Առեղծվածային Պուտինը


Որքան էլ կանխատեսելի ու սպասելի էր Պուտինի վերադարձը` թե´ միջազգային հանրության, թե´ հատկապես ռուսաստանցիների համար, այդուհանդերձ, Մեդվեդևի կողմից նրան պաշտոնապես նորից նախագահի աթոռն առաջարկելուց հետո` երկրի լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Պուտինին: Իսկ նրա ծննդյան օրը լավագույն առիթ էր` անցյալի ինքնատիպ մի քանի դրվագներ վերհիշեցնելու: Ավելի ստույգ` ներկայացնելու նրա կերպարը` քաղաքականությունից դուրս: WDay.ru¬ն հենց այդպես էլ գրել է իր հրապարակման նախաբանում. - Քաղաքականությանը զուգընթաց նա ակտիվորեն զբաղվում է սպորտով, օգնում է կենդանիներին… Հատկապես Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի կանանց մեծամասնությունը համարում է իսկական տղամարդ: Իսկ հիշատակված միջադեպերն, իսկապես ինքնօրինակ են: n Ուսսուրական տայգայում մի վագրուհի է ապրում, որին անվանում են Պուտինի վագրուհի: 2008 թ. նա գիտնականների հետ մեկնել է այն վայրը, որտեղ թակարդն էր ընկել շերտավոր գիշատիչը: Վարչապետն անձամբ է կրակել կենդանիներին վնասազերծող հեռացույց սարքից և նրա վզին անցկացրել GPS¬վզնոց, որպեսզի հետևի վագրուհու տեղաշարժը տայգայում: Այդ ժամանակից վագրուհին երկրի ամենանշանավոր կենդանին է դարձել: Հիմա Վլ. Պուտինը հսկում է ոչ միայն իր խնամարկյալին, այլև նրա ձագուկին: n Պուտինը նպաստեց հայրենական ավտոարդյունաբերությանը, երբ համաձայնեց Չիտա-Խաբարովսկ մայրուղով երթևեկել նոր «Լադա Կալինա»¬ով: Այդ մեքենան անձամբ է վարել` ամբողջ 400 կիլոմետր և գոհունակություն հայտնել թե´ ճանապարհից, թե´ ավտոմեքենայից: Փորձնական այդ երթևեկից հետո վարչապետը մեքենայի վրա խոշորատառ ինքնագիր է թողել, և «Լադա Կալինան» դրվել է վաճառքի: n Վլ. Պուտինի երաժշտական տաղանդի մասին բոլորն իմացան 2010 թ. դեկտեմբերին Սանկտ¬Պետերբուրգում տեղի ունեցած բարեգործական համերգից հետո: Այդ օրը ՌԴ վարչապետն անսպասելիորեն բեմ է բարձրացել, նստել դաշնամուրի առջև և նվագել «Ինչից է սկսվում հայրենիքը» երգի մեղեդին: Հետո համեստորեն դիմել է ունկնդիրներին. - Եկեք պայմանավորվենք, որ այս ամենը մեր միջև կմնա: Ինչպես մարդկանց մեծամասնությունը` ես չեմ կարողանում ո´չ երգել, ո´չ նվագել, բայց սիրում եմ: Եվ դուք ստիպված եք դա հանդուրժել: Դրանից շատ չանցած` «Պրեմիերա` վարչապետից» ռադիոակցիայի ժամանակ նա մեկ այլ երգի ջազային տարբերակն է կատարել: n Լավ իմանալով, որ հոկեյ խաղում են իսկական տղամարդիկ, Պուտինը փորձել է հոկեյիստի մարզահագուստը: «Ոսկե տափօղակ» մանկական մրցախաղի եզրափակիչի նախօրյակին նա սառցադաշտ է դուրս եկել 12 տարեկան տղաների հետ: Նա խաղացել է որպես հարձակվող և մի քանի տափօղակով անգամ գրավել է հակառակորդի դարպասը: n Չնայած օրինակելի ընտանեսերի իր համբավին, Վլադիմիր Պուտինը մինչ օրս շատ աղջիկների երազների տղամարդն է: 2010 թ. Մոսկվայի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիները վարչապետի ծննդյան օրվա առթիվ սիրո խոստովանություններով էրոտիկ օրացույց են տպագրել: Ուսանողուհիներից մեկը օրացույցի էջերին նույնիսկ իր հեռախոսահամարն է նշել և թախանձել է, որ Պուտինը զանգահարի իրեն: Երազելի զանգն, իհարկե, նա չի ստացել, բայց Պուտինը գնահատել է նվերը և աղջիկներին շնորհակալություն փոխանցել: Իսկ այս տարի մեկ այլ բուհի ուսանողուհիներ վարչապետի համար տեսահոլովակ են նկարահանել` նրա լավ կազմվածքի ու իրենց համակրանքի մասին հիացական խոստովանություններով: