Տարարվեստ ինքնարտահայտում «Չվհատվեք, մահ չկա»


Ժողովրդական արվեստի թանգարանի միջնորմանջատ առաջին ցուցասրահի ամայությունը վերագրելով հորդանձրև եղանակներին` մի ընդհանուր հայացք եմ ձգում ստվարաթղթի և կտավի վրա արված յուղաներկ աշխատանքներին: Անզեն աչքով որսում եմ գունային ու թեմատիկ կրկնությունները: Ջանում իմաստավորել` խորամուխ լինելով յուրաքանչյուրի ներքին բովանդակության մեջ: Դեղնակարմրի վառ գերակայությամբ արված դիմանկարներում ինքնանկարների առատությունը ցայտուն երևակում է ներկայացված արվեստագետի հուզառատ ու խորաթափանց բոհեմական «ես»-ը, որի ալեգորիկ խորհրդանիշն է, կարծես, թավջութակի կտորներով ձևավորված, դիմակ հիշեցնող կոլաժը` իրեն հառված աչքերի միջով հոգին ներթափանցելու ունակ արտահայտչականությամբ: Թարմ վարդերի կարմրաճերմակ փնջերը անորոշ տոնականությամբ են հագեցնում ինձ շրջապատող մթնոլորտը, որում շուտով զգում եմ Սեդրակ Պապոյանի աներևույթ տարարվեստ ներկայության թանձրացումը: Նույնիսկ արտասովոր կոմպոզիցիոն լուծում գտած «Խորհրդավոր ընթրիք»-ում, որի կենտրոնում, 12 առաքյալների դեղնադեմ գլուխներով շուրջանակված արնաներկ կլոր սեղանի գլխավերևում, Հիսուսի կերպարանքն ու առաքելությունը ստացած նկարիչն է բազմել և անքթիթ հետևում է իրեն վերապահված լուսատու մոմ-ժամանակի հալչելուն: Մերթ կարմիր վարագույրի ճեղքից, մերթ կիթառը լռեցրած ձեռքերը խաչած, մերթ ինտիմ զրույցի անկշռելիության ոլորտում առնված, մերթ սեփական նկարակալի գունային նախերգան քում պրպտուն գլուխը մխրճած, մերթ մտասույզ խոկումների ճամփեզրին` ներքին երկխոսություն է վարում աշխարհի ու մարդկանց հետ` զուսպ ինքնարտահայտվելով, փութալով մատչելի դարձնել ներսում խմորվող բանաստեղծական հուզախռիվ կենսասիրության ելևէջները: Ինձ անծանոթ նկարչին փորձում եմ ճանաչել փոքրիկ շրջանակի մեջ առնված նրա ասույթի ենթաշերտերում նաև. «Ամեն մարդու չէ, որ տրված է այն երանելի պահը, որի աստվածային անունն է ստեղծագործություն»: Ձեռքս եմ վերցնում նորաբաց անհատական ցուցահանդեսի կատալոգը և ակամա տրտմում. ցուցադրությունը կազմակերպվել է անցյալ տարեվերջին իր մահկանացուն կնքած արվեստագետի ծննդյան 58-րդ տարեդարձի առիթով: Փաստորեն, իմ առաջին ծանոթությունը նրա հետ կայացավ… հետմահու: Աշխատանքներին կցված բանաստեղծական մակագրությունների նկատելի հղկվածության վերծանումը գտնում եմ կարճառոտ կենսամատենագիտության տողատակերում: Գեղանկարչությամբ լրջորեն հրապուրվելու առաջին խոսուն փաստով. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ուսանելիս մասնակցել է Տարտուի համալսարանում կազմակերպված ուսանողական ցուցահանդեսին (1973)` 2 տարի անց հարազատ բուհում ներկայանալով արդեն անհատական ցուցահանդեսով: Ավելի վստահ հաստատվելով գեղարվեստում, երիտասարդ նկարիչների բացօթյա ու ժուռնալիստի տանը կազմակերպված խմբակային ցուցադրությունների պարզ վկայությամբ, շարունակել է բանաստեղծել: Բայց մինչև վերջին շունչն էլ ինքնարտահայտման հոգևոր պահանջին հիմնականում հագուրդ է տվել` գեղանկարչության ուրույն հնարքների տիրապետությանը զուգընթաց սեփական ձեռագիրը հստակեցնելով: Զբաղվել է նաև ոլորտի կազմակերպչական գործունեությամբ Հայաստանի նկարիչների միությունում, ժողարվեստի թանգարանում, տնօրինել ՀՀ մշակույթի նախարարությանը կից «Շրջիկ ցուցահանդեսներ»-ը: Եվ, անչար համակերպվելով մարդու երկրային կեցության վաղանցիկության մտքին, կարևոր ասելիքն ամփոփած իրեն գերագույն երանութ յուն պարգևած ստեղծագործության անհամեմատ մնայուն արգասիքներում, հոգևոր լույսի ճառագմամբ ավարտել կյանքի ուղին` «չվհատվեք, մահ չկա» վերջնագիրը սառչող շուրթերին: Անսովոր աշխուժություն թանգարանում …Ցուցասրահում աննկատ հայտնված տարեց այցելուի ընտանեվարի պահվածքից ենթադրում եմ, որ նա պատահական հետաքրքրասեր չէ: Առանց սեթևեթանքի ներկայանում է` Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի ռեկտոր Յուրի Հովհաննիսյան: Ծայր առած բարեկամական զրույցից ծորում է մոռացության մատնվող հնօրյա մի երգ, երբեմնի բարի ավանդույթների աստիճանական կորստի տրտմությամբ համակում: «Տոտալիտար» հորջորջվող խորհրդային կացութաձևում մարդուն մարդացնող բազում կառույցներ էին գործում, որոնցից կուրորեն հրաժարվեցինք` անխնա քանդելով արվեստ ու տնտեսություն ծաղկեցրած 70 երկար ու ձիգ տարիները հիշեցնող բոլոր համակարգերը: Նույն ճակատագրին, անշուշտ, կարժանանար 1974-ից «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորման հազարավոր աշխատավորների գեղագիտական համակողմանի դաստիարակությանը և բնատուր ունակությունների զարգացմանը կոչված այս համալսարանն էլ, եթե տրանսֆորմատորների երբեմնի գլխավոր կոնստրուկտորը սեփական մանկան նման չփայփայեր հիմնադրման օրվանից իր հասարակական գործունեության առանցքը դարձած այս կարևորագույն հաստատությու նը: Համալսարանի 4 բաժիններում (կերպարվեստ, երաժշտարվեստ, գրականություն և թատերարվեստ) էլեկտրամեքենաշինարարների քանի¯-քանի¯ սերունդներ են հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել նախասիրած ոլորտի ու առհասարակ համաշխարհային մշակույթի մասին, քանի¯-քանի¯սի բնատուր շնորհներն են բացահայտվել ու ուղղորդվել` ստեղծագործության հոգևոր լիցքերով աշխատանքային սրտմաշուկ առօրյայի լարվածությունից թոթափվելու լիարժեք հնարավորություն ստանալով: Համալսարանական կյանքի ռիթմը մինչ օրս էլ գրեթե անխաթար է մնացել նրա հարատևության համար իրեն պատասխանատու զգացող ռեկտորի պատանեկան ավյունի ու չմարող արվեստասիրության շնորհիվ: Վերջին տասնամյակների նյութական մշտառկա դժվարությունները խոչընդոտում, բայց դեռևս իսպառ չեն արգելակում համալսարանի քիչ թե շատ կանոնավոր գործունեությունը: Ճիշտ է, այսօր ընդամենը 160 ունկնդիր ունեն (ի դեպ, առանց տարիքային սահմանափակման), բայց նրանց մշակութային ակտիվությունը և ճշմարիտ արվեստասիրությունը սահուն փոխանցվում է ծանոթ-մտերիմ-հարազատներին: Եվ, որ չափազանց կարևոր է, գտնում բարյացակամ համակիրներ արվեստի տարբեր օջախներում, որոնց աջակցությամբ դյուրանում են կենդանի փոխշփումները ընթացիկ մշակութային կյանքի, կոնկրետ արվեստագետների հետ: Մեր զրույցն ընդհատվում է ժողարվեստի համալսարանի տարասերունդ այցելուներից կազմված ստվար խմբի մուտքով: Թանգարանի գիտական գծով փոխտնօրինուհի, արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանի ու համալսարանականների միջև հաստատված վաղեմի բարեկամության հերթական արտահայտությունն է, ըստ էության, յուրատիպ այս էքսկուրսիան: Եվ պարզաբանումներով ուղեկցվող սովորական խմբակային այցելություններից առանձնանում է հատուկ մտահղացված դասախոսության զուգակցմամբ: Թանգարանի դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի վարիչ Լուիզա Սոլախյանը, ով շուրջ 30 տարի աշխատում է այստեղ, ընդառաջում է կահ-կարասիների ու հնամյա կարպետների տրամադրող միջավայրում հավաքվածների հարցասիրությանը և ուշագրավ մանրամասներով հագեցնում արվեստի զարգացման ամենավաղ շրջանը բնութագրող «պրիմիտիվ» հասկացության իր մեկնաբանությունը, շեշտադրում ժողովրդական ինքնուս ստեղծագործության հետ ունեցած աղերսները` մասնավորապես կանգ առնելով հայկական պրիմիտիվ արվեստի յուրահատկությունների վրա: Մեր կերպարվեստում պրիմիտիվիզմի ներկայացուցիչների և ժողովրդական վարպետների ամենաբնութագրական աշխատանքների հենքի վրա ամրապնդում հաղորդած տեղեկությունները ունկնդիրների հիշողության մեջ: Փոխտնօրինուհու նախաձեռնությամբ` երաժշտական անսպասելի ավարտ է ունենում պրիմիտիվիզմի մասին կոնկրետ գաղափար տված դասախոսությունը: Գեղեցիկ արվեստների ակադեմիայի ինտերյեր-էքստերյեր բաժնի IV կուրսի չքնաղ ուսանողուհիներ Անուշ և Եվա Ստեփանյանների, մեր օպերային թատրոնի երիտասարդ երգչուհի Մայա Աֆրիկյանի գեղեցիկ կատարումներով: Երբ պարզվում է, որ վերջինիս հեղինակած զարդերը, մանրանախշ ծովաքարերը, դդումե ծաղկամանը, մելխիորի ու փայտեղեն արդուզարդի պարագաները, տարաչափ խաչերն ու նրբատաշ դիմակները զետեղված են «լսարանին» կից մյուս սրահի ցուցափեղկերում, հավաքվածները հարցուփորձում են առաջին անգամ կիրառական արվեստի իր գործերը հանրությանը ներկայացրած Մայա Աֆրիկյանին իրենց գրաված այս կամ այն աշխատանքի պատրաստման նրբություններից` չթաքցնելով արտաքուստ անհարիր բնագավառում բարետես օրիորդի նկատելի ձեռբերումների անմիջական տպավորությունները: Կարծիքներ փոխանակում այս տարվա ընթացքում ժողարվեստի թանգարանում ցուցադրված Վարդան Այդինյանի ու Ժաննա Մաճկալյանի գեղանկարչական աշխատանքների, Նելլի Գևորգյանի կոլաժների և 35 կանանց տարատեսակ ստեղծագործություններով ձևավորված Գարնանային ցուցահանդեսի, նաև Մայայի հետ միաժամանակ ներկայացված Վիոլետա Կիրակոսյանի 30 անվերնագիր գեղանկարների մասին: Արտաշատի Բերդիկ գյուղում ապրող Վիոլետայի գործերի ինքնաշեն հատուկենտ համեստ շրջանակներից, փոքր տրամաչափերից անմիջապես գլխի ես ընկնում սոցիալական կարգավիճակի մասին: Եվ սրտապնդվում ես, որ հնարամիտ այդ նկարչուհին, ով արվեստի արհեստին մասնագիտանալու ակնհայտ կարիքը հազիվ թե առանց մեկենասության երբևէ բավարարել կարողանա, ստեղծագործելու իր պահանջին այնուամենայնիվ այս կամ այն կերպ հագուրդ է տալիս: Ենթադրում եմ, որ իր ներքին խռովքը առավելագույնս խտացված է անուրջի և հոգսի միջև երկփեղկված կնոջ կերպարում, որն, ըստ իս, նրա լավագույն աշխատանքն է և կրում է «Մտորում» պայմանական անունը: Ուշացած մի երգ Մեր միակ օպերային թատրոնի ճակատագրով մտահոգվածությանս անկեղծությամբ շուտով քանդվում են խորթության ներամփոփող կապանքները, և Մայա Աֆրիկյանի հետ զրույցս մտերմիկ հունով է ընթանում: Տարաբևեռ ստեղծագործական հակումները, պարզվում է, դեռ մանկուց են ի հայտ եկել` պլաստիլինե ծեփածոներում, մատիտով ու ջրաներկով արված նկարներում: Փայտարվեստով գայթակղվել է հանկարծ, մութ ու ցուրտ 90-ականներից: Անհաղթահարելի ցանկությունը` ընկերուհու արտասովոր գեղեցիկ թվացած ականջօղերից ունենալու, անհրաժեշտություն է հարուցել սեփական երևակայությամբ ու ձեռքերով դրանց համարժեքը պատրաստելու: Անկոտրում կամքին ընդառաջել է հայրը` հարկավոր աշխատանքային պարագաների հիմնական բազան ապահովելով, երբ համոզվել է դստեր հրապուրանքի լրջության մեջ: Էրամջյանի անվան գեղարվեստի ուսումնարանում մետաղյա իրերի պատրաստման արհեստը յուրացնելիս մորաքույրը հանկարծ բացահայտել է ամոթխածաբար լռեցված գեղեցիկ ձայնը: Ուշացած երգի հրամայականով էլ ոտք է դրել ԵՊԿ նախապատրաստական բաժին տասնիննը բոլորած` ձայնը պահպանելու առաջնահերթությամբ անավարտ թողնելով մասնագիտացումը ուսումնարանում: Հետաքրքրությունը կիրառական արվեստի նկատմամբ ամենևին էլ չի մարում, բայց ստեղծագործելու բուռն պահանջը գոհացում է փնտրում առավելապես երաժշտար վեստում: Նորահայտ շնորհը, անկախ ԵՊԿ-ում 7 տարի ձևավորվելուց, լիարժեք դրսևորման ասպարեզ անմիջապես չի գտնում: Գեղամ Գրիգորյանը ճշտում է ձայնային տեմբրը, որակը, դիապազոնը, և Ելենա Հովհաննիսյանի հուսադրող աջակցությամբ Մայան սկսում է վերապատրաստվել որպես սոպրանո: Ապա վերջնական արդյունքին է անվրեպ հասնում Գեղամ Գրիգորյանի մեկամյա անհատական գերազանց երգեցողության դասերով: Վերջինիս գեղարվեստական ղեկավարության «մայրամուտին», որպես փորձնակ (րՑՈՋպՐ) ընդունվում է օպերային թատրոն` բազմաթիվ սկսնակ երգիչ-երգչուհիներից շատերի նման զրկված լինելով կոնցերտմայստեր Վասիլի Ռոլիչի հետ պատրաստած դերերգերով պարբերաբար հանդես գալու ռեալ հնարավորություններից, բեմական հագեցած առօրյայից: Գլխավոր պատճառը բեմադրությունների սակավությունն է իհարկե, որով, ըստ իս, պետք է լրջորեն զբաղվի պետությունը, որպեսզի պատշաճ մակարդակով կայանա սերնդափոխությունը մեր միակ օպերային թատրոնում, և շնորհալի, արդեն կրթված երգիչ-երգչուհիների արտահոսքը եվրոպական բեմեր չհասնի աղետալի չափերի: Միայն «Լորկիանա»-ով ու «Երկրաշարժ»-ով, հատուկենտ համերգային ելույթներով չի կարող բեմակերպավորման վարպետության անհրաժեշտ վերընթաց փորձը կուտակել Մայա Աֆրիկյանը ևս, մեծաթիվ բախտակիցների նման: Նրանց բոլորին, ովքեր 10 հոգով նույն դերերգն են պատրաստում (ասնեք, Էլվիրա կամ դոննա Աննա Մոցարտի «Դոն Ժուան»-ում), բեմական լիարյուն կյանքով գործնականում թրծվել է հարկավոր: «Հարկադիր» լռության տարիներն ու օրերը, փառք Աստծո, ապարդյուն չեն անցնում: Ինքնարտահայտման կուտակումները հոգուց դուրս հորդելու տարբեր հնարներ են գտնում: Երաժշտական տարբեր ծավալի ինքնուրույն ստեղծագործությունների է ձեռնարկում ժամանակ առ ժամանակ` անավարտ թողնելով շատերը, ինչպես` «Ռեքվիեմ» սիմֆոնիկ կտավը: Ամբողջացրեց ու սեփական մատուցմամբ ներկայացրեց Սիլվա Կապուտիկյանի 90-ամյա հոբելյանի առիթով գրված 3 ռոմանսները` «Ամեն գիշեր մի ծաղիկ է», «Աշնան այգի», "Ձօ ցրՑՈս, Ցօ ՌջվպՎՏչ" բանաստեղծությունների տեքստերով: Լավ է, անշուշտ, որ ստեղծագործելու պահանջը ինչ-որ ելք է գտնում, ու նրան տարբեր ուղղություններով առաջնորդում: Հմտանալու ինքնաբուխ ձգտումը, անսպառ եռանդը շոշափելի արդյունքներ են տալիս գրեթե ամենուր: Ինձ համար, սակայն, առաջնային է հասուն տարիքում օպերային արվեստի ճանապարհին դժվարությամբ հաստատված սկսնակ արտիստուհու ստեղծագոր ծական բերկրանքի անխաթարությունը` վարպետ բեմադրիչների հետ համագործակցությամբ: Որպեսզի նրա ուշացած երգը անամպ սլացքով հասնի ունկնդիրներին` միաժամանակ վարակելով դերամարմնավորման հարաճուն բյուրեղացմամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ