Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԵՐԿՆՔՈՒՄ

ԳԵՐՎԱԾՆԵՐԸ


 

Գուրգեն Երջանիկի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ծնվել է 1965 թվականին, Օշական գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:

Բանաստեղծությունների առաջին գիրքը («Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ») լույս է տեսել 1996 թվականին: Երկրորդը («Հորիզոնից այն կողմ») տպագրվել է երկու տարի անց: Նրա հեղինակած կինոդրամաները և պիեսները առանձին գրքով հրատարակվել են 2004 թվականին «Ներկայացում փլվող թատերաբեմի վրա» վերնագրով:

Պարբերական մամուլում լույս տեսած, ինչպես նաև դեռևս չտպագրված բազմաթիվ ստեղծագործություններ դեռևս սպասում են գրքերում զետեղվելու պատեհ ժամանակի:

Բոլորովին վերջերս «Նոր ծիածան» հայ-հունական թատերախումբը Աթենքում բեմադրել է նրա «Կատակերգություն երրորդ ուղեծրում» պիեսը:

Օրերի արագընթաց հոսքի, կենցաղային վազքի մեջ մենք հաճախ մոլորվում, շփոթում ենք կարևորն ու երկրորդականը, իսկ հաճախ էլ պարզապես ուշացնում, չենք անում այն, ինչը հարկավոր է անել առաջին հերթին: Օրերը մենք հաճախ այնպես թեթև, անհոգ ենք նետում ժամանակի արխիվ, որ կյանքի դրվածքին անտեղյակ բանական ամեն էակ կկարծի, թե անվերջ է մեր ժամանակը: Սակայն վաղ թե ուշ ժամանակը անցնում, և օրերից մի օր գալիս է «հաշվետվության» պահը: Եվ կարևոր չէ, թե ում ենք մենք լինելու հաշվետու. ինքներս մե՞զ, թե՞ ուրիշի: Կարևոր չէ, որովհետև այդ պահին դատավորը միշտ էլ լինում է խիստ:… Եվ միայն այդ ժամանակ կարծես նոր-նոր սթափվում, ուզում ենք չարածը անել, բացը լրացնել, բայց, ավա˜ղ, արդեն ուշ է լինում: Եվ գուցե իսկապես շատ բան ըմբռնելու, ժամանակի, կյանքի արժեքը հասկանալու համար հարկավոր է մի պահ լինել այնտեղ` կյանքից և մահից անդի...…

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ`

Տիգրան, Սենիկ (Սեն), Սեդա, Շողեր, Բժիշկ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Հիվանդասենյակ, որը, սակայն, ամբողջովին փակ տարածք է. չկա ո´չ պատուհան, ո´չ դուռ: Դրված է չորս մահճակալ, որոնց վրա պառկած են հիվանդները: Նրանցից երկուսը տղամարդ են, երկուսը` կին:

ՏԻԳՐԱՆ - (Ճմլկոտալով արթնանում է): Սենի՞կ…

ՍԵՆԻԿ -(Քնատ) Հա˜…

ՏԻԳՐԱՆ - Արթո՞ւն ես:

ՍԵՆԻԿ - Մի քիչ:

ՏԻԳՐԱՆ - Այս ի՞նչ տարօրինակ գիշեր էր, այ տղա… Ի˜նչ զարհուրելի երազ… (Սենիկը չի արձագանքում): Պատկերացնո՞ւմ ես, երազում իբր մեռել էի: Լսո՞ւմ ես:

ՍԵՆԻԿ - Մի քիչ:

ՏԻԳՐԱՆ - Իբր մեռել ու արդեն երկնքում էի… (Անկողնում նստում է: Նա անսովոր ճերմակ է, մի տեսակ` անգույն): Համբառնել էի երկինք ու… Լսո՞ւմ ես:

ՍԵԴԱ - Այ մարդ, ի՞նչ ես բլբուլ կտրել: Թող` քնենք:

ՍԵՆԻԿ - (Անկողնում արագ նստում է): Այստեղ կի՞ն կա… (Երևում է, որ նա նույնպես ունի անսովոր տեսք): Հա˜… Ո՞նց էի մոռացել, որ այսօր «հյուրեր» ունենք:

ՇՈՂԵՐ - (Նոր արթնացած` հորանջում է): Տղամարդ լինեիր` չէիր մոռանա:

ՏԻԳՐԱՆ - (Դիմում է Սենիկին` ներկա կանանց հոգու հետ խաղալու տոնայնությամբ) Սե´ն, երեկ լսեցիր, չէ՞, ինչ ասաց բժիշկը: Ասաց. «Այնքան են շատացել ցնորքներ, պատրանքներ տեսնող կանայք, որ իրենց պալատներում էլ տեղ չկա»: (Ծիծաղում է): Ասաց. «Մեկ-երկու օր էլ թող ձեզ մոտ տեսնեն: Դիմացեք»: (Կրկին ծիծաղում է):

ՇՈՂԵՐ _ (Նույնպես նստում է): Հա´, եկել ենք` ցնորքներ տեսնենք, ճիշտ է: Ահա, աչքիս տղամարդիկ են երևում: (Սեդայի հետ քահ-քահ ծիծաղում են: Նստում է նաև Սեդան: Հանկարծ, ներկաներին նայելով, Շողերը միանգամից լրջանում է): Վա´հ… Դուք ինչո՞ւ եք այդպես սպիտակել: (Բոլորը նայում են մեկմեկու և մնում ապշած):

ՍԵԴԱ _ Իսկապես… (Ոչինչ չհասկանալով` նայում են ձեռքներին, հագուստներին):

ՍԵՆԻԿ _ Իսկ սա՞ ով է հագցրել: Ե՞րբ…

ՇՈՂԵՐ _ Եվ իմ դե՞մքն է այսպես անգույն: (Պահարանից վերցնում է փոքր հայելի, նայում, հետո երեսը շփում է` փորձելով հասկանալ, թե ինչու է դեմքն սպիտակ):

ՍԵԴԱ _ (Տիգրանին) Ասում ես` երազում ի՞նչ էիր եղել:

ՏԻԳՐԱՆ _ Չհիշեմ` ավելի լավ կլինի: Իբր մեռել էի, ընկել մի խուց, որը… (Նայում է չորս կողմը: Ձայնը աստիճանաբար ցածրանում է, դանդաղում): Ո´չ պատուհան… ուներ, ո´չ… դուռ…(Վախեցած) Է˜… Է˜… Իսկ ո՞ւր է այստեղի պատուհանը: Ո՞ւր է այստեղի դուռը… (Բոլորը նայում են պատերին):

ՇՈՂԵՐ _ Իրոք… Ո՞ւր է պատուհանը: Ո՞ւր է դուռը:

ՍԵԴԱ _ Սա կարծես երեկվա սենյակը չլինի:

ՇՈՂԵՐ _ Տարօրինակ է… Ի՞նչ է կատարվել:

ՍԵՆԻԿ _ Ոչինչ, մի´ վախեցեք. այսպես լինում է: Ասում են, որ մեզ նման հիվանդներն այսպիսի վիճակի մեջ երբեմն ընկնում են: Տեսիլք է, կանցնի: (Ձեռքերով տեսիլքը ցրելու շարժումներ է անում):

ՏԻԳՐԱՆ _ Հը՞: Անցա՞վ: (Սենիկը, քիչ-քիչ մռայլվելով, գլուխը տարուբերում է):

ՍԵԴԱ _ Հապա նորից փորձիր: Գիտե՞ս` մեզանից թեկուզ մեկի համար էլ եթե այս տեսիլքը ցրվի, ուրեմն սա իսկապես տեսիլք է: Ուրեմն բոլորս փրկված ենք: (Սենիկը դարձյալ ինչ-որ շարժումներ է անում):

ՏԻԳՐԱՆ _ (Սենիկին) Հը՞: Հաջողվե՞ց:

ՍԵՆԻԿ _ Գրողը տանի: Այսօր չի հաջողվում:

ՇՈՂԵՐ _ Բա ի՞նչ անենք: (Մոտենում, սենյակի պատերն է շոշափում): Գիտե՞ք, այս պատերն այսօր չափից ավելի են իրական: (Տիգրանին) Իսկ դու չե՞ս հիշում, թե քո երազում տեսած սենյակի մեջ ուրիշ ինչ կար:

ՏԻԳՐԱՆ _ Ուզում ես ասել, թե մենք իսկապես…

ՍԵՆԻԿ _ Ո´չ, ո´չ, այդպես չի կարող լինել: Այս ամենն ախր շատ է իրական: Եթե մեռած լինեինք, մարմին չէինք ունենա: Կլինեինք ոգի, ուրվական: Իսկ ես, տեսեք, (իրեն խփելով) մարմին ունեմ, ցավ եմ զգում: Այս ամենը մտացածին է: Մեզ ստուգում, փորձում են: (Բղավելով` խփում է պատին): Լսո՞ւմ եք… Հե˜յ… Բացե´ք դուռը… Հե˜յ… (Ոչ մի ձայն չի լսվում):

ՇՈՂԵՐ _ Իսկ գուցե մեզ թվո՞ւմ է, թե մարմին ունենք: Գուցե ոգիները, ուրվականները հենց մեզ նմա՞ն են լինում: (Տիգրանին) Բայց դու չասիր, թե ուրիշ ինչ կար քո տեսած սենյակում: Օրինակ, (մատնացույց անելով) այսպիսի պահարան կա՞ր:

ՏԻԳՐԱՆ _ Կա´ր:

ՇՈՂԵՐ _ Իսկ մե՞ջը: Ի՞նչ կար պահարանի մեջ:

ՏԻԳՐԱՆ _ Ես դա շատ մշուշոտ եմ հիշում: Բժիշկը, կարծեմ, ինձ արթնացրեց, ասաց. «Տե´ս, այստեղ դնում եմ տետր. կգրե´ք Ձեր կտակը»: Եվ հիմա չեմ հիշում` ես դա լսել եմ երազո՞ւմ, թե…

ՍԵԴԱ _ Ցնդա´ծ: Գրազ կգամ, որ այս ամենը քո և մեր հիվանդության հետևանքն է: Ի՞նչ կապ ունի բժիշկը կտակի ու քո պահարանի հետ: Ես հենց հիմա կապացուցեմ, որ պահարանում ոչ մի տետր էլ չկա:(Պահարանին մոտենալով) Նայե´ք, ահա´: (Դուռը բացում, տեսնում է այնտեղ դրված տետրը և ուշաթափվում): Ա˜… (Մյուսները վախեցած մոտենում են նրան):

ՍԵՆԻԿ _ Ի՞նչ եղավ:

ՏԻԳՐԱՆ _ (Սեդայի դեմքին թույլ խփելով) Մեռավ…

ՇՈՂԵՐ _ Ինչպե՞ս… Այսպես միանգամի՞ց… Բայց այստեղ, մեկ է, անտրամաբանական ինչ-որ բան կա, և… (գյուտ արածի պես, ուրախացած) լավ է, որ մեռավ… (Տիգրանն ու Սենիկը զարմացած նայում են նրան): Հասկանո՞ւմ եք. եթե մեռած էր, ինչպե՞ս նորից կմեռներ: Կրկնակի հո չմեռա՞վ: Իսկ եթե հիմա մեռած է, ուրեմն այն ժամանակ ողջ էր: Եթե այն ժամանակ ողջ էր, ուրեմն…

ՍԵՆԻԿ _ Ուրեմն ողջ ենք նաև մենք:

ՏԻԳՐԱՆ _ Այսինքն` նրա մահը մեր կենդանության ապացույցն է:

ՇՈՂԵՐ _ Եվ մեզ հարկավոր է հիմա պարզել` նա իսկապե՞ս մեռած է, թե չէ: (Սենիկը վերցնում է ջրամանը և պատրաստվում Սեդայի դեմքին ջուր ցողել):

ՏԻԳՐԱՆ _ (Սենիկին, վախեցած) Զգո´ւյշ… Զգույշ հանկարծ... չկենդանանա:

ՇՈՂԵՐ _ (Ջրամանը Սենիկից վերցնելով) Տուր ինձ, թե չէ դու նրան… (Դողդողացող ձեռքերով ջուրը ցանում է ոչ թե Սեդայի դեմքին, այլ հատակին):

ՍԵՆԻԿ _ Ի՞նչ ես անում: Ձեռքդ այս կողմ բեր:

ՇՈՂԵՐ _ Ես էլ եմ ուզում այս կողմ բերել, բայց ջրամանն այն կողմ է գնում: (Ջրամանը ուժեղ դողում է):

ՍԵՆԻԿ _ Արի միասին փորձենք: Դե´… (Շողերի ձեռքից բռնած` ջրամանը քաշում է Սեդայի կողմը, իսկ Շողերն ամեն կերպ փորձում է այն տանել հեռու):

ՇՈՂԵՐ _ Բա որ հիմա ջուրը թափվի դեմքին ու… (Ջրամանը թեքվում, և ջուրը թափվում է Սեդային երեսին):

ԲՈԼՈՐԸ` ՄԻԱՍԻՆ _ Թափվե˜ց… (Մի պահ, շունչները պահած, սպասում են: Սեդան կենդանանալու նշաններ է ցույց տալիս):

ՇՈՂԵՐ _ (Հույսը մարած) Կենդանացա˜վ… (Չկարողանալով իրեն զսպել` բարձրաձայն լացում է):

ՍԵԴԱ _ (Նստում է, նայում Շողերին): Դե մի´ վախեցիր: Ես ողջ եմ: Տե´ս, ահա, նստել եմ… (Հանկարծ սթափվում է): Ո՞ղջ եմ… Եթե հիմա ողջ եմ, ուրեմն քիչ առաջ մեռած չէի: Եթե քիչ առաջ մեռած չէի, ուրեմն դրանից ավելի առաջ մեռած էի: Եթե դրանից ավելի առաջ մեռած էի, ուրեմն մեռած եմ նաև… հիմա՞: Ա˜… (Կրկին ուշաթափվում է):

ՇՈՂԵՐ _ Եվ դուրս է գալիս, որ հիմա բոլորս…

ԲՈԼՈՐԸ` ՄԻԱՍԻՆ _ Մեռած ենք… (Վախից ուշաթափ ընկնում են):

Հնչում է երաժշտություն: Բեմը պատվում է գունավոր մշուշով, որն ստեղծում է հանդերձյալ աշխարհի պատրանք: Պատերի վրա, մշուշի մեջ երևում են լուսային պատկերներ` նման ուրվականների:

Քիչ անց բեմն ստանում է նախկին տեսքը: Ուշաթափվածները դանդաղ սթափվում են:

ՇՈՂԵՐ _ (Նստում է): Մենք ի՞նչ ենք հիմա անելու այստեղ` մեռյալների աշխարհում:

ՍԵԴԱ _ Այստե՞ղ էլ մենք պիտի որոշենք:

ՇՈՂԵՐ _ (Ուսերը թոթվելով) Աստված գիտի:

ՏԻԳՐԱՆ _ (Նույնպես նստում է): Մեռանք էլ այդ հարցից չպրծանք: (Հերթով նստում են նաև Սենիկն ու Սեդան):

ՍԵՆԻԿ _ Իսկապե´ս: Ո՞վ է որոշելու, թե մենք հիմա ինչ ենք անելու:

ՇՈՂԵՐ _ Հետաքրքիր է, թե որտեղ ենք. դրախտո՞ւմ, դժոխքո՞ւմ:

ՏԻԳՐԱՆ _ (Մռայլության աստիճանի լրջացած) Անկեղծ ասած` ինձ այլևս ոչինչ չի հետաքրքրում: Ես ուզում եմ վերադառնալ երկիր: Թեկուզ և` մեկ օրով:

ՍԵՆԻԿ _ Այդքան ապրեցիր, և հիմա քեզ պակասում է ընդամենը մեկ օ՞ր:

ՏԻԳՐԱՆ _ (Ավելի լրջացած) Ուրիշ բան այստեղ չեմ ուզում: Այո´, թող միայն մեկ օր վերադառնամ երկիր:

ՍԵԴԱ _ Ուրեմն մեր ողջ կյանքն ընդամենը դա էր… Եվ այդ կարճ կյանքն էլ ապրեցինք անիմաստ, դատարկ: Օրացույցի թերթիկները պոկեցինք, պրծանք: Չէ´, ես չեմ ուզի միայն մեկ օր: Ես կուզեմ իմ կյանքը սկսել նորից:

ՇՈՂԵՐ _ Իսկ ես… Ես արդեն կարոտում եմ աշխարհին: (Վերև նայելով) Ինձ այստեղ վայելքներ հարկավոր չեն, Տե´ր: Ինձ կրկին ուղարկիր երկիր: Տե´ս, ես ոտքից գլուխ հողեղեն եմ, նյութեղե´ն:(Խփում է մարմնի տարբեր տեղերին):

ՍԵՆԻԿ _ Վայելքնե˜ր… (Շողերին) Դու, ի՞նչ է, կարծում ես, թե մենք արդեն դրախտում ենք ու հիմա վայելելու ենք երկնային հաճույքնե՞րը:

ՇՈՂԵՐ _ Չգիտեմ, թե հիմա որտեղ ենք, բայց ես իմ աշխարհն եմ ուզում, իմ երկիրը, հողը…

(Շարունակելի)