Կունենանք էապես բարելավված ընտրություններ


 

Արդեն ընթացքի մեջ է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրական գործընթացների սկզբի, ակնկալիքների մասին «Ավանգարդի» հարցերին պատասխանում է «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ի՞նչ տպավորություն ունեք սկսված քարոզարշավից:

- Շատ հանգիստ է սկսվել: Մենք միջադեպեր չենք գրանցել, և պարզ է, որ այս քարոզարշավը բովանդակային առումով լինելու է հետաքրքիր, որովհետև բոլոր քաղաքական ուժերը կարծես շատ լրջորեն նախապատրաստվել են դրան: Մեր կուսակցությունը նույնպես լուրջ է նախապատրաստվել. մենք աշխատանքը տանում ենք մի քանի ուղղություններով, սկսած` Հանրապետության նախագահի այցերից, համայքներում քարոզչական խմբերի հանդիպումներից: Փորձում ենք ներկայացնել թե´ կատարվածը, թե´ կատարվելիքը:

Ընթացքում, ինչպես ասում են, ամեն ինչ ավելի հստակ կլինի: Բայց համացանցում հաճախ է խոսվում ՀՀԿ-ԲՀԿ հակադրության մասին, նաև տեղեկատվություն կա ծեծկռտուքի մի երկու դեպքի մասին: Արդյո՞ք դա մտահոգության տեղիք չի տալիս:

- Ցանկացած ծեծկռտուք, անկախ, թե ինչ հիմքով է սկսվել, կարծում եմ` անհանգստություն կարող է հարուցել: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև առկա է հակադրություն: Կան իհարկե առանձին կարծիքներ առանձին անձանց մոտ, բայց դա ամենևին չի նշանակում, թե կուսակցությունների միջև լուրջ հակասություններ ունենք: Մենք շարունակում ենք մնալ կոալիցիոն գործընկերներ: Ուստի, միջկուսակցական հակասության մասին խոսք լինել չի կարող: «Հանրապետականի» մեկ և «Բարգավաճ Հայաստանի» մեկ այլ անդամի միջև որևէ միջադեպ չի կարող ավելի լայն մեկնաբանությունների տեղիք տալ:

Ձեր դիտարկումներն ի՞նչ են հուշում, վերականգնվո՞ւմ է արդյոք ժողովրդի հավատը, որ իրենց ձայնը կարող է որոշիչ լինել, կարող է ինչ-որ բան փոխել մեր երկրում:

- Դա երկարատև աշխատանք է պահանջում, աշխատանք` բոլոր կողմերից: Միայն իշխանության կողմից տարվող աշխատանքը չի կարող հաջողությամբ պսակվել` եթե միակողմանի իրականացվի: Կարծում եմ` բոլոր քաղաքական ուժերը պետք է դա գիտակցեն: Թերևս նաև այդ նպատակն էինք հետապնդում, երբ առաջարկեցինք քաղաքակիրթ մրցակցության կանոնների նախագիծ:

- Եվ մեր իրականության ամենացավոտ հարցի մասին: Արդյո՞ք, հաջողվում է պայքարել ընտրակաշառքի դեմ:

- Ընտրակաշառքը մի երևույթ է, որի դեմ պայքարը նախատեսում է առաջին հերթին քրեական պայքար: Ես մտահոգ եմ այն տեսանկյունից, որ հաճախ հնչում են նման մեղադրանքներ, սակայն չեն ներկայացնում պատշաճ ապացույցներ, ինչը հնարավորություն կստեղծի պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Ի վերջո, ցանկացած կաշառքի ինֆորմացիայի աղբյուրն այն անձն է, ով տալիս է կաշառքը: Եվ շատ դժվար է ապացուցել կաշառքի փաստը, եթե այդ անձը ներգրավված չէ:

- Տարածված է այն տեսակետը, որ ընտրախախտումներ կարող է անել այն քաղաքական ուժը, որն իշխանության մեջ է: Օրինակ, մեր շենքի մոտ օրերս սկսեցին ասֆալտ անել. ասացին` «Հանրապետականն» է անում:

- Ընտրակաշառքի մասին հայտարարություն տվեք իրավապահ մարմիններին: Ի վերջո, ձեր նկարագրած դեպքն արգելված է օրենքով, որովհետև թեկնածուների և կուսակցությունների կողմից ընտրողներին դրամ, ապրանք կամ որևէ ծառայություն առաջարկելն արգելված է:

- Ընտրական նոր օրենսգիրքը բավարա՞ր պայման է, որպեսզի ընտրությունները լավ անցնեն: Ի վերջո, օրենսգիրքն ինչքան էլ լավը լինի, բայց բոլոր դեպքերում կարևորը քաղաքական կամքն է:

- Դուք ճիշտ եք ասում. Ընտրական օրենսգիրքը չի կարող լինել բավարար պայման: Սակայն, չի կարելի նաև անտեսել, որ այն կարող է էապես ազդել ընտրությունների որակի վրա: Եվ բազմաթիվ մեխանիզմներ, որոնք նախատեսված են օրենսգրքում, կոչված են ավելի բարձր որակի ընտրություններ անցկացնելու: Ուշադրություն դարձրեք, Հայաստանի պատմության ողջ ընթացքում չի եղել դեպք, երբ ընդդիմության ներկայացուցիչները տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունենան կես տոկոսից ավելի ղեկավար պաշտոններ: Այսօր 50 տոկոսից ավելի ՏԸՀ-երում ունենք առնվազն մեկ ղեկավար պաշտոն, որը զբաղեցնում է ընդդիմությունը: Սա արդեն Ընտրական օրենսգրքի պահանջն է, և իհարկե, դա կարող է դրական դերակատարում ունենալ: Այնպես որ, հաշվի առնելով այդ հանգամանքը, կարծում եմ` բոլորը պետք է գիտակցեն, որ Ընտրական օենսգիրքը չի կարող լուծել բոլոր խնդիրները, սակայն կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների որակի վրա:

- Դուք ակնարկում եք հանրային վստահությունը: Բայց Ընտրական օրենսգրքի առնչությամբ մի նկատառում ունեմ: Քաղաքական մեծամասնությունը ինչո՞ւ մերժեց քվեարկությունից անմիջապես հետո ընտրության մասնակիցների ցուցակը հրապարակելու մասին ընդդիմության պահանջը: Մի՞թե դա չէր բարձրացնի ընտրության հանդեպ ժողովրդի վստահության մակարդակը:

Ես համաձայն չեմ, թե դա կբարձրացներ հանրային վստահության մակարդակը: Կա հին հայկական ասացվածք` «տանդ դուռը փակ պահիր, որ հարևանիդ գող չասես»: Մենք չենք ուզում, որ ցուցակները հրապարակվեն, և հետո ինչ-որ մեկն ասի` այսինչը չէր եկել և Հայաստանում չի, բայց քվեարկել է: Շատ դժվար է հետո գտնել այդինչին, բերել ու ասել` նայեք, քվեարկել է: Մենք ասում ենք` հարգելի ընդդիմություն, քո վստահված անձը նստելու է հանձնաժողովի երկու անդամի միջև և հետևելու է, որ ստորագրությունը չկեղծվի, որ եկած անձը ներկայացնի անձնագիր և նրա անունն առկա լինի ցուցակում: Այսինքն, հետևիր և հենց որ խախտում հայտնաբերես, անմիջապես ահա-զանգիր: Մի թողնիր, որ գողությունը կատարվի, հետո սկսես բոլորին կասկածել: Տանդ դուռը փակ պահիր: Այդ իրավունքը տրված է խորհրդարանական ընդդիմությանը. երբևէ նման մեխանիզմ չի գործել:

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է կատարի պարտականության իր մասը: Եթե խորհրդարանական ընդդիմությունն իսկապես ընտրի սկզբունքային վստահված անձանց` յուրաքանչյուր տեղամասում, և նրանք պատշաճորեն կատարեն օրենքով իրենց վրա դրված պարտականությունը, օգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից, վստահ եմ` կունենանք էապես բարելավված ընտություններ:

- Շնորհակալություն հարցազրույցի համար և բարին ընդ Ձեզ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ