Սեզոնի բացումը...
Գարնան զարթոնքի հետ միասին, բուռն եռուզեռի մեջ են նաև մայրաքաղաքի, այսպես կոչված, սեզոնային սրճարանատերերը: Իսկ Կենտրոնի այդօրինակ հաստատություններից մեկում այնքան բուռն է եղել «սեզոնի բացումը», որ ստիպված են եղել պատմությանը միջամտել ոստիկանները:
Ապրիլի 7-ի գիշերը, ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Ազատության հրապարակի մերձակայքից բերման են ենթարկել յոթ երիտասարդների:
Պարզվել է, որ նրանք ժամը 04.00-ի սահմաններում Կարապի լճի հարևանությամբ գտնվող մի սրճարանի մոտ վիճաբանել են և աթոռով, գարեջրի շշերով, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց:
Տուժողներին դատաբժշկի ուղեգրեր են տրվել, իսկ իրավապահները գարեջրի սիրահարներին, եթե իհարկե, այդ «սերը» աղմկալի վերջաբան է ունենալու, զգուշացնում են` աթոռակռիվներն ու միմյանց վրա գարեջրի շշեր նետելը վնասակար են ձեր առողջությանը: