Որ չլքեն երկիրը


 

Բոլոր երկրներում է այդպես. ուսման առաջադիմությամբ աչքի ընկած, գիտելիքների ծարավ ունեցող երիտասարդները ձգտում են աշխարհում ճանաչված բուհերում սովորել: Մեր այդ ուսումնատենչերից շատ քչերն են վերադառնում: Դա էլ բնական է. այստեղ աշխատանք գտնելն ու ապրելը դժվար է, իսկ զարգացած պետություններում լավ մասնագետների բոլոր ճամփեքին կանաչ լույսեր են վառվում:

Բայց երիտասարդ մասնագետներին կորցնելու մտահոգությունը միայն մեզ չէ, որ պարուրել է: Ռուսաստանում ևս անհանգստություն է ուրվագծվում: Եվ Պետդումայում արդեն պատրաստ է մի օրինագիծ, որ պետծառայողների երեխաները պարտավոր են կրթություն ստանալ ՌԴ-ում: Բացառություն կարվի միայն պետական շնորհներ ստացածներին: Ի դեպ, նախկին մի օրենքով էլ պաշտոնյաներին և ուժայիններին արգելվել էր արտասահմանում անշարժ գույք ու բանկային հաշիվներ ունենալ:

- Եվ´ օրենսդիրներին, և´ պետպաշտոնյաներին, և´ ուժայիններին առաջարկում ենք օրինակ դառնալ ամեն ինչում. այդ թվում և իրենց երեխաների ուսուցման առումով,- օրինագծի հեղինակներն այսպես են պարզաբանում իրենց նպատակը (տեղեկացրել է «Վզգլյադ» թերթը):

- Հիմա ստացվում է, որ մարդը խոսում է ինչ-որ բարձր նյութերից ու հայրենասիրությունից, բայց իր երեխաներին ուղարկում է արտասահման,- նշել է Դումայի` սահմանադրական օրենսդրության և պետշինարարության կոմիտեի առաջին փոխնախագահ Վյաչեսլավ Լիսակովը` հավելելով.

- Իշխանություն ներկայացնող և պետական պաշտոններ զբաղեցնող մարդիկ պարտավոր են իրենց օրինակով ցույց տալ, որ իրենք ապրում են Ռուսաստանում և իրենց ու իրենց երեխաների ճակատագիրը կապում են Ռուսաստանի հետ: Իսկ երբ իմ գործընկերների մի մասն իրենց ժառանգներին սովորելու են ուղարկում Արևմուտք, ապա հաճախ այդ երեխան ընդմիշտ մնում է այնտեղ և կյանքը կապում արևմտյան ընկերությունների հետ:

Եթե պաշտոնյաների տաղանդավոր զավակներն արտերկրում սովորելու շնորհ ստանան, ապա նրանց կպարտավորեցվի ուսումն ավարտելուց հետո վերադառնալ ու աշխատել Ռուսաստանում: Ընդգծենք` աշխատել: Ասել է թե` պետությունն էլ պարտավորվելու է նրանց ապահովել համապատասխան աշխատանքով:

Հեռատես օրինագիծ է` հեռահար նպատակամիտությամբ ու նաև մի պարզ տրամաբանությամբ` քո իսկ երկրի կրթական համակարգը դարձրու այնպիսին, որ զավակդ բավարար գիտելիք ստանա: