Առանց սխալվելու իրավունքի
Կարծես անտեսանելի ինչ-որ մեկի հրամանով աշխարհն սկսել է սովորականից արագ շարժվել: Թվում է` Քրիստոսի ծննդից հետո երրորդ հազարամյակի սկզբին մարդկությունը հայտնվել է արագացման դարաշրջանում և ջանում է րոպե առաջ ազատվել իր առաջընթացը խոչընդոտող հակամարտություններից ու խնդիրներից: Ու այդ պարտադրված արագացումից ի զորու չէ խույս տալ ոչ ոք. հետ մնացողի մասին պարզապես կմոռանան` ինչպես ալիքների քմահաճույքով ափ նետված ու շնչահեղձ լինող ձկան: Այս տպավորությունն է ստացվում հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ վերջին կես տարվա զարգացումներից: Եվ անսպասելի չէր, որ այդ գործընթացներն իրենց արձագանքը կգտնեն ընհանրապես հայության, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական կյանքում: Մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առնչությամբ հայ քաղաքական մտքի շրջանակներում առկա տարաձայնությունների խթանման վերջին ակորդը հանդիսացավ «Ճանապարհային քարտեզ» կոչվածը: Որքան էլ Հայաստանի բարձրագույն իշխանությունները, անձամբ` երկրի Նախագահն ի սկզբանե հավաստիացնում են, թե այդ փաստաթղթում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի պայմանավորվում ղարաբաղյան հակամարտությամբ և ստվեր չի գցվում Ցեղասպանության խնդրի վրա, այնուամենայնիվ, տարաձայնությունները հասան Սփյուռք: Իրենց գոյության ողջ ընթացքում առաջին անգամ տեսակետներով հակադրվեցին Հայ դատի գրասենյակն ու Հայկական համագումարը: Հակադրությունը շարունակվեց Հայաստանում. Դաշնակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայից: Քաղաքական ուժերից ոմանք ողջունեցին ՀՅԴ-ի այդ քայլը, ոմանց կարծիքով էլ ընդդիմություն դառնալով, կուսակցությունը պարզապես պատրաստվում է ընտրություն ներին` թե քաղաքապետարանի, թե խորհրդարանական: Իհարկե, ընդդիմադիր կեցվածքով ընտրություններում ավելի շատ ձայներ ստանալու հավանականությունը մեծանում է: Սակայն կոալիցիայից դուրս գալու պատճառները Դաշնակցության պարագայում շատ ավելի խորն են, քան ոչ հեռու անցյալում նման քայլի դիմած ՕԵԿ-ի դեպքում էր: Որոշ վերլուծաբանների, քաղաքագետների կարծիքով, Դաշնակցության շարքերը, հատկապես Սփյուռքում, արագորեն կնվազեին, եթե կուսակցությունը հայտնի պատճառաբանությամբ դուրս չգար կոալիցիայից: Իսկ Սփյուռքի աջակցությունից (թե° բարոյական, թե° նյութական) զրկվելով, Հայաստանում Դաշնակցությունն զգալիորեն կզիջեր դիրքերը: Սակայն այսօր երկրի ներքաղաքական դաշտում կոալիցիայից կուսակցության դուրս գալը և այդ առնչությամբ նրա հայտարարություններն ու պատճառաբանությունները, ինչ-որ առումով սպասողական իրավիճակ են ստեղծել: Խնդիրն այն է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ՀՅԴ-ի և «Ժառանգության» դիրքորոշումները բավական մոտ են. Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ կհամագործակցեն «Ժառանգության» հետ: Որոշ կետերում համընկնում են նաև Դաշնակցության և ՀԱԿ-ի տեսակետները: Սակայն ոչ հեռու անցյալում, երբ իշխանությունը ՀՀՇ-ինն էր, հատկապես Ցեղասպանության հարցում Հայոց համազգային շարժումը և ՀՅԴ-ն, ժողովրդի առօրեական բառերով ասած, միմյանց փոր էին թափում: Գուցե այս հանգամանքից ելնելով էր, որ կոալիցիայից դուրս գալու առաջին օրը ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը բացառեց Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը: Բայց ընդամենը մեկ-երկու օր անց, սառը գլխով ծանր ու թեթև անելուց հետո ասաց, թե քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Ի դեպ, մայիսի 1-ի հանրահավաքում էլ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մի բառով չանդրադարձավ կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուն, ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մշտական ընդդիմախոսի դիրքերից հանդես եկող Դաշնակցության անունը չհիշատակեց անգամ: Այս հանգամանքն արդյո՞ք չի խոսում այն մասին, թե ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի միջև գաղտնի բանակցություններ կամ առնվազն խորհրդատվություններ են ընթանում: Ինչևէ: Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն ներկա փուլում էականորեն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Չի բացառվում, որ այդ ազդեցությունն ավելի խորքային կարող է դառնալ առաջիկայում, մայիսի 31-ից հետո: Սոցիոլոգիական հետազոտութ յունների, հարցումների արդյունքում` քաղաքապետարանի ընտրություններում հաջողության հասնելու հնարավորությամբ առաջին տեղում է ՀՀԿ-ն, երկրորդում` ԲՀԿ-ն, երրորդում` ՀԱԿ-ը: Հարց է առաջանում. Կոնգրեսը ինչպե՞ս պետք է աշխատի, համագործակցի Հանրապետականի և «Բարգավաճ Հայաստանի» հետ. չէ՞ որ քաղաքական համակարգում այն հակադիր բևեռում է: Այս հանգամանքը մայիսի 31-ին ՀԱԿ-ի հաջողության պարագայում քաղաքական նոր համակարգի ձևավորում չի՞ ենթադրում… Համենայն դեպս, գործընթացները (և° տեղական, և° աշխարհաքաղաքական նշանակության), իրոք, զարգանում են արագացման սկզբունքով: Այն էլ` աշխարհի հզորների շահերի բացահայտ գերակայմամբ: Եվ այս դեպքում նույնիսկ ներքաղաքական սպրդումները կարող են անդառնալի կորուստների հանգեցնել: