Հյուրասրահ

ՊՈՂՈՍ ՍՆԱՊՅԱՆ.

 

«Որովհետեւ հոս հողին վրա ես, հավաքական ազատության մեջն ես»

 


 

Բեյրութահայ նշանավոր արձակագիր, խմբագիր և մանկավարժ Պողոս Սնապյանին հանդիպեցի Բեյրութում: Երկու օր շարունակ մասնակցեց գրական այն հանդիսություններին, որոնք նվիրված էին Եղիշե Չարենցի ծննդյան 115 և Նորայր Ադալյանի 75-ամյակներին: Տարված ամենօրյա միջոցառումներով և հանդիպումներով, մոռացա շնորհավորել նշանավոր մտավորականին իր ծննդյան 85-ամյակի առթիվ: Ինքն էլ չհիշեցրեց, որ հոբելյար է, արժանի է հանդիսանքների և մեծարանքների: Գիտեմ, որ փոքր-ինչ խռոված էր հոգին, քանի որ հայրենիքում որոշ մերձգրական մարդիկ պայքար են սկսել նրա դեմ, քննում ու քննադատում են նրա մի շարք գրքերում ու հոդվածներում արտահայտած կարծիքները, որոնք, բնականաբար, վիճահարույց են, ծնունդ առած որոշ քաղաքական նկատառումներից: Կես դարից ավելի Պողոս Սնապյանն իրեն նվիրել է հայ գրականությանը, մշակույթին, լրագրությանը, խմբագրել է մեծ ճանաչում և հռչակ վայելող «Բագին» հանդեսը:

ՊՈՂՈՍ ՍՆԱՊՅԱՆ.

«Որովհետեւ հոս հողին վրա ես, հավաքական ազատության մեջն ես»

- 1951 թվականից ներգրավվել եմ հանրային կյանքի մեջ, իմ քայլերն եմ կատարել գրականության մեջ: Չբավարարվելով գրականությամբ` նաև հրապարակագրության մեջ եմ ինքս ինձ տեսել, որովհետև յոթ տարի շարունակ «Ազդակ» օրաթերթի խմբագիրն եմ եղել, գրել եմ բազմաթիվ խմբագրականներ, կուսակցական, կրոնական բնույթի հոդվածներ: Հիմա շատ քիչ եմ գրում:

- Պարոն Սնապյան, քանի որ մամուլում արտահայտած ձեր շատ մտքեր չեն կորցրել իրենց թարմությունն ու հրատապությունը, ուստի մեկ հղում կատարեմ. «Առնենք երկու Ամերիկաներու պատմությունը, որ հավելումն է մեր կյանքին: Հոս ստեղծվեցան դպրոցներու ցանցեր: Ասիկա նոր ներդրում մըն է եւ մեծ նշանակություն ունի մեզի համար: Ասկե 30-40 տարի առաջ ամենօրյա վարժարաններ գոյություն չուներ Մ. Նահանգներու: Չեմ ըսեր, թե իդեալական կառույցներ են ասոնք, չեմ կրնար ըսել, թե անոնցմե պիտի ելլեն գրագետներ, հրապարակագիրներ, բայց նաեւ կրնամ ըսել, որ ասոնք ապրումով, հեռանկարով, երազներով հայ կմնան: Որեւէ մեկուն մտքով կանցնե՞ր, որ Ղարաբաղին կրնանք տիրանալ:

- Ես հիմա էլ ամրորեն պաշտպանում եմ նախկինում ասածս, որովհետև միշտ արտահայտել եմ այն, ինչ զգացել եմ: Երբեք չեմ հեռացել ինքս ինձանից, երբեք չեմ փորձել ժամանակի շահատակությունների մեջ տեղավորվել: Իմ համոզմունքներն իմն են, դրանք կարող են հարստացվել, բայց ոչ երբեք` ջնջվել:

- Տարիներ առաջ կարդալով ձեր «Ես այդ շունն եմ» էսսեն, ինչպես նաև նրա առթիվ մի շարք հայաստանյան արձագանքներ (խորհրդային տարիներին), ես գրեցի մի ծավալուն հոդված, որը լույս տեսավ «Շիրակ» գրական-գեղարվեստական հանդեսում: Ձեզ մեղադրում էին հակահայկականության մեջ: Հակահայկականություն ասելով` նկատի ունեին հակախորհրդայնություն:

- Որպես հայ գրագետ և Սփյուռքում ապրող հայ կուսակցական, ես, բնականաբար, ունեի իմ հստակ արտահայտված ընդդիմությունս խորհրդային կարգերի հանդեպ: Սակայն իմ ստեղծագործության մեջ հակահայկականության նշույլ անգամ չէր կարող լինել, որովհետև ես հայ եմ, հայ մտավորական, հայ գրի մարդ: Մենք կորցրել էինք անկախություն, մի նոր երկիր կառուցելու հնարավորություն, ուստի իմ ցավն իմ հայրենիքի համար էր: Գիտեմ, որ ժամանակի մի քանի քննադատներ հենց այդպես կամեցան սևացնել ինձ` հռչակելով մեր ազգի հակառակորդ: Դա Սփյուռքում ապրող բոլոր այն գրագետներին տրվող գնահատականն էր, ովքեր երազում էին անկախ ու միացյալ Հայաստանի մասին: Հիմա դա մեր բոլորի տեսլականն է, որովհետև ամեն ոք ուզում է տեսնել ոչ միայն ազատ ու անկախ, այլև միացյալ Հայաստան: Արդեն քանի˜ տարի Հայաստանի իշխանությունները պայքարում են Ցեղասպանության ճանաչման, Հայ Դատի հանրահռչակման համար: Պատմությունն ու աշխարհը պարտք են մեզ:

- Մի քանի անգամ եղել եք Հայաստանում, շուտով հավանաբար նորից կգաք: Ի՞նչն եք կարևորում այսօր Հայաստանում:

- Հայաստանում որոշակի ընկերային դժվարություններ կան, նկատելի են հասարակական լճացումներ, սակայն դրանք ինձ չեն մտահոգում, որովհետև այդ ամենը ժամանակավոր է: Շուտով ամեն ինչ կշրջվի, Հայաստանը կհաղթահարի ամեն մի դժվարություն: Այստեղ գլխավոր զգացումս այն է, որ հողի վրա ես, հավաքական ազատության մեջ ես: Մինչդեռ Սփյուռքն ապրում է ողբերգական կացության մեջ: Մենք մեծ մարտահրավերների առջև ենք կանգնած, նահանջի վտանգը մշտապես իրեն զգացնել է տալիս:

- Տեղյակ եմ, որ պատրաստվում եք հրատարակել Ձեր կենսամատենագիտությունը:

- Այո´, իմ ծննդյան 85-ամյակին ինքս ինձ նվեր եմ պատրաստում` ամփոփելով, ի մի բերելով իմ ողջ գրական ճանապարհը: Հույս ունեմ, որ հոբելյանական հանդիսություն էլ կլինի, որպեսզի ես կարողանամ մի քիչ էլ կողքից նայել իմ անցած ընթացքին:

-Թույլ տվեք շնորհավորելով հոբելյանի առթիվ` նաև մաղթել առողջություն և լավատեսություն:

- Շնորհակալ եմ: Շուտով Հայաստան եմ գալու: Առավել հանգամանալից զրույցի առիթ կունենանք: Հաջողություն ձեզ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ