ՀԱ՞, ՈՐ...


Այնպես է ստացվել, որ մեր ժամանակներում այլևս դժվարացել է սպորտն ու քաղաքականությունը միմյանցից տարանջատելը: Հասկանալի է, որ տվյալ դեպքում` առիթը մեր և հարևան երկրի ֆուտբոլային հավաքականների հանդիպումն է: Ի վերջո, խաղին նախորդող և հաջորդող օրերին հայրենի քաղաքական ուժերն, իրար հերթ չտալով, «հավուր պատշաճի» մեկնաբանեցին ու գնահատեցին խաղին առնչվող (և ոչ միայն) բոլոր հարցերն ու երևույթները: Այնպես որ, կամա թե ակամա քննարկումների ալիքը հասավ մինչև Բաքու: Այնտեղ էլ ադրբեջանական երիտասարդական մի կազմակերպություն հայտարարություն տարածեց` ոչ միայն դժգոհելով Թուրքիայի նախագահի` «Հրազդան» մարզադաշտում խաղին հետևելու որոշումից, այլ, որ ավելի հետաքրքիր է, նշվում էր, թե թուրքական կառավարությունը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և անսկզբունքայնություն ցուցաբերել: Հա՞ որ… Հետո էլ ասում են, թե հայրենական դիվանագիտությունը ավանդաբար շատ է զիջել հատկապես դրա թուրքական դրսևորումներին: Բայց եթե այս հարցում արդեն հօգուտ մեզ տեղաշարժ կա, ուրեմն մնում է արձանագրել, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն էլ իր հերթին է նպաստել այդ գործին: Թերևս գոհ պետք է լինենք մեր ճակատագրից նաև այն բանի համար, որ թե° Աբդուլլա Գյուլը, և թե° Թուրքիայի ֆուտբոլային հավաքականը Երևան գալու հրավերը վաղօրոք էին ստացել: Այլապես որոշ տեխնիկական խնդիրներ էլ իրենց հերթին կարող էին խոչընդոտել մրցամարտի դժվարին նախապատրաստական աշխատանքներին… Այսպես, օրեր առաջ մի ինչ-որ «Էրիքսոն» ընկերություն որոշեց ինչ-որ նոր ծրագրեր ներդնել «Բիլայնի» բջջային սպասարկման համակարգում` բաժանորդներին ստիպելով վերհիշել ոչ վաղ անցյալի անորակ կապի ու դրա անցանկալի հետևանքների մասին: Ու նորից բաժանորդները միմյանց չէին լսում… Ինչպես ասում են` ջուրը գցելով ոչ միայն թանկարժեք վայրկյաններն ու րոպեները, այլ նաև քայքայելով նյարդերը: Այ քեզ չարաբաստիկ ծրագի¯ր… Եվ իրոք, ոչինչ էլ չի փոխվել, և «Բիլայնը» շարունակում է հիշեցնել, որ ինքն «ԱրմենՏելի» արժանի ժառանգորդն է և հեշտությամբ կարող է կրկնել վերջինիս սխալները: Իսկ բացի այդ, գոնե բաժանորդների ներողամտությունը հայցելու փորձ չարվեց, էլ չասած` պատճառված նյութական վնասը փոխհատու ցելու մասին: Կապի որակը (թեկուզև արդեն դեպքից դեպք) որքան էլ սպառողների արդարացի դժգոհոթյունը հարուցի, այնուամենայնիվ դա չխանգարեց, որպեսզի հայրենի քաղաքական դաշտի «երևելիները» նախորդ շաբաթվանից կրկին արդիականացնեն հեռախոսային գաղտնալսումների թեման: «Լսում են ու վերջ»` պնդում են այս ու այն կողմից` այդպես էլ չխոսելով ամենակարևորի` հնարավոր գաղտնալսումների հավանական նպատակների մասին: Այդպես է եղել նաև նախորդ բոլոր դեպքերում: Իսկ ընդհանրապես կան թեմաներ, դիցուք, գաղտնալսումներինը, որոնք ինքնաբերաբար «հրատապեցվում» են, երբ այլևս ուրիշ ավելի կարևոր ոչինչ չի մնում ասելու կամ անելու: Եվ ի¯՞նչ: Մարդ կա չգիտի` ինչով զբաղվի, մարդ էլ կա` անելիքն այնքան շատ է, որ պարզապես չի հասցնում գործերը ժամանակին ավարտել: Ահավասիկ, երևանյան մաքսատներում դարձյալ հերթեր են գոյացել… Փաստն ինքնին ուրախացնող է, քանի որ առանց այն էլ ուշացած բեռը վերջապես տեղ է հասել: Սակայն րոպե առաջ իրենց հասանելիքը ստանալ ցանկացող տնտեսվարողները հիմա էլ ստիպված են մաքսատանը սպասել: Ընդ որում, դժվարությունը միայն անհարկի սպասումներով չի սահմանափակվում: Տարբեր ապրանքներով բեռնված թուրքական ու պարսկական բեռնատարները տնօրինող ընկերություններին մեր տնտեսվարողները ամեն մի կորած օրվա համար իբրև տուգանք կլորիկ գումարներ են վճարում: Սա, անշուշտ, բեռնաթափվելիք ապրանքների արժեքները վերանայելու հարմար պատրվակ է: Բայց ի՞նչ իմանաս, միգուցե հիմա էլ հայրենի կառավարությո՞ւնը որոշի զիջումների գնալ, և մաքսազերծման դանդաղ ընթացքը վճարվելիք գումարների փոքր-ինչ նվազեցմա՞մբ փոխհատուցվի… Հակառակ պարագայում գների հաղթական աճին նոր շունչ ու ազատություն է հաղորդվելու… Իսկ ամենքին ու ամեն ինչ տեսած Ազատության հրա պարակին առաջիկայում նոր փորձություններ են սպասվում: Մասնավորապես, քաղաքապետարանը որոշել է Երևանի բազմաչարչար այս վայրում հիմա էլ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել: Երանի երախտավոր Ալ. Սպենդիարյանի գերեզմանն էլ այս առիթով արժանապատիվ հուշակոթողի տեսք ստանա: Թեկուզև ժամանակավորապես, բայց նոր շինարարությունը ինքնըստինքյան կզսպի այստեղ դրսևորվելիք քաղաքական միջոցառումները: Անգամ հրապարակից և նույնիսկ հանրահավաքներից անբաժանելի թվացող Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններն են ապամոնտաժվելու: Իհարկե` ավելի ուշ իրենց հին տեսքով իրենց հին տեղը զբաղեցնելու պայմանով: Հուսանք, որ ինչպես այս, այնպես էլ Հայոց աշխարհում հնչող բոլոր կարևոր խոստումներն աստիճանաբար իրականություն կդառնան: