ԴՌՆԵԴՈՒՌ Է ԸՆԿԵԼ ՕՐԲԱՆԸ


 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեսնելով միջազգային հանրության ճնշումներն ու դատապարտումները, նաև հասկանալով, որ վերջնականապես բացահայտվել են խայտառակ գործարքի բոլոր դրվագները, հիմա էլ դիմել է էժանագին հնարքի: Իր երկրի չինովնիկների միջոցով ինչ-որ թղթեր է իբրև թե գաղտնազերծել ու իբր միամտաբար` սեփական լրատվամիջոցներին է հանձնել Իլհամ Ալիևի հետ խոսակցության մանրամասները:

Եվ, ըստ այս «գաղտնազերծված փաստաթղթերի»` հանդիպման ժամանակ Ալիևը հավաստիացրել է, որ Ռամիլ Սաֆարովը շարունակելու է կրել իր ազատազրկման հետ կապված պատիժը: Մինչդեռ ադրբեջանական կողմն էլ հավաստիացնում է, որ Հունգարիայում տեղյակ են եղել Ադրբեջանի մտադրության մասին, որ Օրբանը տվել է իր համաձայնությու նը` փոխարենը Ալիևից 2-3 մլրդ եվրոյի խոստում կորզելով:

Գուցե հավատայինք Օրբանի կոկորդիլոսի արցունքներին, եթե Ադրբեջանը չհակադարձեր, իր հերթին չհայտարարեր բանակցությունների մասին: Հունգարական աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, թե տեղեկանալով, որ Հայաստանն առկախում է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, այդ երկրի վարչապետը կառավարության նիստում այսպիսի հայտարարություն է արել.

- Հայաստանի տեղն աշխարհում շատերը չգիտեն, իսկ Ադրբեջանը մեզ համար կարևոր գործընկեր է:

Հետո Օրբանը հանձնարարել է կառավարությանը` ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ հարաբերությունները սերտացնելու համար: Դեռևս 2011 թվականի գարնանը Վիկտոր Օրբանի հանձնարարությամբ Սաֆարովի նկատմամբ հատուկ վերաբերմունք է սահմանվել: Նա պարբերաբար զրույցներ է ունեցել ադրբեջանական դիվանագիտական պաշտոնյա ների հետ, իսկ մի շարք հանդիպումներ կազմակերպվել են անձամբ Հունգարիայի արդարադատության նախարարի համաձայնությամբ: Հունգարական կողմը, մասնավորաբար վարչապետ Օրբանը շատ են վախենում, որ կգաղտնազերծվեն այս հանդիպումների մասին փաստող տեսագրությունները…