«ԿՆՈՋ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է»


Հասմիկ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ անվանի մանկավարժ է, Գյումրու «Ավետիք Իսահակյան» կրթօջախի տնօրենը: Երկար տարիներ եղել է Լենինականի Շիրակի շրջանի և Գյումրու քաղաքային ժողկրթության բաժինների պետը, ղեկավարել է հայրենի քաղաքի նշանավոր «Բալատոն» վարժարանը: - Դեռևս շարունակվում են ամառային արձակուրդները, ուստի չէի ուզենա, որ այսօր մեր զրույցի գլխավոր թեման դպրոցը լիներ` չնայած անհնար է մանկավարժի հետ զրուցել և չշոշափել կրթության հարցեր: Բայց դրանց կանդրադառնանք ավելի ուշ: Ուզում եմ մեր զրույցն այսպես սկսենք. Դուք ընտանիքի մայր եք, կին ու տատիկ: Արդյո՞ք մեր օրերում, երբ շատ հաճախ բախվում ենք սոցիալական բազմաթիվ խնդիրների` լինել մայր, տանել ընտանիքի հոգսերն ու այսքանով հանդերձ` մնալ կին… - Բոլոր ժամանակներում էլ ընտանիքի մոր առջև բարդագույն խնդիրներ են հառել, բոլոր ժամանակներում էլ մայրը իր ուսերի վրա է կրել մեծագույն հոգսեր ու դժվարություններ… Ես բանասեր եմ, ուսումնասիրել եմ համաշխարհային գրականությունն ու պատմությունը, ինչն էլ ինձ հնարավորություն է տալիս ամեն ինչ դիտարկել համեմատությունների և համադրությունների մեջ: Նախնադարից սկսած` կինն ամենամեծ ծանրություններն է տարել, մինչդեռ միշտ նրան համարել են թույլ սեռի ներկայացուցիչ: Զարմանալի է, չէ՞… Բայց միշտ էլ կինը ձգտել է պահպանել իր կանացիությունը, թույլ սեռի ներկայացուցիչ լինելու «կոչումն» ու մնալ այնպիսին, ինչպիսին նրան բնությունն է ստեղծել: Ես տանը մայր եմ, տատիկ, ամուսնուս համար` կյանքի ընկերուհի և նաև կին: Դուրս եմ գալիս փողոց` չմոռանալով իմ բոլոր կոչումները` նաև մտածում եմ կին լինելու մասին, որովհետև հասարակությունը նայում է ինձ, որովհետև, իբրև հասարակության մի մասնիկ, ես առաջին հերթին կին եմ: Երբ մտնում եմ դպրոց` ես տնօրեն եմ` իմ ստանձնած մեծ պարտավորություններով: Տնօրենը պաշտոն է, պարտականություն, բայց ոչ երբեք` սեռ: Ուրեմն, տնօրեն լինելով` նաև կին եմ… Մեր ժամանակների կանայք ամեն մի փորձության դիմացան, բայց մնացին կին, որովհետև բնության մեջ համադաշնություն է պետք, կին-տղամարդ համադաշնության մեջ է բնության հրաշքը… - Բանաստեղծները մեծարել են կանանց, գովերգել, չեն խնայել մակդիրները, ամեն մեկը յուրովի է բացել-բացահայտել կնոջ էությունը: Ձեզ համար ո՞վ է կինը: - Իսկապես, այնքան բան է գրվել կնոջ մասին, որ ինքնատիպ լինելը դժվար է: Ինձ համար կինն ինքը բնությունն է, աշխարհն է, բարությունը… - Դուք ունե՞ք կնոջ երջանկության Ձեր բանաձևը: - Բանաձև չունեմ, որովհետև բանաձևերը բոլոր դեպքերում կաշկանդում են, կարծրատիպեր են ստեղծում: Կնոջ երջանկությունը սերն է, սիրված լինելն է: Պետք չէ սեր ասվածը նեղացնել և միայն տեղավորել տղամարդ-կին հարաբերության մեջ: Իհարկե, ամեն մի կին ուզում է սիրված լինել իր համար թանկ տղամարդու կողմից, ուզում է իր հանդեպ մշտապես հոգատարություն զգալ, տեսնել սիրով լցված հայացք: Այդ սերը կնոջն ուժ է տալիս, գեղեցկացնում է նրան, դարձնում է բարի: Երբ սեր չկա` կինն ասես ծերացած լինի, չարացած լինի… Բայց նաև կնոջը պետք է, որ առհասարակ շրջապատված լինի սիրով. Հանրության մեջ զգա այդ սիրո դրսևորումը: Մեծարանքն, իհարկե, դեռևս սեր չէ, բայց դեպի սեր տանող վերաբերմունք է: - Դուք ասացիք, որ երբ դպրոց եք մտնում` դառնում եք տնօրեն: Դժվար չէ՞ հիմա լինել դպրոցի տնօրեն: - Ես միշտ այն համոզումին եմ եղել, որ դպրոցները պետք է կանայք ղեկավարեն: Ճիշտ է, հոգեբաններն ասում են, թե մեր երեխաները մանկությունից սկսած կնոջ դաստիարակություն են ստանում, մինչդեռ հարկավոր է նաև տղամարդկայինը: Չեմ վիճում, որովհետև նրանք մասամբ ճիշտ են, սակայն դպրոցին հարկավոր են կնոջ հոգատարությունն ու ուժը: Դպրոցում է ձևավորվում սերը: Սեր առ հայրենիք, առ երկիր, առ ընտանիք… Կինն առավել հաջողությամբ կարող է այդ ամենը սերմանել ապագա քաղաքացու մեջ: Մեր ժամանակներում պետք է հնարագետ լինել, որպեսզի հնարավոր լինի դպրոց կառավարել: Սակայն հենց այստեղ կին է պետք, որպեսզի կարողանա, ինչպես իր ընտանիքում, խնայողություններ անել, տնտեսել, հոգատարությամբ արժևորել բոլորին, նաև կանացի դիվանագիտությամբ` «լեզու գտնել» հովանավորների ու տարբեր իշխանավորների հետ: Երբ կին տնօրենն է որևէ գործարարից մի բան խնդրում, ապա տղամարդ գործարարն անհարմար է զգում մերժել… Ես իմ փորձից եմ ելնում: Գործարարներից ոչ ոք ինձ չի մերժել, չեն մերժել իմ այն ընկերները, ովքեր որոշակի լծակներ ունեն: Այդ պատճառով էլ մեր դպրոցն ապահովված է ամեն ինչով: Ինձ անգամ չմերժեց Հանրապետության երկրորդ նախագահն ու բառացիորեն րոպեների ընթացքում լուծեց մեր մարզադահլիճի կառուցմանն անհրաժեշտ ֆինանսավորման հարցը… - Իսկ, Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ մեր երկրի կառավարման համակարգերում կանայք քիչ են: - Բարեբախտաբար, վերջին տարիներին արդեն տեղաշարժեր նկատվում են: Երկու կին նախարար ունենք, մոտ 15 կին պատգամավոր, փոխնախարարներ, այլ պաշտոնյաներ: Սակայն, իհարկե, թիվը շատ քիչ է: Կարծում եմ, որ շատ բան պայմանավորված է մեր մենթալիտետով, հոգեկերտվածքով: Մենք դեռ տարուբերվում ենք ասիականի ու եվրոպականի մեջտեղում: Մեզանում դեռ տղամարդկային էգոն շատ ամուր է բնավորված: Մեր տղամարդիկ կարծում են, թե կանայք չեն կարողանա լուծել երկրի առջև կանգնած խնդիրները: Բայց` կարող են: Մեծամասնական ընտրություններում տղամարդիկ իրենց ուժով ու շրջապատով ճնշում են կանանց, առաջ անցնում, մինչդեռ կարելի էր հատկապես քաղաքային ավագանիներում նպատակային տեղեր հատկացնել կանանց: Գիտեմ, որ համամասնական ցուցակների համար պարտադիր է կանանց 25 տոկոսի առկայությունը, սակայն տղամարդիկ կանանց այնպիսի տեղերում են ընդգրկում, որ նրանց մուտքը խորհրդարան դառնում է անհնար: Երևի մեր որոշ դժվարություններ պայմանավորված են այն բանով, որ քիչ են կանայք կառավարման համակարգում: Տվեք կանանց իրավունքներ ու հնարավորություններ, և նրանք կլուծեն երկրի առջև կանգնած բազմաթիվ խնդիրներ: Սա իմ համոզմունքն է: Ես անգամ այն կարծիքն ունեմ, որ երկրի առողջապահության, կրթության, սոցիալական ապահովութ յան նախարարները պետք է կանայք լինեն: Կին պետք է լինի նաև արտաքին գործերի նախարարը… Իհարկե, ես մի քիչ չափազանցնում եմ, սակայն նաև երազելու իրավունք ունեմ, չէ՞: - Խորհրդային տարիներին Դուք կոմերիտական աշխատող եք եղել, միշտ կապված եք եղել երիտասարդությանը: Նշանակում է` նաև մեր թերթին, որը շա˜տ երկար տարիներ երիտասարդության թերթն էր: Այսօր ինչպե՞ս եք վերաբերվում մեր թերթին, կարդո՞ւմ եք արդյոք: - Իմ սերնդակիցները չեն կարող դավաճանել այն արժեքներին, որոնք իրենցն են եղել: Պահպանողական չեմ, սակայն հատկապես իմ երիտասարդության խորհրդանիշները միշտ պահում եմ ինձ հետ: «Ավանգարդն» ինձ համար այդ խորհրդանիշներից մեկն է: Ես երբեք չեմ դավաճանել ընթերցողի իմ նախասիրությանը և հավատարիմ եմ մնացել թերթին: Իհարկե, կարդում եմ: Փոխվել է թերթը, փոխվել են թեմաները, բայց հատկապես ուրախ եմ, որ պարտադիր ձևով թերթն անդրադառնում է բանակի խնդիրներին: Ուրեմն, էլի երիտասարդական թերթ է մնում: Հիմա հատկապես երիտասարդությունը թերթ չի կարդում, որովհետև շատ հարցերի պատասխաններ գտնում է համացանցում: Բայց բանակում «Ավանգարդի» հետ բարեկամացած ամեն մեկը, կարծում եմ, հետո ցանկանում է մնալ թերթի ընթերցողը: Երբ սկսվի ուսումնական տարին, ես այնպես կուզենամ, որ մեր դպրոցի առաջին հյուրերից մեկը «Ավանգարդը» լինի: Հանդիպենք, մեր աշակերտների հետ խոսենք թերթի մասին: Հուսով եմ, որ մեր հանդիպումից հետո թերթի բարեկամների թիվը կավելանա: - Շնորհակալություն հրավերի համար, մենք անպայման կայցելենք Ձեր գլխավորած կրթօջախ և կբարեկամանանք գյումրեցի աշակերտների հետ: Իսկ այժմ թույլ տվեք նախապես շնորհավորել Ձեզ նոր սկսվող ուսումնական տարվա առթիվ և մաղթել հաջողություններ: Լ. Մ.