Աղոթք` «Չավես մեր, որ երկնքում ես..»


Վենեսուելայում լուրջ կրքեր է բորբոքել երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսին ձոնված բանաստեղծությունը, որը գրել և անցյալ շաբաթ տարածել է իշխող` Միացյալ սոցիալիստական կուսակցության ակտիվիստուհին: Բանաստեղծությունը սկսվում է Տերունական աղոթքի նմանակմամբ` «Չավես մեր, որ երկնքում ես»: Հասկանալի պատճառներով` այն հարուցել է եկեղեցական վերնախավի դժգոհությունը: Նրանց դժգոհությունն էլ զայրացրել է նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ով եպիսկոպոսների քննադատական դիտողությունը որակել է որպես ժամանակակից հավատաքննություն (ինկվիզիցիա):

- Հետո՞ ինչ, որ ոտանավորը շատ նման է քրիստոնյաների գլխավոր աղոթքին,- ազգային հեռուստաեթերով հայտարարել է նա (հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Ըստ Մադուրոյի` խոսքը ոչ թե ձևափոխված աղոթքի, այլ աղոթքի ձևով բանաստեղծության մասին է: Այդ ժանրը սկզբնավորել է վենեսուելացի պոետ Վիլյամ Օսունան: Բանաստեղծական այդ ձևը նախկինում օգտագործել են Նոբելյան դափնեկիրներ Պաբլո Ներուդան և Միգել Անխել Աստուրիասը:

Չավեսի հետնորդը շարունակում է նրա երկրպագուն մնալ, ինչը հավաստել է նաև այս առիթով.

- Եկեղեցին հանգիստ վերաբերվեց նրանց արվեստին, փոխարենը կաթոլիկ եպիսկոպոսները սկսել են հետապնդել խեղճ կնոջը` այդ կերպ ցուցադրելով իրենց ատելությունը, ինչը նրանք միշտ տածել են Չավեսի հանդեպ:

Հիշեցնենք, որ հուլիսին Միացյալ սոցիալիստական կուսակցության կոնգրեսը հանգուցյալ Չավեսին հռչակեց իր ստեղծած քաղաքական միավորման «հավերժական առաջնորդ»: