Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը


 

Անառարկելի է, որ մարդու իրավունքները կարևոր գործիք են ժամանակակից հասարակական կառույցի համար: Մարդու իրավունքների հայեցակարգը, որքան էլ այն աշխարհիկ (սեկուլյար) համարվի, հիմնված է յուրաքանչյուր առանձին մարդու բարեկեցության մասին հոգատարության գաղափարի վրա, որը բխում է եվրոպական մշակույթի հիմքում ընկած քրիստոնեական արժեհամակարգից: Հետևաբար, շատ կարևոր է, որ համընդհանուր տարածում գտնող այդ գործիքը հետագայում ևս ծառայի մարդուն և հասարակությանը:

Այնինչ, մարդու իրավունքների զարգացման և դրանց կիրարկման գործում գնալով ավելի մեծ թափ են հավաքում որոշ տենդենցներ, որոնք վտանգավոր են այդ բարձր նպատակի համար: Մարդու իրավունքների ինստիտուտի զարգացման վրա ավելի հաճախ է ազդում մարդու բնության մասին պատկերացումների սահմանափակ շրջանակը: Սակայն նման պատկերացումների հետ համաձայն չեն մոլորակի բնակչության մեծամասնությունը: Մյուս կողմից հաճախ իրավապաշտպան հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններն իրենց եզրակացությունը կազմում են փորձագետների նեղ շրջանակի կարծիքներին հենվելով: Արդյունքում շատ ազգային պետություններ հայտնվում են այդ սուբյեկտների հզոր ազդեցության ներքո և կորցնում են իրենց ժողովուրդների ունեցած իրական արժեքային տրամադրություններն իրացնելու ունակությունը:

Արդյունքում այլասերվում է ազգային ինքնությունը, մշակութային դիմագիծը: Նման վիճակի հետագա զարգացումը հանգեցնում է ներհասարակական, ներընտանեկան ու ներանձնային հակասությունների, փոխվում են արժեհամակարգերը, ձևավորվում են երկակի ստանդարտներ, որոնք իրենց հերթին առաջացնում են նորանոր խնդիրներ (անբարոյականությունը, թմրամոլությունը, օտարացումը, ընտանիքների քայքայումը, ծնելիության անկումը, ազգային հավաքակամության մասին պատկերացման փոշիացումը և այլն): Ամբողջը բաժանվում է հակադրվող մասերի և պայման է ստեղծվում ներհասարակական հակամարտությունների համար: Որքան էլ զարմանալի թվա, դրանով, փաստորեն, ոտնահարվում է նաև ազգային ինքնության ու մշակույթի պահպանմանն ուղղված եվրոպական կոնվենցիան:

Աշխարհիկացման (սեկուլարացման) միտումը և մարդու իրավունքների շրջանակի ընդլայնումը

 

Ուղղափառ քրիստոնյաների համար ակնհայտ է, որ չի կարելի մարդկային արժանապատվությունը պատկերացնել առանց հոգևոր-կրոնական և բարոյական չափանիշների: Այնինչ, հանուն մարդու իրավունքների հայեցակարգի համընդհանուր ընդունելության ապահովման, այն հեռու է պահվում կրոնից: Արդյունքում կրոնական հայեցողությունները հայտարարվում են լոկ մասնավոր գործ և չեն դիտարկվում որպես ժամանակակից իրավունքի, այդ թվում նաև մարդու իրավունքի աղբյուր: Սա տեղի է ունենում չնայած այն փաստին, որ ըստ տարածված գնահատականի` մոլորակի բնակչության մոտ 80%-ը կրոնական համոզմունքներ ունեն:

Ընդհակառակը, հնչում են կրոնական հայեցողությունները ոչ կրոնական (աշխարհիկ) գաղափարների հիման վրա ձևավորված իրավական նորմերին ենթակա դարձնելու պահանջներ: Համաձայն մարդու իրավունքների աշխարհիկ հայեցակարգի, որը բարոյական նորմերով չհավասարակշռված և միակ ճշմարիտը լինելու հավակնող մի մոտեցում է, բոլոր մնացյալ ավանդությունները պետք է լռեն ու ենթարկվեն: Մարդու իրավունքների նման ընկալման կողմնակիցների դիկտատորական այս մոտեցումը իրողություն է, որը վստահորեն իր համար ճանապարհ է հարթում ժամանակակից միջազգային օրենսդրության մեջ: Դա հանգեցնում է կյանքի հանդեպ ագնոստիկ կամ նույնիսկ մատերիալիստական մոտեցման գերակայության, ինչն արդարացիորեն առաջ է բերում հավատացյալ մարդկանց դժգոհությունը:

Գործնականում դա տանում է դեպի հանրային ոլորտից կրոնական ծեսերի, խորհուրդների, գաղափարների արտաքսում: Արդյունքում, անգամ ամենասիրված քրիստոնեական Ս. Ծննդյան տոնը արևմտյան շատ երկրներում կորցրել է իր անունը` այժմ այն կոչում են սեզոնային տոն, որի համար մեծ ջանք դրեցին եվրոպական պետությունները: Մարդու իրավունքների դիրքերից արդարացվում են կրոնական խորհուրդների և ուսմունքների վիրավորանքն ու խեղաթյուրումը: Այդ նույն դիրքերից այսօր ջանում են դպրոցներում տեղական կրոնի հիմունքների ուսումնասիրման փոխարեն ուսումնական առարկա դարձնել տարբեր կրոնների հետ ծանոթացման ինչ-որ կուրս (վերջինս կարելի է որպես ընդհանուր ծանոթության կուրս մատուցել բարձր դասարաններում):

Մի խոսքով, աշխարհիկ մոտեցումը, գործնականում, պարտադրում է մարդկանց հրաժարվել հանրային կյանքում սեփական հավատի արտահայտումից: Դա տանում է դեպի անկրոն հասարակության կառուցում, ինչին չի կարող աջակցել իրական հավատ ունեցող և ոչ մի մարդ:

Ավելին, ակնհայտ է ծայրահեղ ֆեմինիստական տեսակետների ու միասեռական հայացքների հզոր ազդեցությունը իրավապաշտպան գործունեության ոլորտում ձևավորվող նորմերի, հանձնարարականների, ծրագրերի վրա, որոնք կործանարար են ընտանիքի ինստիտուտի և բնակչության վերարտադրության համար: Իսկ աբորտը որպես կնոջ իրավունք դիտարկելը հանգեցրեց այն բանին, որ միջազգային կազմակերպությունները խուլ ու համր են դարձել սաղմնավորված երեխայի ապրելու իրավունքի նկատմամբ: Այսօր այլևս հղում չեն անում բարոյականությանը, երբ փորձեր են կատարում մարդու էմբրիոնի հետ:

(Շարունակելի)