ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՈՒ ԿԱՎԱՏՆԵՐԻ «ՀԱՂԹԱՐՇԱՎԸ»


 

«Ռեժանս» համալիրի մոտ աշխատող ավտոհսկիչների կավատության մասին արդեն շատերն են խոսում: Մի շարք լրատվամիջոցներ շտապել են տեղեկություններ հաղորդել հանցագործության բացահայտման մասին: Ու հասարակությունն էլ, երևի, ուրախացել է, որ մեր ազգային մենթալիտետը աղավաղող մի փաստ ևս բացահայտվել է: Բայց արդյո՞ք նման բացահայտումները բավական են, որպեսզի իսպառ չգոյանա մարմնավաճառությունը, որպեսզի մեր իրականությունից դուրս մղվի «հնագույն մասնագիտության» սինդրոմը: Հավանաբար` ոչ, որովհետև մասնավորաբար վերջին տարիներին մարմնավաճառությունը չափազանց մեծ ծավալներ է ընդգրկել ու տարածվել փոքրիկ Հայաստանում:

Այսօր մարմնավաճառների ծառայությունների «կազմակերպման» վայրեր են դարձել հյուրանոց կոչվող այն բազմաթիվ հաստատությունները, որոնց թիվն անցնում է մի քանի տասնյակից: Երբ հյուրանոցում ապրելու ժամկետ է սահմանվում երեք ժամը, ինքնին պարզ է դառնում, որ դա ոչ թե կեցության, այլ մարմնավաճառների ծառայություններից օգտվելու վայր է: Նման հյուրանոցներով համալրվում են հանրապետության մյուս քաղաքները, բազմաթիվ ճանապարհային մոթելները, անգամ` էլիտար համարվող բաղնիքները:

Ամենապարզ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը կարող է համարվել «հասարակաց տների» քանակով շատ երկրների չզիջող պետություններից մեկը, ուր չօրինականացնելով մարմնավաճառությունը` այնուհանդերձ նրա համար ստեղծվել են բոլոր բարենպաստ պայմանները:

Մարմնավաճառությունը Հայաստանում ծաղկում է ապրում ոչ միայն կանանց, այլև` տղամարդկանց շրջանում: Մեծ թվով երիտասարդ միասեռականներ իրենց ծառայություն ներն են մատուցում ինչպես այգիներում, այնպես էլ նշված հյուրանոցներում ու բաղնիքներում: Այս ամենից, իհարկե, օգտվում են կավատները, ովքեր իրենց համար յուրօրինակ բիզնես-դաշտ են ձևավորել: Որևէ մեկի համար այս ամենը գաղտնիք չէ, շատերը գիտեն այս մասին, գիտեն նաև օրինաստեղծներն ու օրինապահները, սակայն... Ստացվում է, որ շատերի համար ձեռնտու է այս իրավիճակը:

Հյուրանոց կոչվածներից շատերի տերերը պետական պաշտոնյաներ են, անգամ` պատգամավորներ, հենց նրանք են կարողացել տեր դառնալ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածքների: Ուրեմն, նրանք երբեք էլ համաձայն չեն լինի բացահայտումներին, երբեք չեն կամենա, որ մեզանում հրապարակայնորեն խոսեն մարմնավաճառության և կավատության մասին: Ինչպես տևական ժամանակ լռություն էին պահպանում թրաֆիքինգի, կանանց սեռական շահագործման մասին: Այսօ´ր էլ Հայաստանից արևելյան երկրներ են տարվում կանայք, այսօ´ր էլ Հայաստանն այս առումով համարվում է գլխավոր մատակարարներից մեկը:

Ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ, ինչպե՞ս մեզանից հեռացնել ամոթալի երևույթը, որը, դժբախտաբար, խոր արմատներ է նետում: Գուցե, իսկապես, անհրաժեշտ են հանրային քննարկումներ և լսումներ, օրենսդրական նախաձեռնություններ...