Քոչարի բացառիկ ստեղծագործությունը` Երևանում


 

Մինչև հոկտեմբերի 30-ը հայ արվեստասեր հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա առնչվել արվեստի եզակի մի ստեղծագործության հետ: Երվանդ Քոչարի նորահայտ այս տարածանկարը ստեղծվել է դեռևս 1927-ին, բայց անծանոթ է հայ արվեստասերին:

Արվեստի մեծանուն այս նմուշը շուրջ 7 տասնամյակ գտնվել է ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում: Եվ միայն 2011-ին «Բարձր արվեստ» պատկերասրահն այն Փարիզից հայրենիք է բերել` այսօր ստեղծելով նաև ցուցադրության այս եզակի հնարավորությունը:

Երվանդ Քոչարի առաջին տարածանկարներից մեկը հանդիսացող այս գործը հսկայական հաջողություններ է արձանագրել: Մոնակոյի թագավորական ընտանիքի կողմից հովանավորվող «ArtMonΖco- ExΘo»-ում այն արժանացել է «Լավագույն ստեղծագործություն» գլխավոր մրցանակին: Ի դեպ` այս մրցանակը տրվում է միայն այն ստեղծագործություն ներին, որոնք նորարարական նշանակալի ազդեցություն են թողել անցյալ դարի կերպարվեստի զարգացման վրա: Նախորդ տարիներին այս անվանակարգին արժանացել են Պիկասոյի, Մարգրիտի ստեղծագործությունները:

Ցուցադրությունն իրականացվում է միանգամայն նոր ձևաչափով` ուղեկցվելով տարածանկարի մեկնաբանությունն արտահայտող տեսաֆիլմերով: Հանգամանք, որը հնարավորություն է ընձեռում առավել ընկալելի դարձնել ասելիքն ու ինչ- որ չափով բացահայտում է տարածանկարի գաղտնիքները:

- Փարիզում Քոչարը ստեղծեց պլաստիկ-գեղանկարչական նոր արտահայտչաձև` «Տարածական նկարչությունը»: Արարեց նորագույն ժամանակների պատկերամտածողությա նը համահունչ այլ ստեղծագործություններ, որոնք ևս արտահայտում էին նրա խոհափիլիսոփայական մտածումներն ու գեղագիտությունը:

Սա ոչ թե ուղղություն է, այլ` արվեստի նոր տեսակ: Գեղանկարչությունը կարծեք թե փակուղու առաջ էր կանգնած: Ինչպես Քոչարն էր ասում` հարթության վրա ինչ-որ հնարավոր էր` մարդկությունն արդեն իսկ արարել էր: Քոչարի առաջարկածը տարբեր հարթությունների վրա նկարելն էր, և ինչպես ինքն էր ասում` գտնել, գրավել տարածությունը,- ասում է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը:

Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Ա. Շահխաթունին յուրովի է մեկնաբանում տարածանկարը: Ըստ նրա` այն ամփոփում է մարդկության պատմության սկիզբը: Տարածության վրա պատկերված է Աստծո կողմից մարդու արարումը, մարդկության առաջին մեղքը` Եվայի գայթակղությունը, որից հետո դրվագ առ դրվագ պատկերված են բոլոր մեղքերը` մինչև Ադամի և Եվայի վտարումը դրախտից: Գործող անձինք 4-ն են` Ադամը, Եվան, Օձը և Աստված: Երկկողմանի հայելուց բաղկացած տարածանկարում արտացոլված են նրանց հոգիները: Վերջին դրվագներում արդեն մեղք գործած Ադամի ու Եվայի սրտերը պատկերված են սևով...

Այս մեկնաբանությունն առայժմ միակն է: Թանգարանի տնօրինությունը սիրով սպասում է նոր մեկնաբանությունների:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ