Համերգաշրջանի կրեշչենդո «ՕՆԵԳԻՆԸ»


Ձեռնարկելով դասական օպերաների հանրաճանաչմանը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ), որն արդեն բավականաչափ հեղինակություն է վաստակել միջազգային համերգասրահներում, իր գեղագիտական առաջնորդությունը արժանավայել ստանձնած գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի նախանձախնդրությամբ, տարեցտարի բնականոն գունեղացմանը հասավ հանրածանոթ երաժշտադրամատուրգիական մի քանի երկերի մատուցման` մեր օպերայինի երիտասարդ երգիչ¬երգչուհիների ներգրավմամբ: Դժվարանալով զարգացնել «Մադամ Բաթերֆլայ»¬ով կարծես թե գտնված բարեկիրթ համագործակցությունը «դրկից» օպերայինի հետ` վարչակազմի թերահավատ թյուրըմբռնման և այլ «ինքնըստինքյան ենթադրվող» հանգամանքների անհաղթահարելիության բերումով (երբևէ հնարավոր կլինի՞ օպտիմալ հուսալի առողջացումը մեր արդի խառնապղտոր մշակութային դաշտի...), հնարքներ որոնեց սեփական ռեալ լծակներով հետագա մտահղացումները կենսագործելու£ Դրա վերջին ուշագրավ արտահայտությունը դարձավ Չայկովսկու 10 օպերաներից կոմպոզիտորական հասունացման նախանշան «Եվգենի Օնեգին»¬ի (1877-78 թթ.) բեմականացումը (բեմադրությունը և նկարչական ձևավորումը` պրոդյուսեր, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի) «Արամ Խաչատրյան» համերգասրահում£ XIX դարի համաշխարհային և ռուսական երաժշտարվեստի ռահվիրաներից մեկի` իրավագետ, դիրիժոր, երաժշտաքննադատ ու բազմաժանր երաժշտակտավների բարձրարվեստ իր գանձանակը նոտագրած անզուգական կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու (1840-1893թթ.) հոբելյանը գործն ապրեցնելով նշանավորելուց զատ այս օպերային ներկայացումը հիմք դրեց Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչներ Էդուարդ Թոփչյանի և Վիգեն Չալդրանյանի ստեղծագործական դաշինքին£ Գուցե թե վերջինիս «Մաեստրո» խաղարկային կինոժապավենում ՀՊՖՆ¬ի անմիջական («ներկուլիսային կյանքի» էկրանավորմամբ, ցավոք, մթագնվում էր սիրելի երաժշտախմբի մասին ունեցածդ «վարդագույն» պատկերացումը) մասնակցությամբ էր խթանվել 45 համերգներով ձևավորված 2009-2010 թթ. համերգաշրջանի կրեշչենդոն դարձած այս համաստեղծագործությունը£ Ամեն դեպքում, երկուստեք չափազանց խանդավառված էին համերգաշրջանի վերջին երեկոյին ակնկալվող հոգևոր-մշակութային լիցքեր հաղորդած «Եվգենի Օնեգին»¬ի հինգերորդ խաղարկման հանդիսատեսային ընդունե լությամբ£ Համերգասրահի հարմարեցման հնարքը փոխառելով Մոսկվայում և Գերմանիայում տեսած համարժեք օպերային ներկայացումներից` «Եվգենի Օնեգին»¬ի ստեղծագործա կան խումբը Վիգեն Չալդրանյանի բեմադրական տեսիլքով, ընդհանուր առմամբ, գտել էր գործողությունների ծավալման հնարամտորեն ստեղծված միջավայր£ Պարտերի «աթոռազերծված» կենտրոնում, ժամանակավոր լայնածավալ աստիճանահարթակում թիկնադարձ տեղակայված էր նվագախումբը` բեմը «տրամադրելով» ՀՊՖՆ¬ի հետ ինքնարտահայտման հրաշալի ասպարեզ գտած «Հովեր» կամերային երգչախմբով (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան) համալրված արտիստական խմբին£ Թափանցիկ «կաթնաճերմակահանդերձ» բեմատարածքին «բազմեցված» էր հսկայածավալ տախտակամածը£ Անշահեկանորեն լուսավորված լինելով ներսից` այն աղքատիկ տեսքն էր, ավաղ, «ակամա» ցայտեցնում նախանցյալ դարասկզբի ռուսական կալվածքի մի քանի բնութագրական նրբին շտրիխներով ապահովված որոշակի թատերախաբկանքի£ Բեմական շարժման ուժգնացող ճռճռոցով` անհուսալիությունը, երբեմն` վտանգավորության աստիճան£ Հիմնական «իրադարձավայր» բիլիարդի սպիտակ սեղանը, վառվռուն խաղագնդակներով «օպերային գործողությունները» խթանելիս նորահայտ սիմվոլ ընկալված, իրեն վերագրված խորհրդանշական իմաստը շուտով կորցնում է, երբ որպես մահճակալ է ծառայում Տատյանա Լարինային (Լիանա Ղազարյան), ապա թղթախաղի և իշխանական հյուրընկալության սեղան... Դահլիճից բեմ ու տախտակամած, հետո կուլիսներ ելումուտ անելիս փոքրաթիվ խումբը, տարածական անհարմարության ու վտիտ թատերափորձի պատճառով, ակամա «խցանումների» մեջ էր հայտնվում£ Չունենալով դերակատարման պատկառելի բարեկրթություն` զգալիորեն փչացնում պարահանդեսային տեսարանները` գեթ վարժ ու սահուն մի պարաքայլի ընդհանուր ներդաշնակությունն ապահովելուն անկարող£ Փոխարենը անթերի պահպանում էր երաժշտական հենքը օպերայի և գլխավոր դերակատարիների «երգասացության»£ Սքանչելի էր Լիանա-Լարինան (սոպրանո), մարմնավորած մելամաղձոտ ու հեզանազ հերոսուհուն գրեթե անսայթաք միաձուլված այնպես, որ Չայկովսկին, ըստ իս, վերստին կսիրահարվեր Պուշկինի պոեզիայից իրեն ամենից շատ հոգեհարազատ այս կերպարին£ Բեմական բարձր կուլտուրայով ի սկզբանե դերասանախմբում առանձնացող Ստանիսլավ Տրիֆոնովի (բարիտոն, Բելոռուս) Եվգենի Օնեգինն անգամ տեղ¬տեղ զիջում էր Ղազարյանի Տատյանային£ Կերպարային զգացողություններով մշտապես ուշադրություն գրավող Օլգա¬Գրետա Բագիյանը (կոնտրալտո) իր երգարվեստով պակաս տպավորիչ էր` փոքր ձայնի երբեմն խիստ սահմանափակ արտահայտչակա նությամբ£ Անզուգական էր թե կոլորիտային կերպարայնությամբ, թե հնչեղ երգարվեստով Պերճ Քարազյանի (տենոր) Տրիկեն, տիպիկ ֆրանսիացի£ Իր հարուստ, զրնգուն ձայնով խորապես հուզում էր ունկնդրին Հովհաննես Այվազյանը` չգոհացնելով հանդիսատեսին անհամաչափ դերամարմնավորմամբ£ Սուրեն Շահիջանյանի (Ֆրանսիա) իշխան Գրեմին արտիստական հմայքից գրեթե զուրկ էր, անկախ բասային հատու ու անթերի երգեցողությունից£ Հեղինակի իսկ կողմից «քնարական տեսարաններ» ենթավերնագրված «Եվգենի Օնեգին» օպերայի այս ներկայացման մի շարք տեսարաններ (մասսայականի հավակնություն ունեցողները, հետնավարագույրից անդին փոխադրվածները, տախտակամածում մարդկային խճողումներ առաջացրածները...) պարզապես ձանձրաթույր էին £ Կտրուկ հակասականությունն էր աչքի զարնում գլխավոր դերակատարների ու «Հովեր»¬ականների զգեստների անհամատեղելի տարաճաշակության£ Անհավատալի էր թվում, որ դրանք միևնույն անձի` բեմադրիչի կողմից են հեղինակվել£ Ներկայացման էկլեկտիկ նկարչական կերպարը հընթացս փոշիացնում էր նրբաճաշակ ամբողջացման նախնական հավատընծա հույսերդ£ Նվագախմբի բարձրակարգ միադաշնությամբ շոյում էր լսողությունդ Չայկովսկու քնարաշունչ երաժշտությունը£ Երգեցողության ընդհանուր կատարելությամբ, այդուհանդերձ, վերաբացահայտվում էր օպերայի բազմաբովանդակ մեղեդայնությունը, երաժշտական լիարյուն գրավչությունը£ Բրա°վո, մաեստրո (ֆիլմը նկատի չունեմ, անշուշտ, և համամիտ եմ այդ «Մաեստրո»¬ի «լրագրագոհի» հիմնական բովանդակությանը)£ Ոչ միայն երաժշտախմբի, այլև երգիչների հետ առանձին-առանձին ու միահյուսված աշխատանքը ՀՊՖՆ¬ի գեղարվեստական առաջնորդի ակներև էր ու դրվատանքի արժանի£ Հետևելով դիրիժորական վահանակի մոտ կանգնած Էդուարդ Թոփչյանի ներշնչված դրսևորումներին (ամբողջ օպերան ինքնամոռաց կատարում էր անձայն) և բեմադրական զգալի անհարթություններից «խուճապահար» հանդիպակաց օթյակ ելումուտ անող Վիգեն Չալդրանյանին (ներքուստ, վստահ եմ, գիտակցում էր սպրդած բեմադրական ակնհայտ «խոցերը»)` ենթադրում եմ, որ բազմակի խաղարկմամբ, գուցե, ամբողջանա այս «Օնեգինը»£ «Հովերի» ինքնահղկ ման եռանդուն պատրաստակամությանն էլ լավատեղյակ եմ£ Նաև` փորձերին սեփական երկացանկի թատերայնացված մատուցման£ Նորահաստատ ստեղծագործական դաշինքը, որ «երազամղում» է Չալդրանյանի ծննդյան 55¬րդ տարեդարձը նոր համատեղ բեմադրությամբ տոնել, կարծում եմ, անհամեմատ տպավորիչ թատերաշուք կապահովի «Դոն Կարլոս»¬ին£ Համապատասխան միջոցներ էլ կգտնվեն£ Պետական ամրակուռ նեցուկը օրավուր անկասելի է դարձնում այս բարձրակարգ երաժշտական կոլեկտիվի ստեղծագոր ծական երևակայության սլացքը£ Հիմա ՀՊՖՆ¬ն մի գլխավոր առաջնահերթությամբ է մտահոգ` անվրեպ տեղ հասցնել պետության առատաձեռնությամբ իրենց շնորհված նվիրական դաշնամուրը (Steinway ֆիրմա, Համբուրգի արտադրություն) Հայաստանի մայրաքաղաք, որպեսզի 2010-11 թթ. համերգաշրջանը բացող Երևանյան միջազգային IV երաժշտական փառատոնը աշխարհահռչակ դաշնակահարների լիարժեք նվագով ունկնդիրներին հոգեկան առավել մնայուն ու անկրկնելի բավականություն պարգևի£ Վստահություն ներշնչի` մեծահամբավ շատ ու շատ երաժիշտ կատարողների նոր հրավերներ առաքելու£ Պետության մշտակայուն հոգատարությանը սեփական կատարողական տեխնիկայի ու արվեստի բյուրեղացման ցայտուն դրսևորումներով արժանացած մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը անհամեմատ վստահ ու համարձակ է զարգացնում թե դասականի հիմնասյուների վրա խելամտորեն խարսխված իր ստեղծագործական երկացանկը, թե ընդհանուր նկարագիրը£ Վերջին տարիներին ավելի հաճախ հանդես գալով մեծահամբավ անհատ երաժիշտների` Քիմ Քաշքաշյանի (ալտ), Վոլֆգանգ Մայերի (կլառնետ), Ռադովան Վլատկովիչի (գալարափող), Իլյա Գրինգոլցի (ջութակ), Էշլի Վոսի (դաշնամուր) և բազում այլոց հետ` հայաստանցի արվեստասերների ներաշխարհը պարբերաբար հարստացնում է երաժշտության բարձրարժեք ելևէջների համանվագով` միաժամանակ խորացնելով դրանց անվրեպ հնչեցման վարպետությունը£ Ում բախտ վիճակվի ունկնդրել շվեդական հանրահայտ Bis records ֆիրմայում իրականացրած նոր ձայնագրությունները (Արամ Խաչատրյան, Վաչե Շարաֆյան, Սուրեն Զաքարյան), ևս մեկ ավելորդ անգամ կհավաստիանա ՀՊՖՆ¬ի ակնածալի ձեռքբերումներում£ Նախընտրելով կենդանի անմիջական հաղորդակցությունը այս երաժշտախմբի ու վիրտուոզ անհատ կատարողների միադաշն համերգային ելույթներին` ինքս անհամբեր սպասելու եմ նոր համերգաշրջանի երաժշտական անակնկալների իրականացմանը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ