ ի՞նչ է, լուռ ու զուսպ դեմքերը լուրջ գործերի երաշխի՞ք են: - Խորհրդարանում մթնոլորտը շատ էլ հանդիսավոր էր, իսկ պատգամավորներին ուրախացնողը ամենատարեց և բնավորությամբ ուրախ հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանն էր,- հակադարձում է խորհրդարարանի մեծամասնության ներկայացուցիչ, Հանրապետական Սամվել Նիկոյանը: Եվ հետո` նորաստեղծ ԱԺ-ում կենսագրություն կերտած մարդիկ կան, ուստի կարելի է հուսալ, որ խորհրդարանի նիստերն այլևս չեն ընթանա կիսադատարկ դահլիճում: Երկու կուսակցությունների` «Ժառանգության» և ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան Սամվել Նիկոյանը համարում է նշանակալի իրադարձություն, իսկ ընդդիմադիր 15 անդամների ներկայությունը իրենց իսկ ցանկության դեպքում կարող է լուրջ ազդեցություն ունենալ հարցերի, որոշումների քննարկման գործընթացի վրա, սակայն «միամտություն կլինի կարծել, թե նրանք կարող են կարդինալ հարցեր դնել և լուծել դրանք»: Ընդդիմադիր Վարդան Խաչատրյանը հոռետես չէ և համոզված է, որ յուրաքանչյուր գործ սկսելիս արժե լինել լավատես, քանի որ լավատեսը գոնե 2 անգամ պակաս է ապրում ծանր պահեր: - Մենք օպոզիցիա ենք ձևավորել իշխանության հնարավոր թերությունները ակնառու դարձնելու և դրանց դեմ պայքարին հետամուտ ենք լինելու: «Ժառանգությունն», անշուշտ, իշխանության թերությունների դեմ միայնակ չի պայքարի և, իհարկե, կհամագործակցի ՕԵԿ-ի հետ: Ուրեմն ի՞նչ հարթության վրա և ի՞նչ խորությամբ է պատկերացնում «Ժառանգությունն» այդ համագործակցությունը: Վարդան Խաչատրյանը չի թաքցնում, որ ընդդիմության դաշտում այսօր որոշակի բանակցություններ են ընթանում Նախագահի միասնական թեկնածուի շուրջ: Թե ո՞ր ուղղությամբ են դրանք զարգանում, չի մանրամասնում: Ընտրություններից հետո շրջանառվող զանազան լուրերի, ենթադրությունների, ասեկոսեների խառնարանում «Ավանգարդին» հետաքրքրեց հատկապես «Ժառանգության» օգտին Եհովայի վկաների քվեարկության մասին «բամբասանքը», ինչը հերքեց Վարդան Խաչատրյանը. - Մենք միշտ ասել ենք, որ քրիստոնեությունը երբեք չի եղել առանց տարբեր դենոմինացիաների, որոնց հանդեպ հասարակությունը պետք է ունենա իր վերաբերմունքը, ինչին մենք նպաստելու ենք: Կան կազմակերպություններ, որոնք պետք է քրեական պատասխանատվություն կրեն, քանի որ բացառում են հասարակության ամբողջականությունը, ինքնությունը, դնելով խնդիր, որ իրենք այլ պետության քաղաքացիներ են և ոչ Հայաստանի և որ չի կարելի հարգալից վերաբերմունք ունենալ դրոշի, հիմնի, բանակի հանդեպ: Այս ամենի հանդեպ հարկ է ցուցաբերել կոշտ վերաբերմունք, որպեսզի մարդիկ տեղեկանան, թե ո՞ւմ և ինչի՞ մասին է խոսքը: Եհովայի վկաներն առհասարակ հակված չեն մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» օգտին նրանց քվեարկության մասին, դա աբսուրդ է: Եթե անգամ որևէ աղանդավորական կազմակերպություն քվեարկի որևէ կուսակցության օգտին, ապա այդ կազմակերպության նկատմամբ ատելությամբ լցված մեկ այլ կազմակերպություն կքվեարկի հակառակ այդ կուսակցության օգտին: Աղանդավորական կազմակերպություն ների միջև գոյություն ունեն անլուծելի հակամարտություններ: