Հոգեբանորեն նախապատրաստվո՞ւմ է


Վիկտոր Դալլաքյանը վերջապես ասաց այն, ինչը բոլորը գիտեին, ու ոչ ոք չէր էլ կասկածում, բացի... ընդդիմության վեղարը էլի մի քիչ պահել ցանկացող բարգավաճաբաղձից: Փորձված պատգամավորը «Արդարությունից» դուրս գալու մասին հայտարարությունը հրապարակելու ժամկետը ևս պատահականորեն չէր ընտրել: Բոլորը ամեն ինչ գիտեն, զարմացնողներ չեն լինի, իսկ արարքին գնահատական տվողներին էլ քաղաքական մեռյալ սեզոնը կխանգարի: Նույն «միամիտ» հեռատեսությամբ էլ առաջիկայում կնշվի նաև նրա բարգավաճման նորամուտը: Սակայն նրա մուտքը ոչինչ չի կարող ավելացնել ԲՀԿ-ի կադրային բանկի պարունակությանը, թեև ոչ միամիտ հեռատեսների պնդմամբ` «Բարգավաճ Հայաստանը» բավական նպաստավոր կլինի Վ. Դալլաքյանի հետայսու ընթացքին: Հրաժեշտի հայտարարության մեջ արդեն նախկին ընդդիմադիրն անկեղծորեն շնորհակալություն է հայտնում «Արդարության» առաջնորդին: Սա նույնպես խիստ կանխատեսելի էր, քանի որ Դալլաքյան ազգանունը հանրահայտ ու սիրելի դարձավ «Արդարության» շրջանակներում և ընդդիմադիրի ժամանակավոր դիմ Դաշինքի լիդերը` Ստեփան Դեմիրճյանը, Դեմիրճյաններին վայել արժանապատիվ սառնասրտությամբ է վերաբերվում եղածին: Նա այս կորստին հոգեբանորեն երկար նախապատրաստվելու ժամանակ է ունեցել, իսկ Դալլաքյանը հայտարարությունից հետո մեկնել է հանգստի: Հետաքրքիր է` հատկապես ո՞ր անհանգստությունն է թոթափելու նախընտրական այս ամռանը: Հավանաբար իր սիրտն ու հոգին է նախապատրաստելու հիմնավոր բարգավաճման:

Դ. ՎԱՆԵՍՅԱՆ