Ա`Յ ՔԵԶ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐ


 

1995-ից ի վեր մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձող Վիկտոր Դալլաքյանը, ում համարում էին ամենակայացած օրենսդիրներից մեկը, պարտվել է հարազատ Վանաձոր քաղաքում` իր տեղը զիջելով 31-ամյա անկուսակցական իրավաբան Էդմոն Մարուքյանին: Թե ո՞վ է Մարուքյանը և ինչո՞վ է նշանավորվել նրա գործունեությունը` դժվար է ասել, որովհետև այս երիտասարդը երբեք չի երևացել քաղաքական դաշտում: Բայց ահա նրա ստացած 12 հազարից ավելի ձայներն արդեն իսկ վկայությունն է, որ նա շատ նպատակային աշխատանք է կատարել պատգամավոր դառնալու համար:

Մեզ հետաքրքրեց մեկ այլ բան, որն առավել ուշագրավ էր. մի շարք վանաձորյան լրատվամիջոցներ անթաքույց հրճվանքով էին խոսում Վիկտոր Դալլաքյանի պարտության մասին` իրար հերթ չտալով: Նույն այս լրատվամիջոցները տարիներ շարունակ պտտվում էին Վիկտոր Դալլաքյանի հետևից, արձանագրում նրա ամեն մի քայլը, մարդկանց ստիպում գովասանական խոսքեր ասել պատգամավորի հասցեին: Ու հիմա, հաշվված րոպեների ընթացքում, նրանք փոխեցին իրենց տրամադրություններն ու դարձան նորընտիր պատգամավորի երկրպագուն: Զարմանալի է, իհարկե, բայց, ինչպես ասում են նույն վանաձորցիները, ամեն բան կպատահի: Ուրեմն, Վիկտոր Դալլաքյանն էլ պիտի «փիլիսոփայորեն» վերաբերվի կատարվածին ու մտածի նոր աշխատանք գտնելու մասին: Մանավանդ որ` իր հայրենակից Վահրամ Բաղդասարյանի պատգամավոր ընտրվելուց հետո` թափուր է մնում Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամի պաշտոնը…