Գիտական աստիճաններ շնորհող պաշտպանական խորհուրդ


ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» և «Միջազգային հարաբերութ յուններ» մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող պաշտպանական խորհրդի անդրանիկ նիստը: Բացելով նիստը և ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հակիրճ ներկայացրեց ինստիտուտի ստեղծման պատմությունը, գործունեությունը և հեռանկարային անելիքները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարևորելով խորհրդի ստեղծումը ռազմական կրթության բնագավառում արհեստավարժ մասնագետների բացահայտման և գիտական աստիճաններ շնորհելու առումով, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք մաղթեց խորհրդի կազմին: Հայաստանի Հանրապետությունում քաղաքագիտական-անվտանգային ուսումնասիրությունների ոլորտում որակյալ ու կողմնորոշված մասնագետների պատրաստումը անհրաժեշտություն է: Պաշտպանական խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում հստակեցվեցին այդ խնդիրների ուղղությամբ համապատասխան անելիքները և դրանց իրագործման մեխանիզմները: Խորհրդի կազմում են ԳԱԱ անդամներ, պատմական ու քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների մասնագետներ, առաջատար գիտաշխատողներ: Ելույթ ունեցողները փաստեցին, որ խորհրդի աշխատանքներն էականորեն կնպաստեն մասնագետների պատրաստմանը և որակավորման բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կխթանի անվտանգության ոլորտում արդյունավետ ուսումնասիրությունների կատարմանը: