Մուժիկի հպարտությունը


Վերջին շրջանում ակտիվացել են ռուս-ադրբեջանական շփումները, Ղարաբաղյան խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին պնդումները: Զուգահեռաբար ակտիվացել են նաև հայ-ադրբեջանական սահմաններում և զինուժերի շփման գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները: Ինչի՞ մասին են վկայում այս ամենը: Քաղաքագետ Աղասի ԵՆՈՔՅԱՆԻ կարծիքով, Ռուսաստանը ջանում է վերականգնել կայսրությունը :

- Ռուսաստանը փորձում է տարբեր` Մաքսային Միություն կամ Եվրասիական Միություն անուններով վերականգնել խորհրդային կամ ռուսական կայսրությունը: Եվ ցանկանում է, որ Հայաստանը ընդգրկվի դրա կազմում: Իսկ այդ նպատակի իրականացման համար օգտագործում է «բլիթի ու մտրակի» գործիքները: Տվյալ պահին կարծես թե Ռուսաստանի «բլիթները» սպառվել են, և Հայաստանի համար օգտագործում է «մտրակը», որոնցից մեկը Ղարաբաղն է:

Բայց վերջերս հայտարարվեց, թե Եվրասիական Միությանը անդամակցության դեպքում Հայաստանը պետք է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկրներին վճարի այդ կազմակերպությունում և ԵՏՄ-ում գործող մաքսատուրքերի տարբերությունը, որը հսկայական գումար է: Ինչպե՞ս հասկանալ այս հայտարարությունը այն դեպքում, երբ ասվում է, թե Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին տեսնել ԵՏՄ կազմում:

- Այդ համաձայնեցումները, որքանով տեղյակ եմ, դեռևս ընթացքի մեջ են: Խոսքն այն մասին է, թե քանի՞ ապրանքների շուրջ կարող են բացառություններ ընդունել Հայաստանի մասով, ինչպիսի՞ն կլինեն ՄՄ և ԱՀԿ սակագների տարբերությունները... Սա խնդրի տնտեսական մասն է: Մինչև հիմա չեմ լսել որևէ քննարկում, որտեղ երևա, որ ՀՀ համար շահեկան է ՄՄ մտնելը: Միակ դրականն այն է, որ ասում են, թե Ռուսաստանը մեզ էժան գազ է տալիս: Բայց ՌԴ-ն մեզ գազ է տալիս նույն գնով, ինչ գնով տալիս է Եվրոպային: Երկրորդ, Ռուսաստանը գազը տալիս է ոչ թե մեզ, այլ իրեն պատկանող Գազպրոմին, որը կրկնակի թանկ է վաճառում նույն վառելիքը: Այսինքն, սահմանի վրա գազի գինը ոչինչ չի նշանակում: Իսկ ռուսական շուկաներից մեր ապրանքներն աստիճանաբար հեռացան, այլ շուկաներում են վաճառվում, և մենք այլոց հետ առևտուր անելու հնարավորություններ ունենք:

Նաև այդ իմաստով` ո՞րն էր Լավրովի Հայաստան կատարած այցի նպատակը, ի՞նչ նոր բան ասաց նա:

- Կարծում եմ` Երևանի ու Բաքվի միջև Ռուսաստանի ինտենսիվ մաքոքային դիվանագիտությունը նախ և առաջ նպատակ ունի Ղարաբաղի հարցին որոշակի լուծում գտնել, որի դեպքում և´ Ադրբեջանը, և´ Հայաստանը կմտնեն ԵՏՄ մեջ: Ըստ էության, Հայաստանը դիմադրելու մեծ հնարավորություն չունի: Ռուսաստանը հիմնականում պետք է փորձի լուծել Ադրբեջանի խնդիրները, որպեսզի իր հիմնական խնդիրը լուծի մեր տարածաշրջանում: Իսկ ՌԴ հիմնական խնդիրը Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելն է: Եվ դրա դիմաց Մոսկվան կարող է Ադրբեջանին շատ մեծ զիջումների գնալ:

Բայց Ադրբեջանը կարծես ցանկություն չունի ԵՏՄ-ին անդամակցելու` դրա համար իր հիմնավոր պատճառներն ունենալով:

- Այո, համառորեն դիմադրում է: Բայց դա, ըստ էության, նշանակում է իր գինը բարձրացնել: Ամեն մի փոքրիկ զիջման դիմաց Ռուսաստանից պահանջում է շատ ավելի մեջ զիջումներ: Բացի կոնկրետ Ղարաբաղից կարող է պահանջել ռուսական շուկա` ադրբեջանական գազի ու նավթի համար: Բայց ամենամեծ դրույքը Ղարաբաղի վրա է դրված, և այս պահին կարող եմ ասել` մանրամասների քննարկումներ է ընթանում: Ինչպես օրինակ` Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներից քանիսը տալ Ադրբեջանին, ինչպիսի քաղաքական ռեժիմ հաստատել Ղարաբաղում... Ուորլիքի հայտարարության մեջ առկա ամեն մի կետի շուրջ Ադրբեջանը կարող է բանակցել և Ռուսաստանից կոնկրետ խոստումներ ստանալ:

Բայց Ռուսաստանը որքանո՞վ է ի զօրու` այդ պահանջները կատարել:

- Կարծում եմ` շատ մեծ հնարավորություններ ունի այդ պահանջները կատարելու: Մանավանդ` Մինսկի խմբի երկրները վերջերս հեռացել են Ղարաբաղյան խնդրի լուծումից` այդ ամենը հանձնելով Ռուսաստանի տնօրինությանը: Ռուսաստանն ունի Հայաստանի ղեկավարության վրա ազդելու հզոր լծակներ` վերջինից անհրաժեշտ համաձայնություն կորզելու համար:

Բայց հայտնի է, որ Մինսկի խմբից Ֆրանսիայի նախագահն առաջարկել է Ալիևի և Ս. Սարգսյանի հանդիպում կազմակերպել Փարիզում, ինչը ողջունել է ամերիկյան կողմը:

Այո, նույնիսկ կարծես կոնկրետ ժամկետներ էին նշվում այդ հանդիպման վերաբերյալ: Բայց այն չկայացավ: Ֆրանսիայի և ԱՄՆ-ի այդ քայլերը իրենց կարգավիճակը վերականգնելուն ուղղված ջանքեր էին: Ուկրաինական իրադարձություններից հետո բոլորը հասկացան, որ նման հարցը չի կարելի թողնել Ռուսաստանի հոգածությանը:

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Եվրաասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ակտիվացել են Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սերտացման, ընդհուպ հարևան երկրում վերջինիս ռազմակայան տեղադրելու մասին խոսակցությունները: ՆԱՏՕ-ի մուտքը Հարավային Կովկաս արդյո՞ք չի թուլացնի տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը` նպաստելով Ղարաբաղյան խնդրի հայանպաստ լուծմանը :

- Վստահեցնում եմ, որ մոտ ապագայում ՆԱՏՕ-ի ռազմակայան չի լինի Վրաստանում: Ակնհայտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները կխորանան քաղաքական առումով, ռազմական օգնության առումով: Բայց ռազմաբազա չի լինի, ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը չի կիրառվի: Բայց Եվրաասոցացման համաձայնագրի ստորագրումը ավելի է հեռացնում Ռուսաստանին այս տարածաշրջանից: Բնականաբար, ՌԴ-ն ներկայումս ավելի կատաղի է պայքարում իր դիրքերի համար: Կարծում եմ, որ նաև դրանով է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների հաճախակիացումը:

Վերջին շրջանում հաճախ ենք խոսում այն մասին, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր կայսրությունը: Բայց հաշվարկները ցույց են տալիս, որ նրան ավելի շահավետ է մոտ լինել Եվրոպային, քան հեռանալ նրանից: Եվրոպան տնտեսապես էլ կարող է նպաստել Ռուսաստանի զարգացմանը :

- Այո, Ռուսաստանին տնտեսապես ձեռնտու է Եվրոպային մոտենալը: Բայց Ռուսաստանն այլ խնդիր ունի. գնալով երկիրն աղքատանում է, ժողովրդի սոցիալական վիճակը վատանում է: Հին հռոմեական ասույթն ասում է` ժողովրդին հարկավոր է տալ հաց ու զվարճություն: Պուտինը ժողովրդին հացը, կարծես, չի հասցնում, իսկ զվարճությունը տվյալ դեպքում այն է, որ սովորական ռուսը պետք է իրեն հպարտ ու հզոր զգա: Դրա ամենապարզ արտահայտությունն այն է, որ Ռուսաստանը պետք է գնա տարածքային նվաճումների:

Պսեվդոհայրենասիրությո՞ւն:

- Հայրենասիրությունը կարող է երաշխիքներ ստեղծել Պուտինի կառավարման համար: Պուտինի խնդիրը Ռուսաստանի գոյության երկարաձգումը չի, այլ իր իշխանության երկարաձգումն է: Ռուսաստանի հաշվարկները այլ են. ենթադրվում է, որ նավթի գինը կաճի, և նա կարիք չի ունենա տնտեսությունը դիվերսիկացնելու, կարիք չի ունենա տեխնոլոգիաների: Պարզապես նավթ վաճառելով մուժիկին կապահովի անհրաժեշտ հացով ու զվարճությունով: Դրա համար էլ դիմում է տարածքների նվաճումների` մուժիկին հաղորդելով հպարտության զգացում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ