Զուգարաններ և խմելու ջուր` վերելակներում


Շա˜տ նրբանկատ են ճապոնացիները և ժողովրդի հարմարավետությամբ մտահոգ: Իշխանությունները իրենց հոգսն են համարում տարերքի հատուցած տհաճ անակնկալների մեղմացումը և որոշել են Տոկիոյի բազմահարկ շենքերի վերելակներում զուգարաններ տեղադրել և խմելու ջուր պահեստավորել:

Պատճառն այն է, որ երկրաշարժերն այնտեղ հաճախ խաթարում են վերելակների աշխատանքը, և մարդիկ երբեմն մի քանի ժամ մնում են «օդում կախված» խցիկներում: Օրինակ` հենց մայիսի վերջին Տոկիոյից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժից մայրաքաղաքի տարբեր շենքերում խաթարվել են 19 հազար վերելակներ, ու դրանց «ուղևորները» ստիպված են եղել ավելի քան մեկ ժամ սպասել փակ տարածքում (Vesti.ru):

Տեղեկացվում է նաև, որ երկրում գործող 620 հազար վերելակների 1/5-րդ մասը գտնվում է Տոկիոյում: Մինչ վերելակները արտաքնոցներով ու ջրով ապահովելը` դրանցում արդեն իսկ տեղադրվել են նստարաններ:

Փաստորեն, մեզանում տարածված «լիֆտ նստել» արտահայտությունը ուղիղ իմաստն ունի Ճապոնիայի պարագայում: