ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի օրը


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոն` ներկա լինելու ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի 16-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, որին ներկա էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող սպաներ, հյուրեր: Արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի վարչության պետը` գեներալ-մայոր Ո. Ադոյանը, որն ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի` 2000թ.-ի N 763 հրամանով սեպտեմբերի 7-ը ՀՀ զինված ուժերում սահմանվել է ինժեներական զորքերի օր: Ապա, Ո.Ադոյանը ներկայացրեց որոշ մանրամասներ` ինժեներական զորքերի ստեղծման և կարևորության վերաբերյալ` նշելով, որ ինժեներական առաջին ստորաբաժանում ները կազմավորվել են դեռևս 1700թ.-ին` Պյոտր Առաջինի կողմից, որոնց տրվել է մեծ նշանակություն, ինչի մասին և վկայում է Պյոտր Առաջինի կողմից 1721թ.-ին արձակված հրամանը, որում մասնավորապես ասվում է.«Ինժեներական գործը պետք է իմանան բոլոր սպաները: Նրանք, ովքեր չեն տիրապետի այդ գործին, չեն կարող արժանանալ բարձր կոչումների կամ պաշտոնների»: Ո. Ադոյանն իր խոսքում կարևորեց նաև ինժեներական զորքերի նշանակությունը` վկայելով, որ ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ պայմաններում, գտնվելով մշտական մարտական պատրաստության վիճակում, վերջիններս պատվով են կատարում իրենց առջև դրված ինժեներական ապահովման կարևորագույն խնդիրները: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Ս. Օհանյանը, որը մասնավորապես ասաց. «Պարոնայք սպաներ, զինվորներ, հարգելի հյուրեր,Շնորհավորում եմ ձեզ` ինժեներական զորքերի 16-ամյակի կապակցությամբ: Ինժեներական զորքերը բավական մեծ և դժվար ճանապարհ են անցել, որոնք, ինչպեսև մյուս զորատեսակները, մեծ նշանակություն և իրենց ուրույն դերն ունեն զինված ուժերում. վերջիններս իրականացնում են մարտական խնդիրներ` ինժեներական կառույցների և ռազմական ճանապարհների, պայթյունային և ոչ պայթյունային արգելափակոց ների սարքավորման, ականազերծման և պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներ: Նման հիշարժան օրերը մեզ պետք է պարտավորեցնեն պահպանել ձևավորված ավանդույթներն ու ձեռբերումները: Փառք ու պատիվ նրանց, ովքեր այսօր էլ, տարբեր պաշտոններում և իրավիճակներում իրենց ներդրումն են կատարում ազգի, պետության բարգավաճման գործում: Փառք ու պատիվ բոլոր զինվորներին, որոնց իմ շնորհակալական խոսքն եմ ասում: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում անձնական և ընտանեկան երջանկություն, ծառայողական հաջողություններ` ի բարօրություն մեր ազգի»: Միջոցառման ավարտին ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Ո.Ադոյանը պաշտպանության նախարարին հանձնեց ինժեներական զորքերի խորհրդանիշը, որից հետո Ս.Օհանյանը պատվոգրերով, թանկարժեք նվերներով և գերատեսչական մեդալներով պարգևատրեց ինժեներական զորքերի սպաների և զինվորների: Հանդիսավոր արարողության ավարտին հաջորդեց ինժեներական զորքերի հանդիսավոր քայլերթ, որից հետո զինվորներին իրենց երգուպարով շնորհավորեցին էստրադային անվանի հայ երգիչ-երգչուհիներ: