ՍՐՏԱՌՈՒՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ


Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը կրկին մարդաշատ էր: Վարժարանը պիտի հյուրընկալեր հայ ժողովրդի մեծ բարեկամ Քերոլայն Քոքսին: Սպասում էին պատվարժան հյուրին: Սպասում էին Արցախյան պատերազմի վետերանները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ ու լրագրողներ, վարժարանի սպաներն ու սաներն էին սպասում`` շքերթային համազգեստով շարահրապարակում տողանի շարված: Եվ ահա ինքը` Քերոլայն Քոքսը` բարությունն ու առինքնող ժպիտը դեմքին, նույն պահվածքն է` զուսպ, արժանապատիվ: Նրան դիմավորում են ծաղիկներով: Սաներն են դիմավորում պատվո ողջույնով: Ջերմ ու անմիջական են վարժարանից ստացած առաջին տպավորությունները, վարժարան, որտեղ կարճ ժամանակամիջոցում հաջողվել է շատ բան անել նաև բարեկարգման առումով, և որն իսկական դարբնոց է դարձել պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների համար: Լեդի Քոքսը գոհունակությամբ ժպտաց, երբ իմացավ, որ վարժարանային ուսուցում ստանալուց բացի, սաներն այստեղ կյանքի դասեր են յուրացնում, զինվորական գործի գաղտնիքները, դաստիարակվում ռազմահայրենասիրական ոգով: «Այդ առումով նրանց շատ բանով են օգնում Մոնթեի փառապանծ մարտական ուղու իմացությունը, անձնական օրինակը զորավարի»,- Քերոլայն Քոքսի հետ զրույցի ժամանակ ասաց վարժարանի պետ, գնդապետ Ռոլանդ Քելեշյանը: Երբ բարոնուհին վարժարանի շտաբում, ապա ռազմական մասնաշենքում բանակի առօրյան պատկերող ու մեր ականավոր զորահրամանատարների լուսանկարներն էր դիտում, հուզմունք նշմարեցի դեմքին. լուսանկարներում նաև ինքն է, իր մարտական ընկերոջ` լեգենդար Մոնթեի հետ: Զգում էի. հիշողության մեջ ռազմաճակատային պատկերներ էին արթնանում… Պատերազմի ծանր օրերին լինելով Արցախում, Մոնթեի ու նրա մարտական ընկերների կողքին, հեռավոր Անգլիայից եկած այդ քաջակորով կինը տեսել է հանուն հայրենիքի ինքնազոհաբերության մղվող հայ ազատամարտիկների հերոսական սխրանքը, ապրել այդ սխրանքի վեհությունն ու հասկացել, որ, այո°, անհնար է ոչնչացնել մի ժողովրդի, որն ապրել է ուզում պապերի ավանդած հողի վրա, հող, որն օրհասի պահին գրանիտե պատ է դառնում ոսոխի ճանապարհին: Ու զարմացել է լեդի Քոքսը, թե ինչպե՞ս կարելի է ազատագրական սուրբ պայքարի ելած մի ամբողջ ժողովրդի «ծայրահեղական» պիտակով կնքել: Զարմացել, ըմբոստացել է անգլուհին ու խորությամբ ճանաչելով հայոց հողի զավակների ոգին, հիացմունք ապրել: Եվ նա գործով հաստատեց իր հիացմունքն ու մարդկային մեծ սերը դեպի Հայաստանն ու Արցախը: Գնդապետ Ռոլանդ Քելեշյանը, որ պատերազմի ահեղ դպրոցն անցած զինվորական է, բարոնուհուն ուղեկցեց դեպի այն հուշակոթողը, որն ազատամարտում նահատակված վարժարանի սաների հիշատակն է հավերժացնում: Արթուր Գաբրիելյան, Դավիթ Տոնոյան, Գագիկ Սաֆարյան. երեքն էլ խիզախ պատանիներ, որոնց մարտական սխրանքը ոգեշնչում է կրթօջախի սաներին` դառնալու փառքով պսակված ազգային բանակի արժանի մարտիկներ: Վաղն, այո, նրանք են շարունակելու զոհված իրենց եղբայրների գործը` համալրելով բանակի շարքերը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատանիների հիշատակը` անհուն սիրո, երախտիքի տուրք մատուցելով նրանց: Հուզիչ էր վարժարանի ակումբի դահլիճում տեղի ունեցած ցերեկույթը, որը վերածվեց տոնական հանդիսության: Ջերմորեն ողջունելով Քերոլայն Քոքսին, վարժարանի պետ, գնդապետ Ռոլանդ Քելեշյանն ասաց. «Դուք հերթական այցով եկել եք մի երկիր, որի մասին հիացմունքով է արտահայտվել Ձեր հայրենակիցը` հայ ժողովրդի բարեկամ Բայրոնը, նշելով, որ հայերի երկիրը միշտ էլ կմնա ամենահետաքրքիրներից մեկը ամբողջ երկրագնդի վրա: Բարի գալուստ պատվարժան բարոնուհի: Մենք սպասում էինք Ձեզ, ինչպես սպասում են անկեղծ բարեկամին և հուզիչ պահեր ապրում, որ չեն մոռացվի, ինչպես երբեք չի մոռացվի ազատամարտի դժվարին տարիների Ձեր աջակցությունը մեր ժողովրդին: Թվում է` բառերն անզոր են այդ աջակցության ու գթասրտության հանդեպ: Ահա թե ինչու հայերս խոր ակնածանքով ենք լցված Ձեր նկատմամբ»: Քերոլայն Քոքսի համար, ինչպես ինքն ասաց, հաճելի անակնկալ էր «Ազատագրում» հասարակական կազմակեր պության ոսկե հուշամեդալով պարգևատրվելը: Իսկ ազատամարտիկ Մարտին Բաղդասարյանը ազատամարտի հերոսական դրվագների մասին պատմող իր «Ազատագրում» վերնագրով գիրքը նվիրեց բարոնուհուն: Հայ ժողովրդի մեծ բարեկամի նկատմամբ երախտիքի ու հարգանքի անկեղծ խոստովանանք էր ցերեկույթին ներկա Արցախյան պատերազմի վետերանների սրտառուչ խոսքը: Քերոլայն Քոքսը վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից. դա նրա 61-րդ այցն էր Հայաստան և Արցախ: Մեր ժողովրդի բացառիկ ոգու ու մեր ազգային ինքնության մասին պատմեց բարոնուհին, ազատամարտի և Արցախից ստացած իր ջերմ տպավորությունների մասին. այս ամենը տեղ են գտել հերոսական կյանքով ապրող մարդկանց ճակատագրերի մասին գրված առանձին գրքում, որի հեղինակը ինքն է: Քերոլայն Քոքսն այդ գրքից բերել էր Հայաստան` նվիրելու մարտական ընկերներին, վարժարանի գրադարանին նվիրելու` որպես սիրո ու երախտագիտության խոստովանանք, որի համար գնդապետ Ռոլանդ Քելեշյանն իր շնորհակա լությունը հայտնեց բարոնուհուն: Օգոստոսի մեկն, այո, ընդմիշտ կմնա Մոնթեի սրբացած անունը կրող ռազմամարզական վարժարանի սաների կյանքում որպես հիշարժան օր` հիացումի, հպարտության, ոգեշնչանքի անմոռաց պահերով լեցուն:

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ