ՇԵՔՍՊԻՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ


 

Հանճարեղ Վահրամ Փափազյանը մեծագույն երազանք ուներ` երբևէ Մեծ Բրիտանիայում` Շեքսպիրի հայրենիքում հայերենով ներկայացնել հանճարեղ բրիտանացու ստեղծագործությունները: Փափազյանի երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ: Հետագայում Անգլիայում հանդես գալու երազանքն էր փայփայում 20-րդ դարի մեր մեծագույն դերասաններից մեկը` Խորեն Աբրահամյանը, ում անունը շատ վաղուց տեղ է գտել Բրիտանական մեծ հանրագիտարանում: Խորհրդային իշխանությունները խոչընդոտեցին, թեև Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում Հրաչյա Ղափլանյանի բեմադրած «Կորիոլանը» արժանացել էր ԽՍՀՄ պետական մրցանակի: Սակայն խորհրդային կուսակցական աստիճանավորները պատնեշներ դրեցին բրիտանական հյուրախաղերի առջև` սունդուկյանցիների փոխարեն Լոնդոն ճանապարհելով Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը: Եվ ահա իրականություն է դառնում մեր մեծերի երազանքը. Շեքսպիրի հայրենիքում հայերեն հնչելու է շեքսպիրյան խոսքը:

2012 թ. ապրիլի 23-ին Մեծ Բրիտանիայում մեկնարկել է շուրջ 6 ամիս ընթանալիք մշակութային համաշխարհային օլիմպիադան, որի շրջանակներում կանցկացվի անգլիացի մեծանուն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրին և նրա անմահ ստեղծագործություններին նվիրված «Globe to Globe» խորագրով թատերական փառատոնը: Փառատոնի նպատակն է աշխարհի տարբեր լեզուներով ներկայացնել Շեքսպիրի ստեղծագործությունները, մեկ անգամ ևս հաստա-տել այն ճշմարտությունը, որ Վիլյամ Շեքսպիրը աշխարհի թատերագիրն է, ում ստեղծագործությունները բոլոր ժողովուրդների համար թանկ ու սիրելի են: Դեռևս 2011 թ. փառատոնի կազմկոմիտեն աշխարհի ավելի քան 200 երկրների թատրոններից ընտրել է 37-ը, որոնք էլ հանրահայտ «Գլոբուս» թատրոնում նույնքան լեզուներով կներկայացնեն շեքսպիրյան թատերգությունը:

Հայտնի է, որ բրիտանական իշխանությունները վերականգնեցին «Գլոբուս» թատրոնը, որտեղ հանդես է եկել «Նորին մեծություն թագավորի եղբոր թատերախումբը», որի դերասաններից էր Շեքսպիրը: Այս թատրոնը շեքսպիրյան թանգարան է և կենդանի բեմ, ուստի հենց այստեղ կազմակերպելով փառատոնը` նրա կազմակերպիչները նաև նպատակ են հետապնդել միավորել ժամանակները, Վերածնունդն ու արդիականությունը:

Շեքսպիրյան թատերգական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը&undefined; «Ջոն արքա» պիեսի բեմադրությամբ (բեմադրիչ` Տիգրան Գասպարյան): 1981-ին Խորեն Աբրահամյանը հայ բեմում առաջին անգամ ներկայացրեց այս քրոնիկոնը` գլխավոր դերերը հանձնարարելով Սոս Սարգսյանին և Վարդուհի Վարդերեսյանին: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բեմադրիչ և նոր բեմադրության հեղինակ Տիգրան Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց.

- Փառատոնի պահանջներից բխող բոլոր մանրամասներն ու առանձնահատկությունները ներկայացնելու և քննարկելու նպատակով 2011 թ. Հայաստան էին ժամանել փառատոնի նախագահ Թոմ Բըրդը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Մալու Անսալդոն և «Գլոբուս» թատրոնի հայազգի դերասան Գևորգ Մալիկյանը: Ըստ փառատոնի պահանջների, «Գլոբուսի» բեմում բեմադրությունները պետք է ներկայացվեն առանց ձայնային, լուսային էֆեկտների, երաժշտության կենդանի կատարմամբ, մասնակից երկրի մայրենի լեզվով` հանդիսատեսին տրամադրելով միայն պիեսի համառոտ նկարագրությունը` անգլերենով: Նկատի ունենալով շեքսպիրյան թատրոնի բեմական հնարավորությունները` «Ջոն արքա» ներկայացման մեջ ընդգրկված 24 կերպարի փոխարեն «Գլոբուսում» հանդես կգան 12-ը` տասը դերասան և երկու երաժիշտ:

«Ջոն արքա» ներկայացման փորձերի ընթացքի լուսաբանման և ստեղծագործական խմբի հետ հանդիպման նպատակով Շեքսպիրյան փառատոնի կազմկոմիտեն Երևան էր գործուղել լրագրող Քլեր Օլֆրիին: Վերջինս ապրիլի 2-ին ներկա է գտնվել «Ջոն արքա» ներկայացման գլխավոր փորձին և իր տպավորություններով հանդես եկել անգլիական մամուլում: Բրիտանացի լրագրողի դիտարկմամբ` «չնայած, ներկայացումը հայերենով էր, այն հասկանալի էր և շատ տպավորիչ»:

Մայիսի 16-ին և 17-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում հանդես կգա «Ջոն արքա» բեմադրության ներկայացմամբ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ