Պետությունը գումարը տվել է և աշխատանքը պահանջելու է


Լավ ծրագիր կազմել, լավ որոշում կայացնել, լավ հանձնարարական տալ միշտ էլ կարելի է: Կարելի է սևով սպիտակի վրա գրել բաներ, որից մարդիկ ուղղակի կերջանկանան, սակայն շարունակությունը կլինի հիասթափությունը: Ամբողջ խնդիրն էլ հենց շարունակությունն է, այն ընթացքը, որ որպես ի կատարումն, հաջորդում է որոշմանը կամ ծրագրին: Ամենալավ ծրագիրն անգամ կարելի է այնպես վիժեցնել և անգամ պատկառելի ֆինանսական հատկացումներն այնպես փոշիացնել, որ ծրագիր կոչվածից եթե հետք էլ մնա, ապա դա լինի տխուր հիշողությունը, չարդարացված սպասումներն ու հիասթափությունը: Այսպիսի բուռն նախամտորումը, պատկերացրեք, լավ առիթով է: Իսկ առիթը կառավարության կողմից վերջերս ընդունված մի որոշումն է` ուղղված մարզերում առաջացած առավել հրատապ խնդիրների լուծմանը: Կառավարությունը 200 մլն դրամ հատկացրեց մի շարք մարզերին` բնակչության հոգսերի լուծմանն աջակցելու նպատակով: Գումարների հատկացման մասին կառավարության որոշմանը հաջորդեցին իրականացվող աշխատանքների նախագծերի կազմումը: Ամեն ինչ, ինչպես ասում են, որպես կարգ օրինաց: Որոշումներ կայացնելով և ֆինանսական միջոցները մարզեր հասցեատերերին հասցնելով կառավարությունը, սակայն, իր անելիքն ավարտած չհամարեց: Կառավարության հերթական նիստում վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից շատ կարևոր մի անդրադարձ եղավ` ի հիշեցումն և ի զգոնություն տեղական ինքնակառավարման մարմիններին և բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում նշված ծրագրերի իրականացման համար: Թող մեզ ներեն մարզերի ղեկավարները, բայց ժողովուրդը իրեն հասանելիքը վերևներում «գելթոզ» լինելու դառը օրինակներ ունի: Իր անունով ստացվածը միշտ չէ, որ լցվում է իր ամանը: Սակայն եթե անգամ չենք կասկածում մարզային իշխանության ղեկին գտնվող պաշտոնյայի բարեխղճությանն ու պատասխանատվությանը, կարծում ենք, որ շատ տեղին է և օգտակար վարչապետի հատուկ անդրադարձը: Այն կարող է լինել նպատակաուղղված ու լիարժեք աշխատանքի, ճշգրիտ հասցեականությամբ ուղղորդման երաշխիք: Այն, որ աշխատանքների ողջ ընթացքը, դրանց ժամկետների պահպանումն ու որակը կառավարության ղեկավարի կողմից հսկողության տակ է առնված, որ նա անձամբ է հնչեցնում ծրագրի կատարմանը հետևելու իր հետևողականության մասին, ոչ միայն զգոնության կկոչի մարզային իշխանություններին, այլև կբարձրացնի պետության իմիջը երկրի քաղաքացու աչքում: Քաղաքացին կհամոզվի, որ պետությունը տեր է իր ձեռնարկածին և վճռական` այն նպատակին հասցնելու մեջ: Թող որ սա դառնա գործելաոճ թե° ծրագրողների, թե° կատարողների համար: Բաժնի նյութերը` Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ 2007թ. օգոստոսի 3-ի համարում «Գրական թերթը» տպագրել էր Սուրեն Աբրահամյանի «Այսպես խոսեց Զրադաշտը կամ Նուրծ Րա-Պեպանյանը» հոդվածը: Հոդվածի բովանդակությունը իմ և գրաքննադատի վիճելու առարկան է, և որևէ առարկություն ներկայացնելու իրավունք չունեմ հոդվածի ի հայտ գալու հետ կապված: Բայց հարցն այն է, որ «Գրական թերթը» նշված համարում ինձ մեղադրանք է ներկայացնում Նիցշեի հիշյալ գրքի պլագիատի մեջ և հանգիստ խղճով գնում արձակուրդ ավելի քան մեկ ամսով, զրկելով ինձ աբսուրդ այդ տեսակետը հերքող իմ պատասխանը թերթի ընթերցողին ժամանակին ներկայացնելու հնարավորությունից: Խմբագրությունը երևիթե համոզված է եղել, որ մեղադրանքն անհերքելի է և հույս է ունեցել, որ մինչ արձակուրդից վերադառնալն ինձ այրած կլինեն խարույկի վրա որպես երրորդ հազարամյակի ամենամեծ պլագիատ անողի: Ես այլևս ցանկություն չունեմ պատասխան հոդվածով հանդես գալ այդպիսի կեցվածք ունեցող թերթում, և իմ խոսքը ընթերցողին ու գրական շրջանակներին եմ հասցնում այս կերպ: Սույն պատասխանը տպագրված տեսնելու որևէ ակնկալիք չունեմ, պարզապես այն ներկայացնում եմ գրականությամբ հետաքրքրվողներին, որպեսզի նրանք պատկերացում կազմեն, թե գրաքննադատությունն իր կոնկրետ դրսևորումներով որքան ետ է մնում գրական նոր զարգացումներից: Նիցշեն` մոնոպոլի՞ստ Տարիներ առաջ, երբ աշխատում էի «Կալիգուլա» վեպի վրա, զանգահարեց հրապարակախոս Այդին Մորիկյանը և ասաց, թե թերթերից մեկում կարդացել է, որ Կալիգուլա կայսրը Ռեմուս անունով մի կապիկ է ունեցել և մի անգամ քաղաքից հեռանալով` նրան է թողել Հռոմի կառավարումը` հռչակելով նրան որպես Ռեմուս առաջին կայսր: Մորիկյանը, ով կարդացել էր «Կալիգուլա»-ի ձեռագիրը, առաջարկեց այդ փաստը ևս ներառել գրքի մեջ: Ինչը և արեցի: Բայց ահա, օրերս, ընթերցելով Սուրեն Աբրահամյանի «Այսպես խոսեց Զրադաշտը կամ Նուրծ Րա-Պեպանյանը» հոդվածը («Գրական թերթ», 3-ը օգոստոսի), պարզեցի, որ այդ կապիկը եղել է ոչ թե Կալիգուլայինը, այլ Նիցշեինը և որ Նիցշեն բոլոր ժամանակների կապիկների մասին գրելու մենաշնորհի լիցենզիա ունի: Բայց հիշյալ հոդվածի ընթերցումը շարունակելով, պարզեցի, որ այլ «մեղքեր» էլ եմ գործել: Տարիներ առաջ, երբ ինձ հետ դժբախտություն պատահեց (շատ մոտ հարազատ էի կորցրել), ես խնդրեցի Տիեզերքը կառավարող ուժերին` օգնել ինձ դիմանալ վշտին: Իմ խնդրանքին ի պատասխան` արտառոց երևույթներ կատարվեցին ինձ հետ (դա իմ և Տիեզերքը կառավարող ուժերի առաջին առնչությունը չէր, այդ կերպ ես չորս գիրք եմ գրել), որոնք իսկապես օգնեցին ինձ դիմակայել ծանր կորստին: Վերջերս, «Մեգիրա» վիպակը գրելիս տարիներ առաջ ինձ հետ կատարվածը բառացիորեն վերարտադրեցի «Խոնգիե» գլխում: Ու Ս. Աբրահամյանի հոդվածը կարդալով` «պարզեցի», որ ո°չ թե իմ սեփական ապրումներն եմ ներկայացրել գրքում, այլ ... Նիցշեի փիլիսոփայական ինչ-որ մի դրույթը: Հաջորդը: Մի անգամ երազում գեղարվեստական հետաքրքիր մի ֆիլմ տեսա ու գրի առնելով այն, դարձրի «Մեգիրա»-ի սյուժեի հիմքը: Բայց, էլի, կարդալով Ս. Աբրահամյանի հոդվածը, «հասկացա», որ իրականում այդ երազը ես չեմ տեսել ու տեսնելու իրավունք էլ չէի կարող ունենալ, քանի որ անապատ, անապատում կին, կին` ընդհանրապես, խարույկ, քարանձավ, կեռխաչ, գիրք, առաջնորդ, բազմամարդ քաղաք, դժգոհ քաղաքացի (կապիկը արդեն ասել եմ) ինձանից մի հարյուր տարի առաջ տեսել է Նիցշեն ու դա էլ սեփականաշնորհել: Ո՞վ խաբեց Ս. Աբրահամյանին Իսկ հիմա` ավելի լուրջ: Քանիցս առիթ ունեցել եմ հրապարակավ ասելու, որ մեր գրաքննադատությունը իրեն գերազանց դրսևորել կարողանալով հինգ զգայարանների տիրույթում, այնուամենայնիվ, շղթայված է պատճառահետևանքային կապի սարդոստայնով և դժվարություններ ունի ըմբռնելու, որ գրողը (մարդը) ունի այլ զգայարաններ ևս ու դրանք զարգացնելու դեպքում կարող է Այլ (ոչ ստանդարտ) առնչություններ ունենալ Տիեզերքը կառավարող ուժերի հետ ու բերել բոլորովին նոր տեսակի, ոչ հանրամատչելի գրականություն: Մեր գրաքննադատությունը խնդիր ունի նման կարգի ստեղծագործությունները «մարսելու» և դասակարգելու գործում: Ասվածը վառ կերպով ապացուցում է Ս. Աբրահամյանը իր վերոհիշյալ հոդվածով, ուր հեղինակը, չունենալով բավարար պատրաստվածություն, փորձել է խորանալ Այլ առնչություններին տեղյակ, էզոթերիկայի վերաբերյալ բավարար պատկերացում, քաղաքական որոշակի փորձառություն ունեցող ընթերցողնե րին հասցեագրված (պարտադիր այս պայմանները կան գրքի շապիկին) «Մեգիրա» վիպակի մեջ և արդյունքում հանգել է աբսուրդ մի հետևության, թե իբր ես պլագիատ եմ արել Նիցշեի գիրքը: Իսկ նրա հետևությունն աբսուրդ է, քանի որ ես Նիցշեի այդ գիրքը չեմ կարդացել... Կարելի էր այսքանով ավարտել պատասխանը և եզրակացությունները թողնել ընթերցողին, բայց հուսալով, որ Ս. Աբրահամյանը նման աննախանձելի վիճակում հայտնվել է առանց հետին մտքեր ունենալու, կփորձեմ օգնել նրան: Ս. Աբրահամյանին ծուղակն է գցել նշածս պատճառահետևանքային կապին անմնացորդ նվիրումը, որն ասում է` Նիցշեն ծնվել է Արծրուն Պեպանյանից մի հարյուր տարի շուտ: Ու եթե Արծրուն Պեպանյանի որոշ մտքեր մոտ են Նիցշեի ասածներին, ապա կարող է լինել միայն և միայն մեկ բացատրություն` Պեպանյանը պլագիատ է արել: Եվ վերջ: Էզոթերիկա «Մեգիրան» գեղարվեստական գործ չէ, գեղարվեստի ձևով ներկայացված է էզոթերիկ մի ստեղծագործություն, որը հասու է քչերին: Այդ պատճառով ես գրքի տպագրությունից հետո որոնել եմ ոչ թե գրականագետների, այլ Այլ առնչություններից տեղյակ մարդկանց վերաբերմունքը գրքին: Նման մարդիկ գիտեն, որ անձը իմացության զարգացման աստիճաններով վեր բարձրանալով (եթե դա է կյանքի նպատակը) և հետզհետե ընդլայնելով Տիեզերքի հետ առնչվելու սպեկտրը Տիեզերական ինֆորմացիոն դաշտից կարող է ստանալ իր որոնած տեղեկությունները: Որքան շատ է մարդն աշխատում իր զարգացման վրա (սա սովորական կարդալը չէ), այնքան նա ավելի բարձր շերտերից է ինֆորմացիա ստանում և դառնում առավել իմաստուն («Մեգիրա» -ի մեջ հանգամանալից ներկայացված է վերին շերտերին հասնելու եղանակը, որը, պարզվեց, Ս. Աբրահամյանի երևակայությունից դուրս է): Այդ ինֆորմացիաները կամ դրանց մի խումբը հնարավոր է քեզանից առաջ որևէ մեկը ստացել է և շարադրել գրքի կամ ուսմունքի տեսքով: Դու ինքդ, եթե ստանում ես այդ նույն շերտ մտնելու թույլտվություն, ապա կարող ես առանց գրքեր և ուսմունքներ ուսումնասիրած լինելու ստանալ քեզ անհրաժեշտ ինֆորմացիան: Նշածս մարդիկ նման դեպքերում ոչ թե միմյանց մեղադրում են պլագիատի մեջ, այլ ընդամենը փաստում, որ տվյալ անձի առջև ևս բացվել է այս կամ այն շերտը: Այդ մարդիկ տեղյակ են, որ բոլոր տեսակ ինֆորմացիաները, գյուտերը, ուսմունքները ունեն մեկ տեր` դա Տիեզերքը կառավարող ուժերն են, և այդ մարդիկ երբևէ չեն պնդում, թե իրենց գրածը կամ ստեղծածը իրենց սեփական ուղեղի արգասիքն է: Նման մարդիկ գիտակցում են, որ իրենց սոսկ փշրանքներ են տրվել Բարձրյալի ինֆորմացիոն դաշտից, և փառքի ետևից վազելու փոխարեն հայտարարում են` եթե իմ գործը փառաբանելու արժանի է, ապա փառքը Աստծունն է: Հնարավոր է ոմանց համար ասածս դժվարըմբռնելի է, ու միտքս կպարզեմ օրինակներով: Երբ առաջին պատմվածքս ներկայացրի «Գարուն», ինձ ասացին, թե ընդօրինակել եմ Մարկեսին: Ես` ֆիզիկայի ֆակուլտետի թարմ շրջանավարտս, գիտեի աշխարհի բոլոր ֆիզիկոսներին, բայց Մարկես անունը լսած չկայի: Ինչևէ, ուշացումով կարդալով «Հարյուր տարվա մենությունը», տխրեցի, որ հիսուն տարի ուշ եմ ծնվել. Մարկեսն ինձանից վաղ էր հայտնվել այն շերտում, որը նոր-նոր հասու էր դառնում նաև ինձ: Երբ «Ալեքսանդր` որդի Ամոնի» վեպս ներկայացրի մի պարահոգեբանի (գրքի ողջ սյուժեն ինձ տրվել էր տեսիլների տեսքով, լեռներում, միայնության մեջ) նա, կարդալով` հարցրեց. - Վաղու՞ց ես դաոիզմ ուսումնասիրում: - Իսկ ի՞նչ է դա,- զարմացած հարցրի ես, տագնապելով, թե հիմա-հիմա կմեղադրեն ինձ պլագիատի մեջ: Բայց երբ պարահոգեբանը տեղեկացավ, թե ինչ կերպ եմ գրել գիրքը, ի տարբերություն Ս. Աբրահամյանի, մեղադրանք ներկայացնելու փոխարեն ինձ բացատրեց այն, ինչը ես արդեն ներկայացրել եմ սույն ենթավերնագրի սկզբում: (Շարունակությունը` հաջորդիվ)