Կադրային քաղաքականության արդյունքում


Երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, խոսելով ներկուսակցական զարգացումներից, անդրադարձավ նաև ԱԺ նախագահի պաշտոնից Տիգրան Թորոսյանի հետ- կանչման մասին շրջանառվող լուրերին: - Կուսակցությունն իր կադրային քաղաքականությունն իրականացնում է իր ներքին խոհանոցում: Այդ առումով տեղին կլինի համեմատությունը սպորտային աշխարհի հետ: Երբ թիմը հաղթում է մեծ հաշվով, մարզիչը ցանկացած պահի կարող է փոփոխություն մտցնել իր թիմի կազմում, եթե նույնիսկ փոխարինվողը շատ լավ խաղացող է: Դա ընդամենը տակտիկական փոփոխություն է, որը որոշում է մարզիչը: Իսկ դա բնավ էլ չի նշանակում, որ այդ խաղացողը վատ է խաղում: Ինչ վերաբերում է Տիգրան Թորոսյանին, նա շատ լավ համապատասխանում էր իր ներկայիս պաշտոնին: Կրկնում եմ, դա պարզապես մեր կուսակցության կադրային քաղաքականությունն է: Ես որևէ ողբերգություն չեմ տեսնում, եթե վաղը ինձ կուսակցության փոխնախագահի կամ ԱԺ պատգամավորի պաշտոնից տեղափոխեն այլ աշխատանքի: Մեր կուսակցությունն ունի կուռ կանոնադրություն և կարգապահություն, որին պետք է ենթարկվենք բոլորս: Նա, ով փորձում է չենթարկվել կուսակցության կանոնադրությանը, սկիզբ է դնում կուսակցության հզորացման քայքայմանը: